Տեխնոլոգիական մշակումների ամենամեծ ցուցահանդեսին՝ CES-ին (Consumer Electronics Show), որն այս տարի տեղի կունենա հունվարի 9-ից 11-ը Լաս Վեգասում, կմասնակցի ավելի քան 4000 ընկերություն աշխարհի ավելի քան 150 երկրից և տարածաշրջանից։ Միջոցառման ընթացքում, ինչպես նաև դրան ընդառաջ, շատ հայտնի ընկերություններ կներկայացնեն իրենց նոր արտադրանքը: Ցուցահանդեսի հիմնական թեման կլինի արհեստական բանականությունը (ԱԲ):
Ըստ Սպառողական տեխնոլոգիաների ասոցիացիայի (CTA) նախագահ և գործադիր տնօրեն, CES-ի կազմակերպիչ Գարի Շապիրոյի՝ այս տարի ցուցահանդեսն ընդգծում է տեխնոլոգիայի կարևոր դերը մարդկային կյանքի բոլոր ոլորտների բարելավման գործում:
ԱԲ-ը և ապագան
2023-ին ԱԲ ոլորտի իսկապես շատ նորարարական լուծումներ ներկայացվեցին մեր ուշադրությանը, և մինչև տարեվերջ այս ոլորտում հետաքրքրությունը զգալիորեն աճել էր: Թերևս, զարմանալի չէ, որ ԱԲ-ին մեծ ուշադրություն է դարձվում CES 2024-ին:
Այս տարվա ցուցահանդեսին առաջին անգամ ԱԲ-ն կունենա իր հատուկ ցուցահանդեսային տարածքը, որտեղ այցելուները կարող են ուսումնասիրել, թե ինչպես է ԱԲ-ն այսօր օգտագործվում գյուղատնտեսության, բժշկության, արդյունաբերության և շատ այլ ոլորտներում:
ԱԲ-ն արդեն սկսել է ակտիվորեն օգտագործվել՝ հեշտացնելու համար մեքենավարման հետ կապված առաջադրանքները` թե՛ ավտոմոբիլային արդյունաբերության մեջ, թե՛ ավիացիոն ոլորտում և թե՛ նույնիսկ տիեզերքում: ԱԲ-ն նաև սկսել է մեծ դեր խաղալ այսպես կոչված «խելացի քաղաքների» զարգացման գործում:
Ցուցահանդեսի ընթացքում ամեն օր կլինեն մամուլի ասուլիսներ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Կլինեն նաև զեկույցներ չիպերի (միկրոսխեմաների) և միկրոպրոցեսորների էվոլյուցիայի, տվյալների կենտրոնների էվոլյուցիայի մասին և շատ ավելին: Նախատեսվում է նաև քննարկել ԱԲ-ի հետ աշխատանքի էթիկական ասպեկտները:
Միջոցառման ծրագրի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ կարելի է գտնել պաշտոնական կայքում:






