ԱՄՆ-ում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հուլիսին ավելի քիչ է աճել, քան սպասվում էր, մինչդեռ ծառայությունների գները ամենաշատն են նվազել վերջին գրեթե 1-1,5 տարվա ընթացքում՝ երկրում ընդհանուր գների նվազման ֆոնին։ Սա վկայում է գնաճային ճնշման նվազման մասին, ինչը ամրապնդել է այն սպասումները, որ հաջորդ ամիս վերաֆինանսավորման տոկոսադրույքը կնվազի։ Վերջնական սպառման պայմաններում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հուլիսին աճել է 0,1 տոկոսով, մինչդեռ տնտեսագետները 0,2% աճ էին կանխատեսել, ինչպես նախորդ՝ հունիս ամսին էր։ Այս տարվա հուլիսին՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել է 2.2%–ով, մինչդեռ հունիսին այս ցուցանիշը 2.7% էր։ Ծառայությունների գները հուլիսին հունիսի համեմատ նվազել են 0.2%–ով, մինչդեռ հունիսին աճել էին 0.4%–ով։ 


Երեքշաբթի ԱՄՆ Աշխատանքի հարցերով դեպարտամենտի զեկույցում բարենպաստ միտումներ են գրանցվել նաև անձնական սպառողական ծախսերի (PCE) դեպքում, որոնք Դաշնային պահուստային համակարգի կողմից դրամավարկային քաղաքականության շրջանակում գնաճի վրա ազդող հիմնական ցուցանիշներից են: Գնաճի մեղմացումը ԱՄՆ Կենտրոնական բանկին թույլ կտա ավելի շատ կենտրոնանալ աշխատաշուկայի վրա։ Հուլիսին գործազրկության մակարդակի աճը վերջին երեք տարիների ամենաբարձր է եղել՝ 4,3%, ինչը ֆինանսական շուկաներում ռեցեսիայի մտավախություններ առաջացրեց, չնայած տնտեսագետների մեծ մասը դա չէին հաստատում։ 

Միաժամանակ տնտեսագետների կարծիքով՝ արդյունաբերական արտադրանքի գների աճի սառեցումը թեեւ լավ նորություն է Դաշնային պահուստային համակարգի համար գնաճի դեմ պայքարի տեսանկյունից, այնուամենայնիվ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի գնանկում չկա, հետեւաբար նրանք պահուստային համակարգի պաշտոնյաներին խորհուրդ են տալիս չշտապել եւ այնուամենայնիվ նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ տնտեսության անկումը կասեցնելու համար։ Զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է։ Իսկ Ուոլ Սթրիթն այս զեկույցից հետո երեքշաբթի փակվել է աճով՝ հասնելով երկշաբաթյա առավելագույնին։ Պատճառն ըստ մասնագետների այն է, որ արդյունաբերական արտադրանքի գների մասին տվյալները ցույց են տալիս, որ Դաշնային պահուստային համակարգը հաջողությամբ կարողացել է զսպել գնաճը, եւ սեպտեմբերին կգնա վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման։


2024 թվականի 1-ին եռամսյակից սկսած՝ Ուորեն Բաֆեթը էապես նվազեցրել է Apple-ի իր բաժնեմասը։ Վերջին երկու եռամսյակների ընթացքում նրա Berkshire Hathaway-ը վաճառել է iPhone-ի արտադրող ընկերության մոտավորապես 510 միլիոն բաժնետոմսեր, որը Apple-ի՝ նրան պատկանող բաժնետոմսերի 56%–ն էր կազմում։ Այս քանակի բաժնետոմսերի անսպասելի վաճառքը առաջացրել է ենթադրություններ, որ Բաֆեթի լավատեսությունը Apple-ի բաժնետոմսերի նկատմամբ նվազել է։ Հարկ է նշել, որ Berkshire-ի պորտֆելի խոշորագույն՝ 41%-ը, դեռեւս կազմում են Apple-ի բաժնետոմսերը։ Բաֆեթը չի մեկնաբանում, թե ինչու է հրաժարվել Apple-ի բաժնետոմսերի այդքան մեծ մասից, և հայտնի չէ, թե արդյոք ապագայում նա կշարունակի պահպանել իր ազդեցիկ դիրքը դեռևս աշխարհի ամենաթանկ ձեռնարկությունը համարվող Apple-ում։


Starbucks-ի բաժնետոմսերը օգոստոսի 13–ին կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ սուրճի հսկան հայտարարեց, որ իր գործադիր տնօրեն Լաքսման Նարասիմհանին այդ պաշտոնում փոխարինելու է Chipotle-ի գործադիր տնօրեն Բրայան Նիքոլը։ 

Նարասիմհանին Starbucks–ն այդ պաշտոնին էր նշանակվել 2023 թվականի մարտին ՝ հույսով, որ վերջինը կօգնի կրկին ոտքի կանգնեցնել ընկերությունը, որի պահանջարկը գնալով ընկնում էր ԱՄՆ և Չինաստանի շուկաներում: Այնուամենայնիվ, Starbucks-ի բաժնետոմսերը շարունակում էին նվազել, այս ընթացքում ընկերությունը կորցրեց իր արժեքի գրեթե մեկ քառորդը։ Նիքոլը Chipotle-ի ղեկավարումը ստանձնել էր 2018-ին, ինչից հետո ընկերության տարեկան արտադրանքի վաճառքը կտրուկ աճել էր, բաժնետոմսերը՝ եռակի բարձրացել։ 

Երեքշաբթի, երբ Starbucks-ի ղեկավարները հայտարարեցին այս փոփոխության մասին, ընկերության բաժնետոմսերը բարձրացան միանգամից 24,5%-ով`  ընկերության շուկայական արժեքը ավելացնելով մոտ 22 մլրդ դոլարով։ Chipotle-ի ներդրողներն, ընդհակառակ, այս փոփոխությունից այնքան էլ ոգևորված չէին: Ընկերության բաժնետոմսերը նվազեցին 7,5%-ով` ընկերության շուկայական արժեքը կրճատելով մոտ 5 մլրդ դոլարով:


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։