Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Այ Սի Սի հայաստանյան ազգային կոմիտեի (ICC NCA) հետ: Այս համագործակցությունը նպատակ ունի աջակցելու 2024-ի Նորարարության և Տեխնոլոգիաների Համաշխարհային Կոնգրեսի (WCIT2024/DigiTec) կազմակերպման աշխատանքներին և նպաստելու միջազգային մասնակցայնության բարձրացմանը։

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Այ Սի Սի հայաստանյան ազգային կոմիտեի Գլխավոր քարտուղար Րաֆֆի Սեմերջյանը։

Հուշագրի շնորհիվ կմիավորվեն երկու կառույցների ջանքերը՝ միջազգային բիզնես և գործընկերային ցանցերը մեկտեղելու միջոցով՝ ի նպաստ WCIT2024/DigiTec-ի կազմակերպչական աշխատանքների:

«Այ Սի Սի Հայաստանի ազգային կոմիտեն հսկայական աշխատանք է կատարում ոլորտում, և մենք շատ ուրախ ենք, որ ունենք բացառիկ հնարավորություն համագործակցելու՝ WCIT2024/DigiTec-ի բարձր մակարդակով անցկացման համար»,- ասել է WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։

WCIT2024/DigiTec-ը կանցկացվի 2024-ի հոկտեմբերի 4-7-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական Բանականությունը Սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:

«Ուրախ եմ մեր հարկի տակ հյուրընկալել Նորարարության և Տեխնոլոգիաների Համաշխարհային կոնգրեսի թիմին։ Թեև մեր գործունեության ոլորտները տարբեր են՝ այնուամենայնիվ, տեխնոլոգիները միավորում են մեզ։ Այս հուշագրով մենք հանձն ենք առնում աջակցել WCIT2024/DigiTec-ին՝ աշխարհին ցուցադրելու հայկական մտքի բացառիկ ուժն ու անսահման հնարավորությունները»,- ասել է Րաֆֆի Սեմերջյանը, Այ Սի Սի  հայաստանյան ազգային կոմիտեի Գլխավոր քարտուղարը։

Չորս օրերի ընթացքում, WCIT2024/DigiTec-ը Հայաստանը կդարձնի տեխնոլոգիական մտքի կենտրոն՝ դառնալով հարթակ ոլորտի առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: Համաժողովը կհյուրընկալի նաև ստարտափների մրցույթ WITSA World Cup-ը, նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:

«Ուրախ եմ արձանագրել, որ Նորարարության և Տեխնոլոգիաների Համաշխարհային Կոնգրեսն այնպիսի համբավ և ճանաչում է ձեռք բերել, որ այսօր արդեն Այ Սի Սի Հայաստանի ազգային կոմիտեի հետ համագործակցության հուշագիր ենք ստորագրում։ Վստահ եմ, որ գործուն քայլերի շնորհիվ հաջողելու ենք այս աշնանը աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել հայաստանյան տեխնոլոգիական իրադարձության վրա»,- ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն, Սարգիս Կարապետյանը

WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի`

  • ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, իրազեկելու նորարարարությունների ու ԱԲ վերջին զարգացումների շուրջ,
  • Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում և դիրքավորելու որպես նոր տեխնոլոգիական հաբ տարածաշրջանի համար,
  • խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում և տնտեսություններում,
  • ներկայացնելու հայաստանյան, և ոչ միայն, տեխնոլոգիական ներուժը ԴիջիԹեք էքսպոյի շրջանակներում, որը հանդիսանալու է հիմնական էքսպո հարթակը WCIT2024/DigiTec համար։

Համաժողովի օրակարգը ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցներ՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին:

***

WCIT/DigTec-ի մասին. Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:

ԱՏՁՄ-ի մասին․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտի ավելի քան 160 տեղական և միջազգային ընկերություններ։ ԱՏՁՄ-ն նվիրված է արդյունաբերության աճին թիրախային նախագծերի միջոցով՝ հիմնադրել համապարփակ տեխնոլոգիական կրթություն Հայաստանում («Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ), դյուրացնել մուտքը համաշխարհային շուկա և փորձի փոխանակում կազմակերպված պատվիրակությունների միջոցով։

Բացի այդ, ԱՏՁՄ-ն զգալի ազդեցություն ունի նաև իրավական դաշտի վրա՝ քաղաքականության մշակման և կառավարության հետ համագործակցության միջոցով՝ խթանելով մրցակցային, բայց համագործակցային բիզնես միջավայրը։ ԱՏՁՄ-ն հայտնի է խոշոր միջոցառումների կազմակերպմամբ, որոնք ընդգծում են հայկական տեխնոլոգիական առաջընթացը։ Հատկանշական է WCIT 2019-ի հյուրընկալումը, գալիք WCIT 2024-ը և ամենամյա DigiTec Expo-ն, որն անցկացվում է արդեն մոտ 20 տարի՝ ցուցադրելով նորարարություններն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային լսարանին։ Այս ջանքերի շնորհիվ ԱՏՁՄ-ն շարունակում է բարձրացնել Հայաստանի ներկայությունը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում։

Այ Սի Սի հայաստանյան ազգային կոմիտեն` Այ Սի Սի-ի գլխամասը գտնվում է  Փարիզում, որը հիմնադրվել է դեռևս 1919 թ.-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ նպատակ ունենալով տարածել խաղաղություն և ներդաշնակ համագործակցություն բիզնեսների միջև՝ անկախ քաղաքական և միջպետական խնդիրներից: Այ Սի Սի հայաստանյան ազգային կոմիտեն հիմնադրվել է 2018 թ.-ին Երևանում: Այն այս պահին կազմված է Գործադիր Խորհրդից և 9 ակտիվ հանձնաժողողվներից՝ ներառելով իր մեջ գրեթե բոլոր բնագավառները, օրինակ՝ Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման, Ֆինանսաբանկային, Մտավոր սեփականության, Ձեռներեցության և ՓՄՁ, Առևտրի և ներդրումային, Մարքեթինգի և գովազդի, Էներգիայի և շրջակա միջավայրի, Կորպորատիվ կենսակայունության և Թվային տնտեսության հանձնաժողովները։ Դրանք ակտիվ են և՛ տեղական, և՛ միջազգային մակարդակով՝ պարբերաբար կազմակերպելով կոնֆերանսներ, միջոցառումներ և մասնակցելով միջազգային Այ Սի Սի-ի կողմից կազմակերպվող գրանտներին։