Լա Մանշի ուղղությամբ պայթել է ժամեր առաջ հայտնաբերված երկնաքարը, որի մասերն ընկել են նեղուցը

14 փետրվարի, 2023  10:40

Փետրվարի 13-ի գիշերը Երկրի մթնոլորտ է մտել մոտ մեկ մետր տրամագծով փոքր երկնաքար, որը երկնքում պայծառ լույսի հետք է թողել։ Երկնաքարի շարժին հետևել են ոչ միայն աստղագետները, այլև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի եւ Նիդեռլանդների բնակիչները։

Մթնոլորտի միջով անցնելու ժամանակ տիեզերական մարմինը պայթել է, և դրա մասերն ընկել են Լա Մանշի նեղուցը։ Թեև երկնաքարը փոքր էր, այն, այնուամենայնիվ, կարող էր վնասել շենքերը կամ մարդկանց, եթե այն ընկներ խիտ բնակեցված որևէ վայր։

Սակայն այն չի ընդգրկվել վտանգավոր երկնաքարերի կատեգորիայում։ Գիտնականները համարում են, որ մեր մոլորակի համար պոտենցիալ վտանգ են ներկայացնում 100-140 մետրից ավելի տրամագիծ ունեցող երկնաքարերը։

2023 CX1 անունն ստացած երկնաքարը (կամ Sar 2667) հայտնաբերել էր հունգարացի աստղագետ Կրիշտիան Սառնեցկին մթնոլորտ մտնելուց յոթ ժամ առաջ։ Այդ ժամանակ տիեզերական մարմինը գտնվելիս է եղել Երկրից 233,000 կիլոմետրից պակաս հեռավորության վրա: Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտնել է, որ սա երկնաքարի բախման յոթերորդ հաջող կանխատեսումն էր։

Երկնաքարի ընկնելու պահը կարող եք դիտել տեսանյութում։

Մեծ չափերի երկնաքարերը Երկիր հասնելու դեպքում լուրջ ավերածությունների պատճառ կարող են դառնալ և հենց այսպիսի սցենարները կանխելու համար գիտնականները մշտապես ուսումնասիրում են տիեզերքը, որպեսզի նման դեպքերում կարողանան ժամանակին զգուշացնել հնարավոր վտանգի մասին։ Ավելին, անցած տարվա աշնանը հաջողությամբ իրականացվել է NASA-ի DART (Double Asteroid Redirection Test) առաքելությունը։ DART զոնդը հարվածել էր Դիդիմ աստղակերպի շուրջը պտտվող Դիմորֆին, որպեսի պարզի, թե արդյոք հնարավոր է արհեստական կերպով փոխել աստերոիդի ուղեծիրը։

DART առաքելության արդյունքները գերազանցել էին բոլոր սպասելիքները։ Գիտնականների կարծիքով՝ բախումը աստղակերպի պտտման ժամանակը պետք է փոխեր մոտ 73 վայրկյանով, սակայն իրականում այն ​​փոխվել է 32 րոպեով և այժմ մեկ լիարժեք պտույտը տևում է 11 ժամ 23 րոպե։ Այս առաքելության արդյունքները շրջադարձային են համարվում մոլորակների պաշտպանության պատմության մեջ, քանի որ դրանք ցույց տվեցին, որ արհեստական կերպով կարելի է փոխել երկնաքարի շարժման ուղղությունը։

Այդուհանդերձ, կան, այսպես կոչված, պոտենցիալ մոլորակասպան աստերոիդներ, որոնք դժվար է հայտնաբերել, քանի որ դրանք «թաքնվում են» Արեգակի լույսի ներքո և աստղադիտակները չեն կարողանում ֆիքսել դրանք։ Նման մի աստերոիդ (2022 AP7) հայտնաբերվել էր 2022-ի նոյեմբերին։ Անցած տարի չինացիները վտանգավոր աստերոիդների մասին նախազգուշացնող նոր համակարգ էին առաջարկել։ Չինացի հետազոտողներն առաջարկել են Վեներայի նման ուղեծրերում տեղակայել վեց տիեզերական ապարատից բաղկացած նոր համակարգ, որի նպատակը կլինի Երկրին պոտենցիալ սպառնացող աստերոիդներին հնարավորինս շուտ հայտնաբերելն ու այդ մասին նախազգուշացնելը։


 
 
 
 
  • Արխիվ