ԱԲ-ն և չատբոտերն ավելի հանրաճանաչ են դառնում. Bing-ն սկսել են 10 անգամ շատ ներբեռնել, իսկ Alibaba-ն փորձարկում է ChatGPT-ի իր տարբերակը

9 փետրվարի, 2023  13:37

2022 թ. վերջին OpenAI-ի կողմից ChatGPT չատբոտի թողարկումը տեխնոլոգիական հսկաների միջև իսկական մրցավազք առաջացրեց. բոլորը շտապում են ներկայացնել ԱԲ-ի վրա հիմնված իրենց սեփական չատբոտը: Microsoft-ը իր Bing որոնողական համակարգը համալրել է ChatGPT-ի վրա հիմնված չատբոտով, և այս մասին լուրի շնորհիվ զգալիորեն մեծացրել է Bing բջջային հավելվածի պոպուլյարությունը. այն սկսել են 10 անգամ ավելի շատ ներբեռնել:

Միևնույն ժամանակ, Alibaba-ն ստեղծել է ChatGPT-ի սեփական տարբերակը և այժմ փորձարկում է այն​: Google-ը վերջերս ներկայացրել է իր չատբոտը։ Ճիշտ է, դրա առաջին ցուցադրությունն ավարտվել է անհաջողությամբ. գովազդային հոլովակում չատբոտը սխալ տեղեկություն է տվել James Webb աստղադիտակի հայտնագործությունների մասին հարցին պատասխանելիս:

Bing բջջային հավելվածի պոպուլյարությունն աճել է 10 անգամ

Արհեստական բանականության նոր հնարավորությունների ներդրումը մեծ ուշադրություն է գրավել Microsoft-ի որոնողական համակարգի վրա։ Ինչպես տեղեկացնում է TechCrunch-ը, Bing-ի բջջային տարբերակն սկսել են 10 անգամ ավելի շատ ներբեռնել, քան նախկինում։  

Ըստ Data AI-ի վերլուծական ծառայության տվյալների` ԱՄՆ-ում Bing-ի iOS հավելվածը 12-րդ տեղն է բարձրացել լավագույն անվճար հավելվածների շարքում, իսկ ողջ աշխարհում Bing-ը զբաղեցրել է 10-րդ տեղը։ Microsoft Edge բրաուզերը, որում նույնպես ներդրվել են ԱԲ հնարավորություններ, նույնպես բարելավել է իր դիրքերը և բարձրացել է մինչև 3-րդ տեղը:

Ակնկալվում է, որ Bing-ում և Edge բրաուզերում ԱԲ-ի ներդրումը համացանցում որոնման ծառայությունը միանգամայն նոր մակարդակի կբարձրացնի՝ ոչ միայն օգտատերերի հարցումներին տրամադրելով ավելի ամբողջական պատասխաններ, այլև հնարավորություն տալով ստեղծել բովանդակություն: Հետագայում Microsoft-ը նախատեսում է չատբոտն ինտեգրել Windows 11 օպերացիոն համակարգում, որտեղ այն կդառնա ԱԲ օգնական բոլոր օգտատերերի համար։

Alibaba-ն ChatGPT-ի իր տարբերակն է ստեղծել

Չինական Alibaba Group ընկերությունը հայտարարել է, որ մշակել է ChatGPT-ի սեփական տարբերակը։ Այժմ մշակման գործընթացը ներքին թեստավորման փուլում է։

Alibaba-ն նախատեսում է չատբոտն ինտեգրել DingTalk հավելվածում, որը Zoom-ի մեկ այլ տարբերակ է։

«Առաջադեմ նորարարությունները, ինչպիսիք են լեզվական մեծ մոդելները և գեներատիվ ԱԲ-ն, մեր ուշադրության կենտրոնում են եղել 2017 թ․ DAMO-ի [Alibaba-ի հետազոտական ​​ինստիտուտի - խմբ․] հիմնադրումից ի վեր: Որպես տեխնոլոգիաների առաջատար՝ մենք կշարունակենք ներդրումներ կատարել առաջադեմ տեխնոլոգիաները հավելվածներում ինտեգրելու ուղղությամբ՝ ի շահ մեր հաճախորդների, ինչպես նաև նրանց հաճախորդների՝ ամպային ծառայությունների միջոցով»,- ասել է Alibaba-ի ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդում է CNN-ը, այս լուրի ֆոնին Հոնկոնգում գտնվող Alibaba-ի բաժնետոմսերը աճել են 1,4%-ով։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ