Հոկտեմբերի 1-6-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Գիտության շաբաթ գիտության փառատոնը, որի թեման է «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը»։ «Բա իմացա՞ր» հաղորդաշարի շրջանակում միջոցառման կազմակերպիչ «Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող Լիլիթ Մարգարյանն ասել է, որ միջոցառման նպատակն է նպաստել երկրում գիտության ոլորտի հանրահռչակմանը։

Գիտության շաբաթը բաղկացած կլինի երկու մասից։ Գլխավոր միջոցառումը տեղի կունենա Երևանի Ազատության հրապարակում և կտևի վեց օր։ Դրան զուգահեռ Հայաստանի ողջ տարածքում՝ մանկապարտեզներում, դպրոցներում կանցկացվեն ապակենտրոնացված միջոցառումներ։ Նպատակ կա այս միջոցառումներին ներգրավել նաև համալսարաններին։

Գլխավոր միջոցառումը

Ազատության հրապարակում անցկացվելիք միջոցառումը բաժանված է երեք թեմատիկ խմբի։ Առաջին երկու օրը թեման կլինի «Գիտությունն ամենուրեք է»։ Այս օրերին գիտական ինստիտուտները, գիտահենք ընկերությունները քննարկումների, գիտափորձերի, հարցուպատասխանի, խաղերի, ինստալյացիաների միջոցով կներկայացնեն, թե ինչ գործունեություն են ծավալում, ինչ պրոդուկտներ ունեն և ինչ խնդիրներ են դրանք լուծում, ովքեր են իրենց մոտ աշխատում և ինչ հնարավորություններ կան երիտասարդների համար։

«Գիտական գիտելիքը մեզ համար նորմ է, բայց այն եկել է գիտությունից։ Եթե նայում ենք մեր շրջապատին, ապա գրեթե ամեն ինչ գիտությունից է եկել։ Եվ եթե մենք ուզում ենք ապագայում խնդիրները լուծվեն կամ ինչ-որ հարցերի պատասխաններ ունենանք, ապա պետք է ունենանք մրցունակ գիտնականներ, գիտություն, որոնք շարունակելու են այդ զարգացման գործընթացը Հայաստանում»,- ասում է Լիլիթ Մարգարյանը՝ նշելով, որ ներկայացված են լինելու բոլոր մրցունակ գիտական ինստիտուտները, որոնք գործում են երկրում։

Երկրորդ բլոկը, որը տեղի կունենա հոկտեմբերի 3-4-ը և կոչվում է «Ապագա գիտնականներ», նպատակ ունի երիտասարդներին օգնել մասնագիտական կողմնորոշման հարցում։ Այս շարքի միջոցառումներին կմասնակցեն ՀՀ-ում գործող գիտական ինստիտուտները, համալսարանները, հիմնադրամները՝ ցույց տալով, թե ինչ ուղղություններով է աշխատում գիտությունը Հայաստանում, ինչ հնարավորություններ կան և այլն։

Երրորդ բլոկը, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-6-ը ամբողջությամբ նվիրված կլինի գիտաֆանտաստիկային և նպատակ ունի զարգացնել այս ոլորտը։ «Մենք տաղանդավոր երիտասարդներ ունենք, և նրանց համար պետք է հարթակներ ստեղծենք, որպեսզի իրենք իրենց միտքը զարգացնեն, իրենց ընկերների հետ հարաբերվեն, համայնքներ, հարթակներ ստեղծվեն, որտեղ նրանք կկարողանան գիտաֆանտաստիկայով զբաղվել և զարգանալ»,- ասաց նա։

Միջոցառման շրջանակում նաև գիտաֆանտաստիկայի ժանրի կարճ պատմվածքների, կոմիքսների մրցույթներ են հայտարարվել, որոնց գլխավոր հերոսները կլինեն գիտնականը կամ ճարտարագետ։ Լավագույն աշխատանքների հեղինակները մրցանակներ կստանան։

Լիլիթ Մարգարյանի խոսքով՝ միջոցառումները միայն երիտասարդների համար չեն, դրանք նախատեսված են նաև մեծերի համար։ Գիտության ու տեխնոլոգիաների դերն առհասարակ շատ մեծ է, և բոլորը պետք է հասկանան, որ եթե ցանկանում ենք ունենալ զարգացած երկիր, մրցունակ տնտեսություն, ապա պետք է ունենանք նաև մրցունակ գիտություն, այդ գիտական գիտելիքը ներմուծենք հասարակության մեջ։

Միջոցառումներ մանկապարտեզներում

Լիլիթ Մարգարյանի խոսքով՝ մանկապարտեզներում միջոցառումներ որոշել են անցկացնել, քանզի աշխարհ ճանաչելու գործընթացը երեխաների մոտ բավական ակտիվ է հենց այս տարիքում, ինչի ապացույցն է այն, որ հենց այս տարիքում են երեխաները տալիս զանազան հարցեր իրենց շրջապատող աշխարհի մասին։

«Մանկապարտեզներում կանցկացվեն խաղային միջոցառումներ, նկարազարդումներ։ Մշակվել է 15 միջոցառում, որոնց ժամանակ երեխաները խաղերի, փոքրիկ փորձերի, նկարազարդումների միջոցով կարող են տարբեր գիտակարգերի հետ առնչվել և տեսնել, թե ինչպես է աշխատում գիտությունը»,- նշեց նա։

Նախապատրաստական աշխատանքներ և գործընկերներ

Այս միջոցառման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են մոտ 1.5 տարի առաջ․ ուսումնասիրել են միջազգային փորձը, մշակել են հստակ մեթոդոլոգիա, ֆոկուս խմբեր են անցկացրել, կապի մեջ են եղել տարբեր գիտնականների հետ, մշակել են գիտության հանրահռչակման տարբեր ձևաչափեր և ներգրավել գործընկերների։ Հիմա արդեն ամփոփում են և ավարտում կազմակերպչական աշխատանքները։

Լիլիթ Մարգարյանը նշում է, որ միջոցառումը կազմակերպելու համար ունեն աջակիցներ, գործընկերներ և մասնակիցներ։ Կոնկրետ մասնակիցներից են գիտական ինստիտուտները, համալսարանները, գիտահենք ընկերությունները, կրթության բնագավառում մեծ ներդրումն ունեցած հիմնադրամներն ու կազմակերպությունները։

Ունեն նաև գործընկերներ, օրինակ՝ ԿԳՄՍ նախարարությունը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, Երևանի քաղաքապետարանը, Գիտությունների ազգային ակադեմիան, ինչպես նաև հովանավոր աջակից ընկերություններ՝ Team Telecom Armenia-ն, որը նաև «Բա իմացա՞ր»-ի՝ տեխնոլոգիական և գիտական ոլորտներին առնչվող հարցազրույցների շարքի գործընկերն է, Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, Ucraft-ը և այլն։ Միջոցառման գլխավոր հովանավորն է Fastex-ը։