Google-ն աշխատանքից ազատել է 28 աշխատակցի, որոնք բողոքել են Իսրայելի հետ ընկերության համագործակցության դեմ

19 ապրիլի, 2024  14:12

Google-ն աշխատանքից ազատել է 28 աշխատակցի, որոնք, հաշվի առնելով Գազայի Հատվածում Իսրայելի գործողությունները, բողոքել էին Google-ի դեմ, որն Իսրայելի կառավարության հետ պայմանագիր ունի և ամպային ծառայություններ է մատուցում, տեղեկացնում է Associated Press-ը։  

Չորեքշաբթի ուշ երեկոյան Google-ը հաստատել է լուրը։ Դրանից առաջ ընկերության ինը աշխատակիցներ ձերբակալվել էին Նյու Յորքի և Կալիֆոռնիայի Սաննիվեյլի գրասենյակներում բողոքի ակցիայի ժամանակ, երբ ընկերությունն ստիպված էր եղել ոստիկանություն կանչել:

Աշխատակիցների բողոքը վերաբերում է Project Nimbus նախագծին՝ 1,2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր, որն ստորագրվել է 2021-ին։ Դրանով Google-ը և Amazon-ը պարտավորվել են Իսրայելի կառավարությանը տրամադրել ամպային հաշվողական և արհեստական բանականությանն առնչվող ծառայություններ:

Բողոքի ակցիաները հիմնականում կազմակերպել է No Tech For Apartheid կոչվող խումբը: Google-ը պնդում է, որ Nimbus նախագիծը չի օգտագործվում Գազայում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունների համար:

Google-ը հայտարարություն է տարածել 28 աշխատակիցներին աշխատանքից ազատելու վերաբերյալ՝ նշելով, որ նրանք «բացարձակապես անընդունելի վարքագիծ են դրսևորել» և թույլ չեն տվել որոշ աշխատողների կատարել իրենց աշխատանքը և ստեղծել են սպառնալիքի մթնոլորտ: Ընկերությունը հավելել է, որ դեռ հետաքննում է միջադեպը՝ ակնարկելով, որ գուցե այլ աշխատողներ ևս ազատվեն աշխատանքից։

No Tech For Apartheid խումբը բլոգային գրառման մեջ նշել է, որ Google-ը ստել իր գրասենյակներում տեղի ունեցածի վերաբերյալ՝ հավելելով, որ աշխատակիցները պարզապես խաղաղ նստացույց են արել, որը մեծ աջակցություն է ստացել այլ աշխատողների կողմից, որոնք չէին մասնակցում բողոքի ակցիային:

«Վրեժխնդրության այս աղաղակող արարքը հստակ ցույց է տալիս, որ Google-ը ավելի շատ գնահատում է իր 1,2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիրն Իսրայելի ցեղասպան կառավարության և բանակի հետ, քան իր աշխատողներին»,- նշել է No Tech For Apartheid-ը:

Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը, առանց որևէ կոնկրետ միջադեպ մատնանշելու, հինգշաբթի արված բլոգային գրառման մեջ նշել է, որ աշխատակիցները խիստ վերահսկողության տակ կլինեն մինչ ընկերությունն ակտիվացնում է իր ջանքերը՝ բարելավելու իր արհեստական բանականության տեխնոլոգիան այս ոլորտի և գուցե մարդկության համար այս կարևոր պահին:

«Սա բիզնես է, և ոչ թե այնպիսի վայր, որտեղ կարելի է գործել այնպես, որ դա խանգարի գործընկերներին կամ նրանց ստիպի անապահով զգալ, կամ փորձել օգտագործել ընկերությունը որպես անձնական հարթակ, կամ պայքարել ապակառուցողական հարցերի կամ քաղաքական բանավեճի շուրջ,- գրել է Պիչայը,- Սա չափազանց կարևոր պահ է, և որպես ընկերությունը մենք չպետք է շեղվենք»:

Սա առաջին անգամ չէ, որ Google-ի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպում։ Նախորդ անգամ աշխատակիցներն ընդվզել էին ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ ընկերության ունեցած պայմանագրի դեմ, ինչի արդյունքում Google-ը 2018-ին որոշեց դադարեցնել Project Maven կոչվող նախագծի պայմանագրի գործողությունը, որի շրջանակում ընկերությունն օգնելու էր զինված ուժերին վերլուծել ռազմական բնույթի տեսանյութեր:


 
 
 
 
  • Արխիվ