Հաջորդ տարի ԲՏԱ նախարարությունը հանրությանը կներկայացնի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը․ այն կդառնա այն կարևոր փաստաթուղթը, որ կորոշի ոլորտի քաղաքականությունը, այս մասին ԴիջիԹեք 2024 ցուցահանդեսի շրջանակում կազմակերպված «Նորարարություն, կրթություն, ազդեցություն. տեխնոլոգիական առաջնորդների երկակի դերը հասարակության մեջ» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ ՏՏ ոլորտում թռիչքային աճ ապահովելու կարևորագույն նախադրյալներից մեկն այն է, որ կառավարությունը պետք է հավատա, որ այդ ճանապարհով պետք է գնա, իսկ Հայաստանի կառավարության ներսում այդ ընկալումը, ըստ նրա, արդեն վաղուց կա։  

«Մենք 2025-ի մայիս-հունիս ամիսներին հանրության դատին կներկայացնենք բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որտեղ հստակ ակնկալում ենք, որ նախանշվելու են մեկ, երկու՝ առավելագույնը երեք այն ուղղությունները, որոնցում Հայաստանը ձգտելու է չեմպիոնության»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նկատի ունի ոչ թե միայն տարածաշրջանի, այլև աշխարհի մակարդակով։

Նախարարի խոսքով՝ այդ փաստաթուղթն այնուհետև կուղարկվի Ազգային ժողով, կամրագրվի օրենսդրորեն, որին կհաջորդի արդեն կիրառման փուլը։ «Այդտեղ մենք հստակ կհասկանանք, թե որոնք են լինելու ռազմավարական այն ուղղությունները, որտեղ մեծ ներդրումներ ենք կենտրոնացնելու»,- ասաց նա։

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ այսօր նախարարությունն այսօր մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են ՏՏ ոլորտի զարգացմանը, սակայն դրանք ընդհանրական բնույթ ունեն, դրանցում հստակ չեն ոլորտի համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղությունները։ «Սակայն դրանք կլինեն հաջորդ տարի, երբ վերջապես ունենանք ռազմավարությունը»,- ասաց նա։