Լուսանկարների և տեսանյութերի փոխանակման Snapchat հարթակը ներկայացրել է ChatGPT-ի վրա հիմնված սեփական չատբոտը։ Այն կոչվում է My AI և հասանելի է միայն Snapchat+ բաժանորդագրության դեպքում՝ ամսական 4 դոլարով: Հետագայում, սակայն, ընկերությունն այն կարող է հասանելի դարձնել բոլորին։
Ըստ The Verge-ի՝ My AI-ը նման է ChatGPT-ի բջջային տարբերակին, և դրա ներկայիս պրոֆիլի էջը նման է Snapchat-ի ցանկացած այլ օգտատիրոջ պրոֆիլին՝ իր սեփական Bitmoji ավատարով: Սակայն ներկայումս Snapchat+-ի օգտատերերը չատբոտի հետ շփվելու որոշակի սահմանափակումներ ունեն. օրինակ՝ այն չի պատասխանի քաղաքականության և այլ վիճահարույց թեմաների վերաբերյալ հարցերին, կհրաժարվի նաև դպրոցականների համար տնային առաջադրանքները կատարելուց և ռեֆերատներ ու էսսեներ գրելուց։
Snap-ի գործադիր տնօրեն Էվան Շպիգելը վստահ է, որ արհեստական բանականությամբ աշխատող չատբոտերը շուտով կդառնան շատ օգտատերերի առօրյա կյանքի մի մասը. մարդիկ կսկսեն առցանց շփվել ոչ միայն ընկերների և հարազատների, այլև ԱԲ-ի հետ:
«Չատբոտերը, հավանաբար, շուտով նույնիսկ կփոխարինեն հաղորդագրությունների ծառայություններին»,- ասել է Շպիգելը:
Snap-ի ղեկավարությունը նաև նշել է, որ ժամանակի ընթացքում ծառայությունների մշակողները My AI տվյալների բազայում կներառեն OpenAI-ի նման լեզուների այլ մոդելներ, որոնք օգտատերերին հնարավորություն կտան ԱԲ-ի հետ շփվել այնպես, ինչպես անձի հետ:
Հիշեցնենք, որ ChatGPT չատբոտի վրա հիմնված ԱԲ-ն նաև ինտեգրվել է Bing որոնողական համակարգի թարմացված տարբերակին: Եվ այն, ինչպես My AI-ը, կարծես որոշակի պատկերացումներ ունի էթիկայի մասին՝ չատբոտը հրաժարվել է մարդու փոխարեն ուղեկցող նամակ գրել։
ChatGPT չատբոտը նաև կինտեգրվի Opera բրաուզերում:
ChatGPT-ի ժողովրդականությունը հանգեցրել է նրան, որ շատ ընկերությունները սկսել են մշակել չատբոտերի սեփական տարբերակները: Վերջերս Google-ը ներկայացրեց ԱԲ-ով աշխատող իր չատբոտը՝ Bard-ը, որը, սակայն, դեռ հեռու է ChatGPT-ի իրական մրցակիցը լինելուց. առաջին ցուցադրության ժամանակ այն թույլ տվեց փաստական սխալ, որն ընկերությանն արժեցավ 100 միլիարդ դոլար:
Չինական տեխնոլոգիական հսկաներ Baidu-ն և Alibaba-ն նույնպես վերջերս բացահայտեցին, որ աշխատում են ChatGPT-ի սեփական տարբերակների վրա:
ամիս
շաբաթ
օր