Աստղագետների միջազգային թիմի նոր աշխատանքը նրանց սենսացիոն եզրակացության է հանգեցրել. գիտությունը մինչ այժմ փաստացի հիմնովին սխալ պատկերացում է ունեցել մութ նյութի բնույթի մասին: Մութ նյութի մոդելների մեծ մասը ենթադրում է, որ այն սովորական նյութի հետ փոխազդում է միայն ձգողականության սահմաններում: Մեր համաստեղությունից ոչ հեռու վեց ծայրահեղ կոմպակտ գաճաճ գալակտիկաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մութ նյութը նաև ինչ-որ այլ կերպ է ազդում է սովորական նյութի վրա։

Տիեզերքում անտեսանելի կարող է լինել նաև սովորական նյութը։ Մութ նյութի առանձնահատկությունն այն է, որ այն ոչ մի կերպ չի փոխազդում էլեկտրամագնիսական ճառագայթման հետ՝ այն չի կլանում, չի արտացոլում կամ ցրում այն։ Հետևաբար, մութ նյութը հնարավոր չէ հայտնաբերել երկրային գիտությանը հասանելի որևէ տիրույթում: Միայն մութ նյութի մեծ ամպերի ձգողականությունն է օգնում կասկածներ ունենալ տիեզերքում դրա առկայության մասին. այն բեկում է մոտակայքում անցնող լույսը, ինչպես ոսպնյակը:

Սակայն մութ նյութը տիեզերքի, գալակտիկաների և մնացած նյութական աշխարհի էվոլյուցիայի համար անհրաժեշտ է, ինչպես օդը մարդուն: Տիեզերքի վաղ շրջանում այն սկիզբ է դրել նյութի կենտրոնացմանը և նպաստել սկզբում աստղերի, ապա գալակտիկաների ձևավորմանը։ Մութ նյութը առկա է ամենուր, բայց դա չի դարձնում այն ​​հեշտությամբ հայտնաբերելի: Այնուամենայնիվ, այժմ հնարավորություն կա ավելի ուշադիր նայելու։ Նոր դիտարկումը ենթադրում է, որ մութ նյութը սովորական նյութի հետ փոխազդում է այլ կերպ, քան ձգողականությունը։

Գիտնականները մանրամասն ուսումնասիրել են Ծիր Կաթինի հարևանությամբ գտնվող վեց գերկոմպակտ գաճաճ գալակտիկաներ: Քանի որ այս գալակտիկաների զանգվածն ակնհայտորեն ավելի մեծ է, քան դրանցում հայտնաբերված աստղերի զանգվածը, դա ցույց է տալիս դրանցում մութ նյութի առկայությունը: Գաղափարն այն է, որ աստղերի դասավորությունը գալակտիկաներում կտարբերվի՝ կախված նրանից, թե նրանք մութ նյութի հետ փոխազդում են միայն ջգողականության միջոցով, թե նաև մեզ անհայտ որևէ այլ ձևով:

Եթե ​​մութ նյութն աստղերի վրա ազդեր բացառապես ձգողականության միջոցով, որոշ աստղեր կհավաքվեին գալակտիկաների կենտրոնում խիտ խմբով, իսկ ծայրամասում դրանք կլինեին ավելի սակավ: Այնուամենայնիվ, եթե մութ նյութը և սովորական նյութը լրացուցիչ ազդեցություն ունենային միմյանց վրա, աստղերն ավելի հավասարաչափ կբաշխվեին գալակտիկական սկավառակի վրա: Այս դեպքում ինչ-որ բան կարող է խանգարել նրանց ավելի մոտ կուտակվել կենտրոնին։ Իրական գալակտիկաների դիտարկումները ցույց են տվել, որ աստղերը հավասարաչափ են բաշխված գալակտիկաների վրա։ Այլ կերպ ասած, մութ նյութը սովորական նյութի վրա ազդում է ոչ միայն ձգողության ուժի միջոցով: