Տիեզերական զբոսաշրջությունն արդեն դառնում է մեր կյանքի մի մասը՝ առաջարկելով մարդկանց, որոնք կարող են վճարել դրա համար, տպավորությունների լայն շրջանակ՝ արագ ենթաուղեծրային ուղևորություններից մինչև միջազգային տիեզերակայանում (ՄՏ) մի քանի ամիս մնալը: Քանի որ այս նոր ասպարեզը գլխավորում են մասնավոր ընկերությունները, ինչպիսիք են SpaceX-ը, Blue Origin-ը և Virgin Galactic-ը, դրա «արժեքի» շուրջ բանավեճերը չեն դադարում: Արդյո՞ք տիեզերական զբոսաշրջությունը մարդկությանը մոտեցնում է տիեզերքի նվաճմանը, թե՞ դա հերթական խաղահրապարակն է գերհարուստների համար:

Եկեք դիտարկենք այս նոր ասպարեզի դրական և բացասական կողմերը:

Տիեզերական տուրիզմի առավելությունները

  1. Հետազոտությունների և մշակումների խրախուսում

Ինչպես մատնանշում է Space.com-ը, չնայած տիեզերական զբոսաշրջությունը կարող է թվալ պարզապես թանկարժեք արկածախնդրություն, այն կարող է նաև դրական ազդեցություն ունենալ գիտության զարգացման վրա: Տիեզերական շատ զբոսաշրջիկներ մասնակցում են գիտա​​փորձերի, որոնք ուսումնասիրում են միկրոգրավիտացիայի ազդեցությունը մարդու առողջության, բույսերի աճի և նյութերի հատկությունների վրա։ Այս ուսումնասիրությունները արժեքավոր տվյալներ են տալիս, որոնք կարող են օգնել մարդկանց հասկանալ, թե ինչպես կարելի է ապրել Երկրի սահմաններից անդին։ 

  1. Տնտեսական ներդրումների խթանում

Տիեզերական զբոսաշրջության արդյունաբերությունն արդեն ներգրավել է հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ։ Այս ֆինանսական ներհոսքը նպաստում է նոր տեխնոլոգիաների, սարքավորումների և մեթոդների մշակմանը, խթանելով նորարարությունը և կարող է հանգեցնել տիեզերական հետազոտության այլ ոլորտներում առաջընթացի: Որքան շատ ներդրումներ կատարվեն տիեզերական նախաձեռնություններում, այնքան հավանականությունն ավելի մեծ կլինի, որ այդ ջանքերը օգուտ կբերեն տիեզերքում ավելի լայն, համատեղ նախաձեռնություններին:

  1. Բարձրացնել հանրային հետաքրքրությունը և իրազեկվածությունը

Տիեզերական զբոսաշրջությունը զգալի հանրային հետաքրքրություն է առաջացրել, հատկապես այդ առաքելություններին հայտնի մարդկանց մասնակցության ֆոնին, որոնցից է Ուիլյամ Շաթները: Լրատվամիջոցների այս մեծ ուշադրությունը մեծացնում է հանրային իրազեկվածությունը և ընդլայնում տիեզերքի հետախուզման վերաբերյալ քննարկումները, ինչն իր հերթին կարող է հանգեցնել տիեզերական ծրագրերի և նախաձեռնությունների ավելի մեծ աջակցության և ֆինանսավորման:

Տիեզերական զբոսաշրջության թերությունները

  1. Բացառիկություն և մատչելիություն

Այսօր տիեզերական զբոսաշրջության հիմնական թերություններից մեկը համարվում է դրա բացառիկությունը։ Տոմսերի գները տատանվում են մի քանի հարյուր հազարից մինչև տասնյակ միլիոնավոր դոլարներ, ուստի այդ ճանապարհորդությունը հասանելի է միայն գերհարուստներին: Դա կարող է տպավորություն ստեղծել, որ տիեզերքի ուսումնասիրությունը հարուստ մարդկանց խաղահրապարակ է: Դա կարող է հիասթափեցնել հանրությանը և ի չիք դարձնել տիեզերքն ուսումնասիրելու նրանց հույսերը:

  1. Կասկածելի ներդրում գիտական ​​առաջընթացում

Թեև որոշ տիեզերական զբոսաշրջիկներ փորձեր են անցկացրել, քննադատները պնդում են, որ այդ գործունեությունը չի տվել բեկումնային արդյունքներ, որոնց չէին կարող հասնել պրոֆեսիոնալ տիեզերագնացները: Սա նշանակում է, որ տիեզերական զբոսաշրջությունը, ըստ երևույթին, էական ներդրում չունի տիեզերագհնացների մասնակցությամբ թռիչքների կամ տիեզերքի մեր ըմբռնման մեջ:

  1. Սահմանափակ ազդեցություն ավելի լայն տիեզերական գործունեության վրա

Տիեզերական զբոսաշրջությունը շարունակում է մնալ նեղ մասնագիտացված բնագավառ՝ սահմանափակ կիրառությամբ: Հատուկ տիեզերական զբոսաշրջության համար մշակված տեխնոլոգիաները պարտադիր չէ, որ փոխանցելի լինեն տիեզերքին առնչվող այլ ոլորտներին, ինչպիսիք են արդյունաբերական կամ գիտական ​​կիրառությունները: Սա մտավախություն է առաջացնում, որ ժամանակը, փողը և ռեսուրսները կարող են մսխվել մի ձեռնարկի վրա, որն ավելի լայն օգուտներ չի բերի:

Այսպիսով…

Տիեզերական զբոսաշրջությունը դեռ սկզբնական փուլում է, և առջևում մեզ են սպասում բազմաթիվ մարտահրավերներ: Ասպարեզը մնում է փոքր. ընդամենը մոտ 60 մարդ է ճանապարհորդել տիեզերք որպես զբոսաշրջիկ, հիմնականում կարճատեւ ենթաուղեծրային թռիչքներով: Ամեն տարի ընդամենը մի քանի տիեզերական զբոսաշրջային թռիչքով այս նեղ մասնագիտացված շուկայի զարգացումը մշուշոտ է թվում:

Մարդկանց մեծամասնության համար տիեզերական զբոսաշրջիկ դառնալու երազանքը կարող է երազանք էլ մնալ: Տիեզերական զբոսաշրջությունը դժվար թե հեղափոխություն իրականացնի մարդու կողմից տիեզերական հետազոտության ասպարեզում կամ հանգեցնի զգալի տեխնոլոգիական առաջընթացի: Սակայն, նրանց համար, որոնք ունեն միջոցներ և հնարավորություն, տիեզերք թռչելը կարող է իսկապես յուրահատուկ փորձառություն լինել: