Եվրոպական մի քանի երկրում ցանկանում են արգելափակել ChatGPT-ն. ի՞նչ ռիսկեր են տեսնում հանրահայտ չատբոտում

4 ապրիլի, 2023  13:43

Եվրոպական որոշ երկրներ ցանկանում են արգելափակել հայտնի ChatGPT չատբոտը: Իտալիայում այն արդեն հայտնվել է ժամանակավոր արգելքի տակ, հիմա էլ Գերմանիայում կարգավորիչները մտածում են դրա մուտքն արգելափակելու մասին։ OpenAI-ը՝ ChatGPT-ի ստեղծողը, մեղադրվում է անձնական տվյալների մշակման և պաշտպանության ոլորտում (General Data Protection Regulation) ԵՄ օրենսդրությունը խախտելու մեջ:

Ինչո՞ւ է ChatGPT-ն արգելափակվել Իտալիայում

2023 թ․ մարտի 31-ին Տվյալների պաշտպանության իտալական գործակալության խնդրանքով OpenAI-ի ծրագրավորողները ժամանակավորապես անջատել են մուտքը ChatGPT-ին Իտալիայի օգտատերերի համար: Կարգավորիչն ասել է, որ օգտատերերի տվյալները հավաքելով՝ ChatGPT-ին իր աշխատանքում խախտումներ է թույլ տալիս։ Նրա խոսքով՝ OpenAI-ն իրավական հիմք չունի անձնական տվյալները զանգվածային կերպով հավաքելու և պահպանելու համար, ավելին, ընկերությունը չի ծանուցում օգտատերերին, որ հավաքում և պահպանում է նրանց տվյալները։ Բացի դրանից, չատբոտում չկան ֆիլտրեր օգտատերերի տարիքը ստուգելու համար։

Քսան օրվա ընթացքում OpenAI-ը պետք է ապացուցի իտալական կարգավորող մարմնին, որ հետևում է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում օրենսդրությանը։

Ընկերությունն ինքը վստահ է, որ իր գործելակերպը համապատասխանում է գաղտնիության պահպանման եվրոպական օրենքներին: Ընկերության ներկայացուցիչներն իրավաբանների հետ միասին աշխատում են խնդրի վրա և հույս ունեն, որ շուտով Իտալիայի օգտատերերի համար կվերաբացվի մուտքը ChatGPT-ին:

Եթե վերահսկող մարմնի պահանջով ​​OpenAI-ը չփակեր մուտքը ChatGPT-ին, ապա ընկերությանը կարող էր սպառնալ մինչև 22 միլիոն դոլարի տուգանք: Այնուամենայնիվ, ընկերությունը փակել է մուտքը չատբոտի միայն վեբ տարբերակին, բայց ոչ Microsoft Bing որոնողական համակարգի չատբոտին, որը նույնպես հիմնված է OpenAI-ի մշակումների վրա։

Իտալիայի օգտատերերին այս սահմանափակումն ակնհայտորեն չի ուրախացրել: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ շատերն սկսել են ուղիներ փնտրել արգելափակումը շրջանցելու համար, այդ թվում՝ տարբեր VPN ծառայություններ օգտագործելով:

ChatGPT-ն կարող է արգելափակվել նաև Գերմանիայո՞ւմ

Գերմանիայի կարգավորիչները կարող են հետևել Իտալիայի օրինակին: Գերմանիայի տվյալների պաշտպանության հարցերով հանձնակատարի մամուլի քարտուղար Ուլրիխ Քելբերը Handelsblatt թերթին տված հարցազրույցում ասել է, որ գործակալությունն ուսումնասիրում է ChatGPT-ի հետ կապված իրավիճակը, և հնարավոր է, որ չատբոտն արգելափակվի նաև Գերմանիայում, եթե հաստատվի երկրի քաղաքացիների տվյալների անվտանգության հետ կապված խնդիրը։

«Սկզբունքորեն նման ընթացակարգ հնարավոր է նաև Գերմանիայում»,- ասել է մամուլի խոսնակը:

Նրա խոսքով՝ ներկայումս Գերմանիայում չատբոտն արգելելու կոնկրետ պլաններ չկան։ Առայժմ Գերմանիան Իտալիայից լրացուցիչ տեղեկություններ է խնդրել ChatGPT-ի ժամանակավոր արգելքի մասին:

Այսպես թե այնպես, չատբոտն արգելելու որոշումը կհայտնվի երկրի առանձին դաշնային նահանգների իրավասության ներքո։

Ի՞նչ է կատարվում այլ երկրներում

Եվրոպայի այլ երկրներում ChatGPT-ն արգելելու պլաններ դեռ չկան, սակայն հարկ է նշել, որ ֆրանսիացի և իռլանդացի դիտորդներն սկսել են հետաքրքրվել Իտալիայում տեղի ունեցածով և կապվել են իրենց իտալացի գործընկերների հետ՝ քննարկելու նրանց հետաքննությունը:

Իսպանական կարգավորող մարմինը հայտնել է, որ իրենք բողոքներ չեն ստացել ChatGPT-ի վերաբերյալ, սակայն չի բացառում, որ անհրաժեշտ կլինի հետագա հետաքննություն իրականացնել իրավիճակն ավելի լավ հասկանալու համար:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ