Forbes-ը ներկայացրել է ԱԲ 14 գործիք, որոնք պետք է փորձել հենց հիմա. դրանցից 2-ը մշակել են հայ մասնագետները

3 մարտի, 2023  18:05

Forbes ամսագիրը հրապարակել է արհեստական բանականության (ԱԲ) 14 լավագույն գործիքների ցանկը, որոնք յուրաքանչյուր մարդ պետք է փորձի հենց հիմա: Դրանցից երկուսը՝ Krisp-ը և Podcastle-ը, մշակել են հայ մասնագետները։

ChatGPT

Հենց ChatGPT-ի շնորհիվ է, որ ԱԲ-ն այսօր այդքան մեծ ուշադրություն է գրավում: ChatGPT-ն երկխոսության ինտերֆեյս է խոշոր OpenAI GPT-3 լեզվական մոդելի համար, որը կարող է տեքստը վերարտադրել ցանկացած ձևով, ներառյալ արձակը, պոեզիան և նույնիսկ համակարգչային կոդավորման լեզուն։

Dall-E 2

Dall-E 2-ը OpenAI-ի մեկ այլ նախագիծ է, որը կարող է ստեղծել պատկերներ՝ հիմնվելով տեքստային հուշումների վրա:

Stable Diffusion 2

Stable Diffusion 2-ը ԱԲ-ի մեկ այլ հավելված է տեքստից պատկեր ստեղծելու համար: Ի տարբերություն Dall-E 2-ի, դրա սկզբնական կոդը հանրային տիրույթում է, և հավելվածը կարելի է ներբեռնել և տեղադրել ձեր համակարգչում (մինչդեռ OpenAI հավելվածները կարող են օգտագործվել միայն իրենց ամպային պորտալի միջոցով):

Lumen5

Lumen5-ը կրթական, մարկետինգային կամ գործնական վիդեո բովանդակություն ստեղծելու գործիք է պարզ՝ «քաշելու և թողնելու» (drag-and-drop) ինտերֆեյսի միջոցով:

Soundraw

Soundraw-ը երաժշտության ավտոմատ գեներատոր է: Այն կարող է ստեղծել ցանկացած ժանրի ու տրամադրության երաժշտություն՝ օգտագործելով ձեր ընտրած գործիքները։

Looka

Looka-ն բրենդավորման գործիք է, որը կօգնի ստեղծել յուրահատուկ լոգոներ, որոնք ճշգրիտ կարտացոլեն ձեր ընկերության ոճը և ուղերձը:

Podcastle

Podcastle-ը հայ մասնագետների խոստումնալից ստարտափ է, որն իրենից ներկայացնում է ձայնագրման և աուդիո խմբագրման հարթակ՝ ներկառուցված ԱԲ գործիքներով. այն օգնում է ստեղծել հստակ, «սահուն» ձայնագրություններ, որոնք հնչում են այնպես, ասես դրանք պրոֆեսիոնալներ են խմբագրել:

Gen-1

Gen-1-ը ամպային հարթակ է, որն ստեղծում է նոր տեսանյութեր՝ հիմնվելով ձեր վերբեռնումների վրա։ Այն օգտագործում է տեքստային հուշումներ ձեր ուզած խմբագրումներն ու էֆեկտները կիրառելու համար: Այն կարող է նաև անիմացիաներ ստեղծել կադրերի դասավորության հիման վրա։

Lalal.ai

Այս գործիքը կարող է առանձին տարրեր հանել աուդիո կամ վիդեո ֆայլից, ինչպիսիք են վոկալը, երաժշտությունը կամ նույնիսկ առանձին գործիքներով նվագարկվող հատվածները: Ձայնի աղբյուրներն առանձնացնելու համար գործիքն օգտագործում է Phoenix կոչվող նեյրոնային ցանցային համակարգը։

Deep Nostalgia

Deep Nostalgia-ն անիմացիոն նորարարական գործիք է, որի շնորհիվ կարող եք տեսնել, թե լուսանկարներում ձեր հարազատները կամ ընկերներն ինչպես են ժպտում, թարթում և ծիծաղում, եթե նրանց մասնակցությամբ տեսանյութ նկարեիք։

Murf

Այս գործիքը տեքստը վերածում է խոսքի։ Այն թույլ է տալիս ստեղծել բնական ձայնով ձայնագրություններ 15 լեզվով և ավելի քան 100 ձայնով ու բարբառով:

Legal Robot

Այս գործիքը նախատեսված է բարդ և «իրավական» խճճված տեքստը ավտոմատ կերպով պարզ ու հասկանալի դարձնելու համար, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա հասկանալ դա: Այն օգտակար է ինչպես սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են ավելի լավ հասկանալ իրավական փաստաթղթերը, այնպես էլ պրոֆեսիոնալ իրավաբանների համար:

Cleanup.Pictures

Արհեստական բանականության այս գործիքը թույլ է տալիս խմբագրել պատկերները և հեռացնել անցանկալի առարկաները, թերությունները և նույնիսկ մարդկանց:

Fireflies

Այս գործիքը միանում է տեսահամաժողովների հանրաճանաչ գործիքներին, ինչպիսիք են Zoom-ը, Teams-ը կամ Webex-ը և ավտոմատացնում է նշումներ անելու և սղագրություններ ստեղծելու գործընթացը: Այն նաև վերլուծում է խոսակցությունները, որպեսզի պատկերացում կազմի քննարկման դինամիկայի և որոշումների կայացման մասին:

Krisp

Krisp-ը հայ մասնագետների կողմից մշակված մեկ այլ հայտնի հավելված է։ Այն օգտագործում է ԱԲ ֆոնային աղմուկը, արձագանքները և ուշադրությունը շեղող այլ տարրերը հեռացնելու համար, որպեսզի տեսակոնֆերանսների ժամանակ ձեր զրուցակիցները կարողանան ձեզ ավելի լավ լսել ու հասկանալ:


 
 
 
 
  • Արխիվ