Այսօր, հունիսի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում էին Երևանի տարբեր դպրոցների ֆիզիկայի ուսուցիչները։ Նրանք եկել էին գիտնականների հետ քննարկելու, թե ինչպես փոխել հանրության վերաբերմունքը դեպի ֆիզիկա, դեպի գիտությունն ընդհանրապես, ինչպես այդ առարկան դարձնել երեխաների համար ավելի հետաքրքիր ու գրավիչ, ինչպես բացատրել այս առարկայի դերը ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման գործում։
«Ազգերի մրցակցությունը 21-րդ դարում մեծապես ձևավորվել է գիտատեխնիկական ոլորտում: Տեխնոլոգիաներ ասելով, անշուշտ պետք չէ հասկանալ միայն ինժեներիա, միայն ճշգրիտ գիտությունները: Ամեն ինչն է տեխնոլոգիա. բանակի կառավարումը, անգամ ուղեղների լվացումը, ինչին մենք ականատես ենք ամեն օր և ամենուր: Խոսքը ամեն տիպի տեխնոլոգիաների մասին է: Պետք է գիտակցել, որ այդ առումով բնական գիտություններն ունեն առաջնային դեր։ Ակնհայտաբար մեր երկրի թուլացումը ոչ միայն պայմանավորված է բնական գիտությունների ոլորտի թուլացումով։ Դա նաև երկրի թուլացման ցուցիչներից մեկն է։ Երբ ուզում են երկիրը դարձնել երրորդ կարգի երկիր, առաջին հերթին հարվածում են հենց գիտության ոլորտին: Ես ուզում եմ ասել, որ մենք խնդիր ունենք դիմակայելու դրան: Մեր ազգային դիմադրողականությունը շատ խիստ ընկել է, խնդիր ունենք դիմակայելու, և այդտեղ բացառիկ բարձր է ուսուցչի դերը», – դիմելով ֆիզիկայի ուսուցիչներին ասաց ակադեմիկոս–քարտուղար Արթուր Իշխանյանը։
NEWS.am Tech-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ գիտության հանրամատչելիացման և տարածման նպատակով Ակադեմիայի նախագահության կազմում ձևավորվել է հատուկ բաժին։ Եվ այսօր կայացել է այդ բաժնի կազմակերպած առաջին հանդիպումը «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով։
«Ես բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ ազգերի մրցակցությունը 21-րդ դարում տեղափոխվել է գիտատեխնոլոգիական ոլորտ: Ցավոք սրտի, մեր երկիրը վերջին տասնամյակներում տկարացել է՝ թուլացնելով իր դիրքերը միջազգային մակարդակով և անհրաժեշտություն կա շտկելու իրավիճակը», – ասաց նա։
Իշխանյանը նշեց, որ այսօր Հայաստանում բնագիտական ոլորտի ֆակուլտետները մշտապես չեն հավաքում համապատասխան քանակությամբ ուսանողներ, տարբեր գյուղական դպրոցներում կա ուսուցիչների պակաս: Այդ խնդիրներին լուծում տալու համար ստեղծվել է այս բաժինը, որի խնդիրներից մեկը ուսուցիչների հետ աշխատանքն է, նրանց ծանոթացնելը առաջնագծային հետազոտություններին:
«Ես պատկերավոր միշտ կրկնում եմ Բիսմարկի այն բառերը, որ ֆրանս–պրուսական պատերազմում հաղթեց ոչ թե գերմանացի զինվորը, այլ գերմանացի ուսուցիչը: Այսօր գիտատեխնոլոգիական խնդիրների գերակայության հարցում հանրության մեջ այդ գաղափարի տարածման տեսակետից առաջնային է ուսուցչի դերը: Ես անգամ իմ խոսքում համեմատեցի նրանց առաքյալների հետ, որոնք գիտության լույսի տարածումը պետք է դարձնեն հանրային գործունեության մի մաս:
Իրականացվելու է ուսուցիչների վերապատրաստում, նրանց ծանոթացում առաջնագծային հետազոտություններին, որոնք իրականացնում են ԳԱԱ ֆիզիկայի ոլորտի ինստիտուտներում։ Երկրորդ՝ բնականաբար, ծրագրվում է մասնակցել հանրակրթական ծրագրերի մշակման պրոցեսներին համապատասխան առաջարկների փաթեթներ ձևավորելու համար։ Կստեղծվի նաև առցանց հարթակ՝ այս խնդիրները քննարկելու համար: Աշխատանքները սկսված են, տեսնենք, ինչ արդյունքների կբերեն դրանք», – ասաց Արթուր Իշխանյանը։
Նա նշեց, որ գիտաժողովը կտևի չորս օր, այսօր մասնակիցները կայցելեն ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ (Աշտարակ): Վաղը շրջայց է լինելու Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիաներում՝ դասախոսություններ, քննարկումներ, կլոր սեղան գիտնականների հետ: Հաջորդ օրը ուսուցիչները կայցելեն Բյուրականի աստղադիտարան, վերջին օրը՝ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ:
«Այս ֆորմատով առաջին հանդիպումն է: Կարծում եմ, որ նման հանդիպումներ տեղի կունենան նաև այլ բաժանմունքներում: Ակադեմիան ունի հինգ բաժանմունք՝ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, բնական գիտությունների, երկրի մասին գիտությունների և քիմիայի, և հումանիտար գիտությունների բաժանմունք: Կարծում եմ, որ նախաձեռնությունը կտարածվի բոլոր բաժանմունքների վրա», – նշեց ակադեմիկոս–քարտուղարը։






