Mojang Studios ընկերությունը հայտարարել է, որ Minecraft տեսախաղը վաճառվել է 300 միլիոն օրինակով, ինչն այն դարձնում է աշխարհում ամենաշատը վաճառվածը, այս մասին հայտնում է WindowsCentral պորտալը։
Ըստ Mojang Studios-ի տվյալների՝ տեսախաղի վաճառքը տարբեր հարթակներում հատել է 300 միլիոնի շեմը, ինչը 115 միլիոնով ավելի է այս տեսախաղի ամենամոտ մրցակցի՝ Grand Theft Auto V-ի վաճառքի ցուցանիշից:
Վերջին երկուսուկես տարվա ընթացքում Minecraft-ի վաճառքն աճել է 26%-ով։ 2021-ի ապրիլին Mojang Studios-ը հայտարարել էր, որ խաղն այդ ժամանակ արդեն վաճառվել էր 238 միլիոն օրինակով։ Եվ փաստացի դրանից հետո վաճառվել է տեսախաղի ևս 62 միլիոն օրինակ։
Հաջորդ տարի Minecraft-ը կդառնա 15 տարեկան։ Mojang Studios-ը նախատեսում է 2024-ի ընթացքում տարբեր միջոցառումներ անցկացնել, ինչպես նաև մի քանի թարմացումներ թողարկել տեսախաղի 15-ամյա տարեդարձը նշելու համար:
Minecraft-ը Sandbox ժանրի համակարգչային խաղ է, որն ստեղծել է շվեդ ծրագրավորող Մարկուս Պերսոնը։ Խաղը թողարկել է նրա Mojang AB ստուդիան 2009-ին։ Հինգ տարի անց Microsoft-ը 2,5 միլիարդ դոլարով ձեռք բերեց Minecraft-ի իրավունքները, ինչպես նաև Mojang AB ստուդիան: Խաղը թողարկվել է տարբեր հարթակներում և մի քանի սերունդների խաղային կոնսոլներում:






