Երկրի բնակիչները բավականին հազվադեպ աստղագիտական երևույթի են ականատես եղել․ C/2023 A3 գիսաստղը (Tsuchinshan-ATLAS-ը), որը հայտնաբերվել է 2023-ի հունվարին չինական համանուն աստղադիտարանի կողմից, մոտենում է մեր մոլորակին։ Այն արդեն տեսանելի է անզեն աչքով, իսկ հեռադիտակով երևում մի քանի աստիճան երկարությամբ պոչ։ Այս մասին տեղեկացնում է Մոսկվայի պլանետարիումի թիմը։
Հոկտեմբերի 12-ին գիսաստղը առավելագույնս կմոտենա Երկրին։ Այս առթիվ պլանետարիումից ասել են․ «Պերիգեյից հետո, հոկտեմբերի կեսերին, պոչավոր հյուրը կհայտնվի մոլորակի ամբողջ հյուսիսային կիսագնդի երեկոյան երկնքում, ներառյալ Ռուսաստանը և հարևան երկրները՝ արձակելով թարմ փոշու պայծառ երկար պոչը, որը դուրս է մղվում արևի ջերմությունից տաքացած միջուկից»:

Հյուսիսային կիսագնդում տեսանելիության լավագույն պայմանները կսկսվեն հոկտեմբերի 12-ին և կտևեն 2-3 շաբաթ։ Գիսաստղը երեկոյան երկնքում տեսանելի կլինի մայրամուտից հետո (տեղական ժամանակով ժամը 18:30-ից) մոտ մեկ ժամ՝ արևմտյան հորիզոնից բարձր։ Այս պահին աստղագետները կանխատեսում են, որ նրա պայծառությունը կլինի -2 մագնիտուդի մոտ, այնպես որ գիսաստղը հնարավոր կլինի տեսնել նույնիսկ նավիգացիոն մթնշաղի պայծառ լույսի ներքո անզեն աչքով:
Պլանետարիումից նշել են, որ հոկտեմբերի վերջին գիսաստղը անտեսանելի կդառնա անզեն աչքի համար, հետևաբար այն տեսնելու համար նախ հեռադիտակ, ապա աստղադիտակ հարկավոր կլինի։
«Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ C/2023 A3 Zijinshan-ATLAS գիսաստղը կարող է դառնալ 2024- ի մեծ գիսաստղը»,- ասվում է պլանետարիումի տարածած հաղորդագրությունում:






