ԱՄՆ-ն Հայաստանի համար առանցքային գործընկեր է ժողովրդավարության ամրապնդման և Հայաստանի թվային վերափոխման օրակարգի իրականացման գործում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Հանրային ծառայությունների թվայնացումը միայն տեխնիկական վերազինում չէ մեզ համար, այն հիմնարար վերափոխում է, որն ուղղված է հանրային ինստիտուտների նկատմամբ մեր քաղաքացիների վստահության ամրապնդմանը, ինչը ժողովրդավարության հիմնաքարերից է: Մեր նպատակն է ծառայությունները դարձնել ավելի հասանելի, թափանցիկ և արդյունավետ:
Թվային վերափոխման այս ճանապարհին մենք խորապես կարևորում ենք ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ունեցած ներդրումը: Բարձր ենք գնահատում հատկապես ծառայությունների օպտիմալացման, կիբեռանվտանգության, ամպային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքները»,- ասաց նա:
Հայրապետյանի խոսքով՝ ունենալու ենք ամբողջությամբ թվայնացված նոր ծառայություններ, որոնք հասանելի կլինեն քաղաքացիների համար ծառայությունների մատուցման ազգային հարթակում:
«Բարձր տեխնոլոգիաների թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր են ներդրումներ կատարել հուսալի թվային ենթակառուցվածքներում՝ դարձնելով Հայաստանն ավելի դիմակայուն կիբեռհանցագործությունների նկատմամբ»,- շեշտեց նախարարը:






