Ռուսաստանում պարտապանների հետ աշխատելիս կոլեկտորներն սկսել են օգտագործել արհեստական բանականության (ԱԲ) հնարավորությունները, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ABK կոլեկտորային գործակալության գլխավոր տնօրեն Մաքսիմ Կոլոսկովը։

«Արհեստական ​բանականությունը շատ կարևոր է, մենք այժմ շարունակում ենք ակտիվորեն զարգացնել այն. ռոբոտ-օպերատորը զանգահարում է հաճախորդներին, մենք նաև ունենք խոսքի վերլուծություն»,- ասել է Կոլոսկովը:

Նրա խոսքով՝ ԱԲ շնորհիվ հնարավոր է զրույցի ընթացքում օպերատորներին օգնել ավելի լավ կառուցել երկխոսությունն ու վերլուծել, թե ինչ էմոցիաներ է ապրում հաճախորդը կամ աշխատակիցը։

Կոլոսկովը նշել է, որ տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է վերահսկել խոսակցությունները, օրինակ, որ որոշ պահերի աշխատողը մեծ սթրեսի է ենթարկվում և չպետք է այդ պահին շփվի հաճախորդների հետ։ Կամ նրա կիրառած փաստարկները հաճախորդի մոտ բացասական արձագանք են առաջացնում, և ավելի լավ է հրաժարվել դրանցից։

Ըստ ABK-ի գործադիր տնօրենի՝ արհեստական ​​բանականության ներդրումը թանկ է, սակայն այն արդարացված է և շատ լավ արդյունք է տալիս, քանի որ դրա շնորհիվ հնարավոր է դարձել երկու անգամ բարելավել զանգերի կենտրոնի աշխատանքը։