Հեղափոխություն որոնողական համակարգերում. Microsoft-ը ներկայացրել է թարմացված Bing-ը, որն աշխատում է ԱԲ-ով՝ ChatGPT չատբոտի հիման վրա

8 փետրվարի, 2023  10:15


Microsoft և OpenAI ընկերությունները ներկայացրել են Bing որոնողական համակարգի թարմացված տարբերակը, որը զինված է արհեստական բանականությամբ՝ կառուցված ChatGPT չատբոտի հիման վրա։ Ակնկալվում է, որ ԱԲ-ն համացանցային որոնման այս ծառայությունը կբարձրացնի բոլորովին նոր մակարդակի՝ ոչ միայն տրամադրելով օգտատերերի հարցումներին ավելի ամբողջական պատասխաններ, այլև թույլ տալով ստեղծել բովանդակություն:

Ինքը՝ Microsoft-ը, ԱԲ-ն անվանում է համացանցում ճանապարհորդելու ժամանակ «երկրորդ օդաչու»: ChatGPT չատբոտի վրա կառուցված Bing-ը կներդրվի Microsoft-ի Edge բրաուզերի նոր տարբերակներում, իսկ ավելի ուշ՝ նաև Windows 11 օպերացիոն համակարգում, որտեղ այն կդառնա ԱԲ օգնական բոլոր օգտատերերի համար։

«Արհեստական բանականությունը կհեղափոխի ծրագրային ապահովման յուրաքանչյուր կատեգորիա՝ սկսած ամենամեծ կատեգորիայից՝ որոնումից: Այսօր մենք գործարկում ենք Bing-ը և Edge-ը, որոնք աշխատում են որպես երկրորդ օդաչու և ԱԲ-ով աշխատող չատ՝ օգնելու մարդկանց ավելի շատ բան ստանալ որոնումից և համացանցից»,- ասել է Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան:

Ինչպես նշում է Microsoft-ը, նոր Bing որոնումը և նոր Edge բրաուզերը կունենան հետևյալ հնարավորությունները.

  • Բարելավված որոնում: Նոր Bing-ը տրամադրում է որոնման բարելավված տարբերակ, որը որոնմանն ավելի համապատասխանող արդյունքներ կտա այնպիսի պարզ հարցումների համար, ինչպիսիք են սպորտային խաղերի արդյունքները, բաժնետոմսերի գները և եղանակը: Կա նաև նոր կողային վահանակ, որն անհրաժեշտության դեպքում առաջարկում է ավելի ընդգրկուն պատասխաններ:
  • Ամբողջական պատասխաններ։ Bing-ը դիտարկում է արդյունքները ողջ համացանցից, որպեսզի գտնի և ամփոփի ձեր հարցման պատասխանը: Օրինակ՝ դուք կարող եք տեղում հրահանգներ ստանալ այն մասին, թե ինչպես կարելի է առանց բազմաթիվ արդյունքներ ուսումնասիրելու ձուն փոխարինել մեկ այլ բաղադրիչով այն թխվածքում, որը պետք է թխեք։
  • Չատի նոր փորձառություն: Ավելի առաջադեմ որոնումների համար, օրինակ՝ ճանապարհորդելու մանրամասն երթուղի պլանավորելու կամ ուսումնասիրելու համար, թե որ հեռուստացույցը գնել, նոր Bing-ն առաջարկում է նոր ինտերակտիվ չատ, որտեղ դուք կարող եք կատարելագործել ձեր որոնումը՝ խնդրելով, որպեսզի ձեզ ավելի շատ տեղեկություն տրամադրվի, ավելի շատ հստակություն մտցվի պատասխանում և ձեզ առաջարկվեն գաղափարներ: Հղումներ նույնպես հասանելի կլինեն, որպեսզի կարողանաք անմիջապես գործել ձեր որոշումների համաձայն:
  • Ստեղծագործական կայծ։ Լինում են պահեր, երբ դուք պատասխանից ավելին եք սպասում, դուք ոգեշնչման կարիք ունեք: Ձեզ օգնելու համար նոր Bing-ը կարող է բովանդակություն ստեղծել: Այն կարող է օգնել ձեզ գրել նամակ, ստեղծել հնգօրյա երթուղի Հավայան կղզիներում ձեր երազանքի արձակուրդի համար՝ տրամադրելով հղումները, որպեսզի ամրագրեք ձեր ճանապարհորդության համար անհրաժեշտ տոմսերն ու կացարանը, ինչպես նաև կարող է օգնել հարցազրույցի պատրաստվելու կամ վիկտորինայի համար հարցեր կազմելու գործում: Նոր Bing-ը նաև մեջբերում է իր բոլոր աղբյուրները, այնպես որ, դուք կարող եք տեսնել հղումներ դեպի վեբ բովանդակություն, որի վրա հիմնված է նրա խորհուրդը:
  • Microsoft Edge-ի նոր ինտերֆեյս: Ընկերությունը թարմացրել է Edge բրաուզերը նոր ԱԲ հնարավորություններով և նոր տեսքով և ավելացրել է երկու նոր գործառույթ՝ չատ և հաղորդագրություն գրելու հնարավորություն։ Edge-ի կողային վահանակի միջոցով դուք կարող եք ֆինանսական երկար հաշվետվության ամփոփման մասին հարցում անել, որպեսզի ստանաք հիմնական տվյալները, այնուհետև օգտագործեք չատի հնարավորությունը և ստանաք մրցակցի ֆինանսական տվյալների հետ համեմատություն և ավտոմատ կերպով այն տեղադրեք աղյուսակում: Կարող եք նաև խնդրել Edge-ին, որպեսզի օգնի ձեզ բովանդակություն ստեղծել, օրինակ՝ LinkedIn-ի համար գրառում, և կարող եք տալ մի քանի խորհուրդ, որպեսզի սկսի աշխատանքը: Դրանից հետո կարող եք խնդրել, որպեսզի օգնի ձեզ թարմացնել գրառման տոնայնությունը, ձևաչափը և երկարությունը: Edge-ը կարող է հասկանալ, թե որ վեբ էջում եք և համապատասխանաբար հարմարվել: 

Թարմացված Bing-ն այժմ հասանելի է օգտատերերին, սակայն դեռ սահմանափակ նախնական տարբերակով՝ միայն PC համակարգիչների համար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ