Microsoft-ը $10 մլրդ է ներդնում OpenAI-ում, որը հայտնի ChatGPT չատբոտի մշակողն է

24 հունվարի, 2023  12:31

Microsoftնախատեսում է «բազմամյա, բազմամիլիարդանոց» ներդրում անել արհեստական ​​բանականության (ԱԲ) մշակմամբ զբաղվող, Սան Ֆրանցիսկոյում գտնվող OpenAI լաբորատորիայում, որն այսօր այդքան տարածված ChatGPT փորձարարական չատբոտի և պատկերների գեներատոր DALL-E 2-ի մշակողն է։

Ինչպես տեղեկացնում է The New York Times-ը, ընկերությունը չի բացահայտել գործարքի կոնկրետ ֆինանսական պայմանները, սակայն գործարքին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Microsoft-ի ներդրումը OpenAI-ում կկազմի 10 մլրդ դոլար։

OpenAI. ԱԲ զարգացման ութ տարի

OpenAI-ը 2015 թ․ ստեղծել են Y Combinator-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը, Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը և հետազոտող Իլյա Սուտցկևերը: Ի սկզբանե լաբորատորիան շահույթ չհետապնդող կազմակերպություն էր, որը պետք է զբաղվեր ԱԲ-ի ոլորտում հետազոտություններով և մշակմամբ, սակայն, երբ 2018 թ․ Մասկը լքեց այն, Ալթմանը OpenAI-ը վերածեց առևտրային ընկերության, որպեսզի կարողանա հավաքել հետազոտությունների համար անհրաժեշտ գումարը։

2020 թ․ OpenAI-ը ստեղծեց GPT-3 համակարգը, որը կարող է ինքնուրույն ստեղծել տեքստ, ներառյալ թվիթերյան, բլոգային գրառումներ, նորությունների հոդվածներ և նույնիսկ համակարգչային ծածկագիր: ChatGPT-ն հիմնված է նույն տեխնոլոգիայի վրա, ինչ GPT-3-ը և մեծ ուշադրություն է գրավել, քանի որ մարդիկ սկսել են օգտագործել այն ամեն ինչում՝ վիկտորինաներում պատասխանները գտնելու հարցում օգնությունից մինչև կուրսային աշխատանք գրելը:

Վերջերս հետաքրքիր փորձի շրջանակում ChatGPT-ը կարողացել է խաբել հաղորդակցության և խորհրդատվական ծառայությունների Schwa ընկերության HR մասնագետներին. ծրագիրը դիմել էր աշխատանքի համար և թեստային առաջադրանքը գրել ավելի լավ, քան աշխատանքի դիմողների 80%-ը, և ընկերության HR մասնագետները, չիմանալով, որ գործ ունեն ԱԲ-ի հետ, նույնիսկ մտադիր էին եղել նրան հրավիրել «կենդանի հարցազրույցի»:

ChatGPT-ն նաև վերջերս ավարտական ​​քննություն է հանձնել աշխարհի լավագույն բիզնես դպրոցներից մեկում։ Ըստ դասավանդողի՝ իրական քննության ժամանակ ChatGPT-ն «B»-ից «B-» գնահատական ​​կստանար: Սա, իհարկե, ամենաբարձր միավորը չէ, բայց անցողիկ է։

Չատբոտը «իրեն լավ է դրսևորել նաև իրավական փաստաթղթերի պատրաստման գործում»։ Շատ փորձագետներ ChatGPT տեխնոլոգիան շատ ու շատ խոստումնալից են համարում. նրանք վստահ են, որ մի քանի տարի անց չատբոտն այնպիսի հնարավորություններ կունենա, որ այսօր դժվար է պատկերացնել։

2022 թ․ OpenAI-ը ներկայացրել է նաև մեկ այլ հետաքրքիր տեխնոլոգիա՝ AI DALL-E, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին ստեղծել ֆոտոռեալիստական ​​պատկերներ՝ հիմնվելով տեքստի նկարագրության վրա։

OpenAI-ը և Microsoft-ը

Microsoft-ի համագործակցությունը OpenAI-ի հետ երկար պատմություն ունի․ 2019 թ․ Microsoft-ն ընկերությունում 1 միլիարդ դոլար է ներդրել, իսկ հաջորդ մի քանի տարիների ընթացքում՝ ևս 2 միլիարդ դոլար: Այս գումարները ներդրվել են հսկայական հաշվողական հզորության մեջ, որն անհրաժեշտ է գեներատիվ ԱԲ-ի ստեղծման համար:

2020 թ․ Microsoft-ը գնել է GPT-3 ԱԲ մոդելի հիմքում ընկած տեխնոլոգիայի բացառիկ լիցենզիան:

Ընկերության նոր ներդրումն այս լաբորատորիայում ավելի է ընդգծում OpenAI տեխնոլոգիայի կարևորությունը Microsoft-ի ապագայի համար. ԱԲ տեխնոլոգիաները կարող են ընկերությանը մրցակցային զգալի առավելություններ տալ տեխնոլոգիական այլ խոշոր ընկերությունների, այդ թվում՝ Google-ի, Meta-ի և Apple-ի նկատմամբ:

Microsoft-ն իր որոշ պրոդուկտներում արդեն ներդրել է GPT-3, DALL-E և այլ OpenAI տեխնոլոգիաները։ Մասնավորապես, Microsoft-ին պատկանող և ծրագրավորողների համար հայտնի առցանց ծառայություն GitHub-ն առաջարկում է Copilot գործիքը, որը կարող է ավտոմատ կերպով համակարգչային կոդի հատվածներ գեներացնել:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Microsoft-ը նախատեսում է ChatGPT-ն ինտեգրել իր Bing որոնողական համակարգում (որը մարտահրավեր է նետելու մինչ օրս ամենահայտնի Google որոնողական համակարգին): Նույն որոնողական համակարգում, ասում են, նախատեսվում է ավելացնել տեքստային նկարագրության միջոցով պատկերների ստեղծման համակարգ՝ DALL-E 2-ի հիման վրա։

Հնարավոր է, որ ընկերությունը նաև ԱԲ-ի լեզվական որոշ տեխնոլոգիաներ ինտեգրի Word, PowerPoint և Outlook հավելվածներում: Այս ամենը կարող է Microsoft-ի արտադրանքը շատ ավելի գրավիչ դարձնել սպառողների համար:

«Մենք OpenAI-ի հետ մեր համագործակցությունը ձևավորել ենք նորագույն հետազոտությունները պատասխանատու կերպով խթանելու և արհեստական բանականությունը, որպես նոր տեխնոլոգիական հարթակ, ժողովրդավարացնելու ընդհանուր ձգտման հիմքի վրա,- ասել է Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան,- Մեր գործընկերության հաջորդ փուլում ծրագրավորողներն ու կազմակերպությունները տարբեր ոլորտներում հասանելիություն կունենան ԱԲ-ի լավագույն ենթակառուցվածքին, Azure-ով աշխատող մոդելներին և գործիքակազմին, որպեսզի ստեղծեն և գործարկեն իրենց հավելվածները»:

Հետաքրքիր է, որ այս գործարքը հաջորդում է Microsoft-ի հայտարարությանը, որ կրճատելու  է մոտ 10,000 աշխատակցի: Նադելայի խոսքով՝ կրճատումները ընկերությանը թույլ կտան կրկին կենտրոնանալ այնպիսի առաջնահերթությունների վրա, ինչպիսին է ԱԲ-ն, որը նա անվանել է «հաշվողական հաջորդ մեծ ալիքը»։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ