Ի՞նչ հնարավորություններ և մարտահրավերներ է պարունակում արհեստական բանականության ներդրումը ֆինանսական ոլորտում։ Այս հարցերի պատասխաններն էին փորձում վերհանել ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները AI Conf Armenia 2024-ի շրջանակում անցկացվող «Արհեստական բանականությունը ֆինանսներում» պանելային քննարկման ընթացքում։
Արհեստական բանականության ներդրումը անխուսափելի է․ Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը քննարկմանը նախորդող ճեպազրույցում ասում է՝ գնալով ավելի պարզ է դառնում արհեստական բանականության կարևորությունը ֆինանսական ոլորտի ապագայում․ «Կարող եմ ասել նույնիսկ, որ արհեստական բանականությունը բանկային ոլորտում շատ ավելի մեծ դեր է խաղալու, քան տնտեսության շատ այլ ճյուղերում։ Սա վերաբերում է թե՛ հաճախորդների սպասարկմանը, թե՛ ռիսկերի կառավարմանը, թե՛ արդյունավետությանը և թե՛ նորարար պրոդուկտների ներդրմանը»։
Արհեստական բանականության ներդրումը՝ հաճախորդների գոհունակության գրավական
Պանելային քննարկման ընթացքում հատկապես կարևորվեց հաճախորդների սպասարկման մեջ արհեստական բանականության ներդրումը։
Դավիթ Հովհաննիսյանն իր խոսքում առանձնացրեց դրա ներդման ընձեռած չորս կարևոր հնարավորություն։ Առաջինը, ըստ խոսնակի, սպասարկման որակն ու արագությունը բարելավելն է․
«Չաթբոտերը, որոնք Հայաստանում դեռ այնքան էլ զարգացած չեն, կարող են լուծել հաճախորդների պարզ խնդիրները՝ քարտի արգելափակում, հաշվի մնացորդի ստուգում։ Այս հարցումների դեպքում կարիք չի լինի սպասել օպերատորի պատասխանին կամ գնալ մասնաճյուղ, այլ գործողությունը կկատարվի արհեստական բանականությամբ աշխատող վիրտուալ օգնականի միջոցով։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ վիրտուալ օգնականի հետ աշխատելիս հաճախորդի բավարարվածությունն ավելի բարձր է լինում, քան աշխատակցի սպասարկման դեպքում»։
AXA, Erste Group centure և այլ ֆինանսական ու խորհրդատվական ընկերություններում աշխատանքի փորձ ունեցող մասնագետը նշում է նաև տվյալների մշակման միջոցով հաճախորդներին անհատականացված սպասարկում ապահովելու կարևորությունը։
«Հաճախորդների համար կարող են մշակվել անհատական ֆինանսական, բանկային կամ ներդրումային ծառայություններ ու հնարավորություններ։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման ծառայությունները շատ պահանջված են հաճախորդների շրջանում»։
Հովհաննիսյանն ընդգծում է նաև խարդախության կանխարգելման հնարավորությունը․
«Արհեստական բանականության գործիքների կիրառմամբ բանկերը կարող են ապահովել կասկածելի գործարքների արգելափակում իրական ժամանակում։ Այս մասով հաճախորդների համար էլ ավելի վստահելի կլինի իրենց ֆինանսները բանկում պահելը»։
Գործընթացների ավտոմատացումն Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրենի կարծիքով արհեստական բանականության ներդրման ընձեռած չորրորդ հնարավորությունն է․
«Ավտոմատացումը բանկերի համար կհանգեցնի ծախսերի կրճատման, ինչն էլ իր հերթին հաճախորդներին մատուցվող ծառայությունները կդարձնի առավել մատչելի»։
Բայց կան նաև մարտահրավերներ
Արհեստական բանականության ներդրումը, մյուս կողմից, բազմաթիվ մարտահրավերներ է ենթադրում, ինչը բարդացնում և դանդաղեցնում է դրա լայն տարածումը։
Մարտահրավերներից Դավիթ Հովհաննիսյանն առանձնացնում է տվյալների գաղտնիության պահպանման կարևորությունն ու դրանց հնարավոր արտահոսքը կանխելու անհրաժեշտությունը, ինչը կարող է մտահոգություն առաջացնել հաճախորդների շրջանում։
Հաջորդ մարտահրավերը, ըստ նրա, արհեստական բանականության հնարավոր կողմնակալության հաղթահարումն է․ «Շատ հաճախ արհեստական բանականության ալգորիթմներն արդեն իսկ առկա տվյալների վրա են հիմնված, և եթե այդ տվյալները կողմնակալ ինֆորմացիա են պարունակում, ապա ալգորիթմը նույնպես կարող է կողմնակալ ձևով աշխատել, ինչը կբերի ինչ-որ որոշումների, որոնք արդար չեն լինի հաճախորդների համար։ Օրինակ՝ ինչ-որ հաճախորդներ վարկ չեն ստանա սխալ որոշման պատճառով»։
Այլ հարցեր ևս կան՝ տեխնոլոգիաներից կախվածություն, մշակութային ռիսկեր և այլն, հավելում է Հովհաննիսյանը։
Ամերիաբանկի ներկայացուցիչն արհեստական բանականության ներդրման առաջնահերթ մարտահրավերից է համարում մեծ ներդրումների անհրաժեշտությունը․ «Տեխնոլոգիաների ներդրման համար բանկերն ու այլ ընկերությունները պետք է զարգացնեն իրենց ենթակառուցվածքներն ու մարդկային ռեսուրսը, ինչը մեծ ներդրումներ է պահանջում։ Բայց առանց դրա արհեստական բանկանությունը չի ստացվի արդյունավետորեն ներդնել։ Կա նաև համապատասխան մասնագետների՝ տվյալագետների, մեքենայական ուսուցման մասնագետների պակաս»։
Կարևոր մարտահրավեր է նաև բանկային ոլորտի պահպանողականությունը․
«Որպես երկիր՝ մենք պետք է ապահովենք, որ կարգավորող օրենքները համապատասխանեն տեխնոլոգիաների զարգացման ընթացքին»,- նշում է Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով՝ տեխնոլոգիաների ներդրմանը մեծ թափ կարող է հաղորդել ամպային տեխնոլոգիաների կիրառումը, որն այժմ հնարավոր չէ առկա սահմանափակումների պատճառով։
Արհեստական բանականությանը նվիրված Հայաստանի ամենամեծ համաժողովը
Արհեստական բանականության վերաբերյալ Հայաստանի ամենամեծ համաժողովը՝ Al Conf Armenia-ն, երրորդ տարին անընդմեջ մի հարկի տակ էր հավաքել ոլորտի մասնագետներին ու տեղեկատվական տեխնոլոգիաների ապագայով հետաքրքրվածներին։
Krisp-ի կողմից կազմակերպվող համաժողովի ընթացքում խոսնակները ներկայացրին արհեստական բանականության ոլորտի վերջին միտումներն ու հեռանկարները։
Կազմակերպիչները նշում են՝ համաժողովի նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որը խթանում է ուսումնառությունը, աճը և մտքերի փոխանակումը՝ օգնելով Հայաստանը դիրքավորել արհեստական բանականության առաջխաղացման համաշխարհային քարտեզին:
Ամերիաբանկը AI Conf Armenia 2024-ի ֆինթեք գործընկերն է։ Լինելով ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություններից մեկը՝ Ամերիաբանկը մշտապես կարևորում է AI Conf Armenia-ի նման միջոցառումների անցկացումը Հայաստանում։
«Շատ կարևոր է, որ միջոցառումներ գնալով ավելի հաճախ են կազմակերպվում։ Հասարակության ավելի լայն շերտեր են ներգրավվում, ինչը շատ լավ է, քանի որ պետք է և՛ հնարավորությունները քննարկենք, և՛ ռիսկերն ու մարտահրավերները, ու բոլորով գանք լուծումների»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հովհաննիսյանը։
Համաժողովի էքսպո հատվածում Ամերիաբանկը ներկայացրեց իր MyInvest-ը ներդրումային հարթակը։
MyInvest-ը հնարավորություն է տալիս օնլայն, առանց բանկ այցելելու րոպեների ընթացքում բացել բրոքերային հաշիվ և հայկական ու միջազգային արժեթղթերով կատարել գործարքներ։ MyInvest-ում արդեն հասանելի են 30-ից ավելի շուկաների 20000+ արժեթղթեր՝ այդ թվում AI-ի համաշխարհային հսկաների բաժնետոմսեր։
MyInvest ներդրումային հարթակի ներկայացումից զատ AI Conf Armenia-ի շրջանակում Ամերիաբանկը նաև ներդրումներով հետաքրքրվողներին իր փորձառու մասնագետների օգնությամբ տրամադրել է մասնագիտական բազմաբնույթ խորհրդատվություն, ինչպես նաև օգնել կողմնորոշվել առաջին պորտֆելը կազմելու հարցում։






