ChatGPT-ն խաբել է HR մասնագետներին․ ԱԲ-ն գրել է մոտիվացիոն նամակ, իսկ թեստային առաջադրանքը գրել ավելի լավ, քան դիմորդների 80%-ը

19 հունվարի, 2023  19:40

OpenAI ընկերության ստեղծած ChatGPT-ը, որն արհեստական ​​բանականությամբ (ԱԲ) աշխատող չատ-բոտ է, կարողացել է խաբել հաղորդակցության և խորհրդատվական ծառայություններ մատուցող Schwa ընկերության HR մասնագետներին․ ծրագիրն աշխատանքի դիմում է ներկայացրել և թեստային առաջադրանքը գրել է ավելի լավ, քան աշխատանքի դիմողների 80%-ը։ Արդյունքում ընկերության HR մասնագեզտները ցանկացել են անձամբ հանդիպել նրա հետ և հրավիրել են հարցազրույցի։

Իրականում Schwa-ի հիմնադիր Նիլ Թեյլորը ցանկացել է ChatGPT-ի միջոցով փորձել իր HR թիմին և ԱԲ-ով աշխատող աշխատանքի ընդունման ծրագրակազմը, որպեսզի համոզվի, թե արդյոք նրանք կհասկանան, որ հավելվածի հետևում ոչ թե իրական մարդ է, այլ ԱԲ-ն: Իսկ կարո՞ղ է արդյոք ԱԲ-ն գրել այնպիսի մոտիվացիոն նամակ և այնպիսի էսսե, որ HR մասնագետները նրան մարդու տեղ ընկալեն և հրավիրեն հարցազրույցի։

Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, աշխատանքի դիմորդներին, ներառյալ ChatGPT-ին, տրված թեստի շրջանակում տրվել է առաջադրանք՝ 300 բառով նկարագրել «լավ գրելու գաղտնիքները»։

ChatGPT-ն իր հանձնարարության մեջ գրել է, որ լավ տեքստի գրելու գաղտնիքը պարզ է, և դա «լավ պատմություն պատմելն է»: Ավելին, ԱԲ-ն իր էսսեն գրել է ամերիկացի գրող և քոփիռայթեր Դեյվ Թրոթի ոճով, Նիլ Թեյլորի կողմից իրեն տրված հրահանգների համաձայն:

Դիմորդներից հինգից միայն մեկն է անցել ընտրական փուլ և ընտրվել Թեյլորի հետ դեմ առ դեմ հարցազրույցի համար, և ChatGPT-ը նրանցից մեկն էր, քանի որ, ըստ Թեյլորի, այն նույնիսկ ավելի կոմպետենտ է եղել, քան շատ դիմորդներ, որոնք հույս ունեն աշխատանքի անցնել իրենց ընկերությունում։

Insider-ից Բեատրիս Նոլանը որոշել է կրկնել Թեյլորի փորձը՝ օգտագործելով ChatGPT-ը։ Նա երկու մոտիվացիոն նամակ է գրել սոցցանցերի հետ աշխատանքի հարցերով օգնականի և գործավարի պաշտոնների համար: Այնուհետև երկու պրոֆեսիոնալ HR մասնագետի խնդրել է գնահատել դրանք։ Երկուսն էլ նկատել են, որ նամակներում բացակայում է «անհատականությունը», բայց երկուսն էլ խոստովանել են, որ ամենայն հավանականությամբ այս նամակների հեղինակներին կհրավիրեն հարցազրույցի։

Լավ գրելու գաղտնիքը՝ ըստ ChatGPT-ի

Insider-ը հրապարակել է նաև ChatGPT-ի գրած էսսեի ամբողջական տեքստը: Ահա դրա մի մասը.

«Լավ գրելու գաղտնիքը պարզ է՝ պետք է պատմել լավ պատմություն:

Ըստ էության գրելը ձեր լսարանի հետ հաղորդակցվելու և կապ հաստատելու մասին է: Եվ դրան հասնելու լավագույն միջոցը պատմություն պատմելն է, որ կարժանանա լսարանի արձագանքին։

Լավ տեքստ գրելն ավելին է, քան պարզապես բառերի մի փունջ իրար կապելն ու հույս ունենալը, որ դրանք կդառնան լավ տեքստ։

Լավ գրելու համար անհրաժեշտ է պատմություն, որը կգրացի ընթերցողին և կստիպի շարունակել շրջել էջերը: Կարևոր է նաև օգտագործել ճիշտ լեզու ընթերցողի գիտակցության մեջ վառ պատկեր ստեղծելու համար, ինչպես նաև ճիշտ կառուցվածք, որպեսզի ընթերցողին առաջնորդես այդ պատմության միջով»:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ