Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին, որը Հայաստան է ժամանել Silicon Mountains 2024 գագաթնաժողովին մասնակցելու և Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը ստանալու համար, մեծ պատիվ է համարում այս մրցանակն ստանալն ու նախկին դափնեկիրների նշանավոր շարքին միանալը, որոնք նշանակալի ներդրում ունեն տեխնոլոգիական աշխարհում:
«Այս մրցանակն ընդգծում է նորարարության կենսական դերը առաջընթացի մեջ, և ես ոգևորված եմ Հայաստանի և համաշխարհային տեխնոլոգիական համայնքի միջև պոտենցիալ համագործակցության հնարավորություններով՝ շարունակելու առաջ մղել այդ ջանքերը»,- «Վիվա» ընկերության գլխամասային գրասենյակում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։
Նարայանա Մուրտին այնուհետև պատմեց, որ երբ 1981-ին հիմնեցին ընկերությունը, հասկացան, որ տեխնոլոգիական հսկայական փոխակերպում էր տեղի ունենում ԱՄՆ-ում։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ ԱՄՆ-ում տեխնոլոգիական երկու հեղափոխում էր տեղի ունենում։ Առաջինը մինի համակարգիչների ստեղծումն էր, իսկ երկրորդ առցանց գործարքների մշակումը։
Նա նշեց, որ հենց այդ ժամանակ հասկացան, որ այս տեխնոլոգիաները մեծ պահանջարկ կունենան առաջիկայում, իսկ ԱՄՆ-ում չկային անհրաժեշտ թվով որակավորված մասնագետներ։ Եվ իրենք սկսեցին օգտագործել Հնդկաստանում առկա կադրային ռեսուրսը։ Քանի որ ԱՄՆ-ն և Հնդկաստանը գտնվում են տարբեր ժամային գոտիներում, նրանք սկսեցին օգտագործել աշխատանքային օրվա ժամերը բոլոր երկրներում։ Օրինակ՝ երբ ԱՄՆ-ում ծրագրավորողն անում էր աշխատանքը, դրանից հետո այն շարունակում էր արդեն Հնդկաստանում գտնվող մասնագետը և այդպիսով կարողացան հասնել նրան, որ օգտագործվում էր օրվա մեծ մասը կամ օրն ամբողջությամբ։
«Օգտագործելով երկրագնդի պտտման ուղղությունը որպես հիմք և օգտագործելով յուրաքանչյուր երկրի ցերեկվա աշխատանքային ժամանակահատվածը մենք ստեղծեցինք ծրագրային ապահովման համատեղ բաշխված մշակման գործիքներն ու տեխնոլոգիան»,- ասաց նա։
«Վիվա» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն ասաց, որ «Վիվա»-ն մշտապես աջակցում է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը և 14 տարի շարունակ այս կարևոր նախաձեռնության կողքին է եղել։ «Հայաստանում տեխնոլոգիական ընկերությունների և ստարտափների թիվն ավելանում է ամեն օր, ինչը վկայում է երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներուժի մասին։ Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է արձանագրելու այդ ներուժը և վերանայելու ու վերաիմաստավորելու ապագայի մեր տեսլականը»,- ասաց նա։
Ասուլիսին ներկա ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանն իր հերթին ասաց, որ «իրականում մեծ պատասխանատվություն է Հայաստանի համար ունենալ պետական այսպիսի մրցանակ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որը շնորհվում է տաղանդավոր մարդկանց, որոնք աշխարհում գլոբալ մակարդակով փոփոխություններ են բերել բարձր տեխնոլոգիաների մեջ»։
Նրա խոսքով՝ Հայաստանը տեխնոլոգիապես ուժեղ երկիր ունենալու տեսլական ունի, որն արտացոլված է երկրի երկարաժամկետ ծրագրերի ու ռազմավարությունների մեջ։ «Նման անձանց այցը Հայաստան, ինչպիսին պարոն Մուրտին է, մեծ հնարավորություն է և հպարտություն: Ցավոք սրտի, նա կարճ ժամանակով է Հայաստանում, բայց օգտգործեք բոլոր հնարավորությունները՝ շփվելու տաղանդավոր մարդկանց հետ, որոնք օգտագործելով իրենց միտքը, գաղափարը, չկոտրվելով ճանապարհին, հասել են մեծ հաջողությունների ու բերել մեծ փոփոխություններ»,- ասաց փոխնախարարը:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ այս մրցանակը բացառիկ է ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի տեսանելիությունն ու հեղինակությունն է բարձրացնում ողջ աշխարհում, այլ նաև բացառիկ առիթ է տեխնոլոգիական աշխարհի հսկաներին և մեծ դերակատարում ունեցող անձանց հյուրընկալել Հայաստանում, որոնք իրենց իրենց այցի ընթացքում շփումներ են ունենում ուսանողների, գիտակրթական հանրության հետ։
«Այս մրցանակաբաշխությունն արդեն 14 տարեկան է։ Մենք ժամանակին, ըստ էության հանդգնեցինք գաղափար ունենալ, թե ինչպես անել, որ աշխարհի լեգենդներն ամեն տարի այցելեն Հայաստան։ Եվ, ըստ էության, պետական և մասնավոր հատվածի փայլուն օրինակ էր, որ մենք կարողացանք դա անել։ Հավատացեք, որ շատ քչերն էին հավատում, որ մենք այս գաղափարը կարող ենք իրականացնել»,- ասաց նա։






