Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը կարծում է, որ ԱՄՆ-ն երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
«Մենք երբեք չենք հասնի Մարս, եթե հաղթի Քամալան»,- գրել է Մասկը՝ իր դիրքորոշումը պարզաբանելով նրանով, որ ԱՄՆ-ում օրենքներն ու կանոնակարգերը Հարիսի օրոք ամեն տարի կվատթարանան, եթե պետական ոլորտում չկատարվեն զգալի բարեփոխումներ:
Նրա կարծիքով՝ դա տեղի կունենա այնքան ժամանակ, քանի դեռ «ամեն մեծ ջանք՝ մեր քաղաքների միջև արագընթաց երկաթուղու գործարկումից մինչև մի քանի մոլորակների վրա կյանքի ստեղծումը, արդյունավետորեն անօրինական կլինեն»։
«Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 8-ին, Մասկը հայտնել էր, որ Starship տիեզերանավը կկարողանա Մարս գնալ անօդաչու ռեժիմով երկու տարի անց։ Եթե վայրէջքը հաջող լինի, ապա չորս տարուց Մարս ուղևորափոխադրումներ կկատարվեն, նշել էր նա։ Ըստ Մասկի՝ թռիչքների հիմնական նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։
Starship-ի նախատիպն առաջին անգամ հաջողությամբ վայրէջք է կատարել Հնդկական օվկիանոսում՝ 2024-ի հունիսին իր չորրորդ փորձնական թռիչքի ժամանակ: Իսկ Super Heavy հրթիռի և Starship-ի հետ փորձարկումները շարունակվում են արդեն մի քանի տարի։ 2023-ին երկու արձակումներն ավարտվել են հրթիռի պայթյունով։
Չինաստանը նախատեսում է մարդկանց ուղարկել Մարս 2033 թվականին, մինչդեռ ամերիկյան NASA կորպորացիան նպատակ ունի դա անել մինչև 2030-ականների վերջը կամ 2040-ականների սկզբին:






