SpaceX ընկերության Starlink կապի արբանյակներից մեկը, որը վերադարձել է Երկրի մթնոլորտ, այրվել է և մասերի բաժանվել դեպի հարավ շարժվելիս: Այն երևացել է ԱՄՆ չորս նահանգներից։
Օբյեկտը դիտել են տասնյակ ականատեսներ անցած շաբաթ երեկոյան։ Դրա մասին հաղորդումներն սկսվել են ստացվել նոյեմբերի 9-ին Կենտրոնական ստանդարտ ժամանակով ժամը 22:00-ից հետո (նոյեմբերի 10-ին Երևանի ժամանակով 08:00-ից հետո): Ամերիկյան երկնաքարերի միությունը գրանցել է 36 զանգ Կոլորադոյի, Կանզասի, Տեխասի և Օկլահոմայի բնակիչներից, որոնցից ամենաշատ հաղորդագրություններն ստացվել են Օկլահոմա Սիթիից և Դալլաս/Ֆորտ Ուորթ շրջանից:
Աստղագետներն ասել են, որ դա երկնաքար չի եղել, այլ SpaceX-ին պատկանող Starlink-4682 կապի արբանյակը, որը ուղեծիր է արձակվել 54 սարքերից բաղկացած խմբով Starlink 4-23 առաքելության շրջանակում 2022-ին:
Այժմ Երկրի ուղեծրում կա ավելի քան 7000 Starlink արբանյակ, և SpaceX-ը շաբաթական ավելացնում է դրանց համաստեղությունը։ Դրանք նորից մտնում են Երկրի մթնոլորտ ամեն օր, երբեմն՝ մի քանի անգամ: Կարծիք կա, որ դա կարող է վնասել մթնոլորտը, քանի որ այրվելիս այդ սարքերն արտանետում են ալյումինի օքսիդ, որը կարող է վնասել օզոնային շերտը և փոխել արևի լույսն արտացոլելու դրա ունակությունը, ինչի հետևանքները կարող են ի հայտ գալ առաջիկա տասը տարիներին։






