YouTube-ը հայտարարել է մի քանի նոր գործառույթների մասին։ Մասնավորապես, սոցցանցը կատարելագործել է իր մեքենայական ուսուցման մոդելները, որոնք այժմ կարող են հայտանբերել սպամները և պատժել դրանց հեղինակներին: YouTube-ը հաստատել է, որ միայն 2022 թ․ առաջին կիսամյակում հեռացրել է 1,1 միլիարդ սպամ մեկնաբանություն:
Սոցհարթակը տեղեկացրել է, որ կատարելագործել է նաև բոտերի հայտնաբերման իր ավտոմատացված համակարգերը, որոնք կկիրառվեն ուղիղ եթերների տակ գեներացվող չատերում, որպեսզի կանխեն ցանկացած բացասական ազդեցություն:
YouTube-ի ամենակարևոր թարմացումներից է մեկնաբանությունների հեռացման, նախազգուշացումների և ուղիղ եթերների ժամանակ չատերում մեկնաբանելու հնարավորությունը ժամանակավոր դադարեցնելու նոր մեխանիզմի ներդրումը:
Ըստ այդմ՝ եթե որևէ օգտահաշվից արվել է վիրավորական մեկնաբանություն, որ խախտում է YouTube-ի համայնքային սկզբունքները (Community Guidelines), ապա նոր գործառույթի շնորհիվ տվյալ օգտատերը կտեղեկացվի այդ մասին ու կստանա նախազգուշացում։ Խախտման կրկնվելու դեպքում YouTube-ի մինչև 24 ժամով տվյալ օգտատիրոջը կզրկի մեկնաբանություններ գրելու հնարավորությունից։
Այս գործիքները ներկայումս կիրառվում են միայն անգլերեն մեկնաբանությունների վրա: Այնուամենայնիվ, YouTube-ը նախատեսում է առաջիկա ամիսներին ընդլայնել այս հնարավորությունները նաև այլ լեզուներով:
Ընկերության պաշտոնական TeamYouTube-ի թվիթերյան էջը տեղեկացրել է մեկ այլ նոր գործառույթի ներդրման մասին․ այսուհետ, երբ օգտատերերը SD, HD կամ 4K որակի տեսանյութեր ներբեռնեն, սոցցանցը նրանց կտեղեկացնի, թե որքան ժամանակ է մնացել ներբեռնման ավարտին։
Պլատֆորմը նաև վերջերս նաև հայտարարել էր, որ սկսելու է հավաստագրել բժիշկներին, բուժքույրերին և առողջապահության ոլորտի այլ մասնագետներին՝ փորձելով սահմանափակել առողջական խնդիրների վերաբերյալ YouTube-ում տարածվող ապատեղեկատվությունը։
YouTube-ը վերջերս գործարկել է նույնականացման նոր մեթոդ, որի շրջանակում յուրաքանչյուր օգտատեր ստացել է իր անվան յուրահատուկ նկարագրիչ՝ մականուն, որը երևում է հարթակում։ Ընդորում՝ այն երևում է ալիքի էջից սկսած, վերջացրած կարճ՝ Shorts տեսանյութերում: Օգտատերերը նկարագրիչի միջոցով հնարավորություն են ստացել ուրիշներին նշել մեկնաբանություններում, տեսանյութերի նկարագրություններում, վերնագրերում:






