ChatGPT-ն ավարտական ​​քննություն է հանձնել լավագույն բիզնես դպրոցներից մեկում. ինչպե՞ս կարող են ուսուցիչները բացահայտել ԱԲ-ով գրված աշխատանքը

23 հունվարի, 2023  20:12

OpenAI ընկերության մշակած և արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող ChatGPT չատբոտը հաջողությամբ հանձնել է ավարտական ​​քննությունը աշխարհի լավագույն բիզնես դպրոցներից մեկում։ ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Քրիստիան Տերվիեշը պնդում է, որ ԱԲ-ն շատ բան կարող է փոխել բիզնեսի աշխարհում:

Ինչպես տեղեկացնում է Fortune-ը, պրոֆեսորը հրապարակել է հետազոտական ​​աշխատանք, որտեղ նա ուսումնասիրել է ChatGPT-ի գրանցած արդյունքները «Գործառնությունների կառավարում» վերջնական թեստում, որը MBA-ի (Master of Business Administration) տիպիկ բազային դասընթաց է: Պրոֆեսորի եզրակացության համաձայն՝ ԱԲ-ի վրա հիմնված չատբոտը «հիանալի աշխատանք է կատարել հիմնական գործառնությունների կառավարման և գործընթացների վերլուծության հարցերում, ներառյալ նրանք, որոնք հիմնված են թեմատիկ ուսումնասիրությունների վրա»: Միաժամանակ չատբոտում որոշակի խնդիրներ են նկատվել ավելի բարդ առաջադրանքներ կատարելիս։

Այդուհանդերձ, ըստ պրոֆեսորի, իրական քննության մասնակցելու դեպքում ChatGPT-ն «B»-ից «B-» գնահատական ​​կստանար (5 բալանոց համակարգում՝ 4 և 4–): Սա, իհարկե, ամենաբարձր միավորը չէ, բայց անցողիկ է։

Ինչպես նշել է Տերվիշը, ժամանակին էլեկտրոնային հաշվիչը մեծ դեր է խաղացել բիզնես ոլորտում. ChatGPT-ն կարող է նման հեղափոխություն անել:

«Նախքան էլեկտրոնային հաշվիչների և այլ հաշվողական սարքերի հայտնվելը, շատ ընկերություններում աշխատում էին հարյուրավոր աշխատակիցներ, որոնց խնդիրն էր ձեռքով կատարել մաթեմատիկական գործողություններ, ինչպիսիք են բազմապատկելը կամ մատրիցների փոխակերպումը: Այժմ նման առաջադրանքներն ավտոմատացված են, և այդ հմտությունների արժեքը կտրուկ նվազել է: Նույնկերպ մեր MBA ծրագրերում դասավանդվող գործընթացների ցանկացած ավտոմատացում MBA կրթության արժեքը նվազեցնելու ներուժ ունի»,- ասել է պրոֆեսորը:

Սա դեռ սկիզբն է. ChatGPT-ն ապագայում էլ ավելի առաջադեմ կդառնա

Չատբոտը, ըստ պրոֆեսորի, ոչ միայն կարողացել է հանձնել քննությունը, այլև «իրեն լավ է դրսևորել իրավաբանական փաստաթղթերի պատրաստման գործում»։ Նույնիսկ կարծիք կա, որ «այս տեխնոլոգիայի հաջորդ սերունդը կկարողանա նույնիսկ փաստաբանի քննություն հանձնել»։

Միլիարդատեր ձեռներեց Մարկ Կուբանը նույնպես, կարծես, կիսում է այդ կարծիքը: Նրա խոսքով՝ առայժմ ChatGPT-ը «ընդամենը իր կազմավորման փուլում է», բայց կարելի է պատկերացնել, թե որքան զարգացած կարող է լինել ChatGPT-ի 10-րդ սերունդը:

Քորնելի համալսարանի Բիզնես քոլեջի դեկան Էնդրյու Կարոլին նույնպես ChatGPT-ը շատ խոստումնալից է համարում:

«Մենք բոլորս հաստատ գիտենք, որ ChatGPT-ն ոչ մի տեղ չի կորի: Ամեն դեպքում, այս ԱԲ տեխնոլոգիաները կշարունակեն աստիճանաբար ավելի ու ավելի լավը դառնալ: Ֆակուլտետների և համալսարանների ղեկավարները պետք է ներդրումներ անեն կրթության մեջ»,- Financial Times-ի հետ զրույցում ասել է նա:

«Չեմ կարծում, որ ԱԲ-ն կփոխարինի մարդկանց, բայց մարդիկ, որոնք կիրառում են արհեստական բանականությունը, պատրաստվում են փոխարինել մարդկանց»,- Financial Times-ին ասել է ETS Product Innovation Labs-ի ղեկավար Կարա ՄըքՈւիլիամսը, ում լաբորատորիան մշակել է գործիք, որը պարզում է, թե արդյոք պատասխաններ ստանալու համար կիրառվում է ԱԲ։

OpenAI-ը կօգնի ուսուցիչներին բացահայտել ChatGPT-ով գրված աշխատանքները

OpenAI-ը նախատեսում է մշակել լուծում, որը կարող է օգնել դպրոցներին, որպեսզի բացահայտեն, թե արդյոք աշակերտների աշխատանքներում ԱԲ կիրառվել է։ Ճիշտ է, ինչպես նշել է ընկերության գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը, ոչ ոք չի կարող դպրոցականների աշխատանքում ԱԲ կիրառումը հայտնաբերելու 100 տոկոսանոց երաշխիք տալ։

«Կան ուղիներ, որոնց միջոցով մենք կարող ենք օգնել ուսուցիչներին ավելի մեծ հավանականությամբ գտնել GPT-ի նման համակարգերի արտադրանքներ: Բայց, անկեղծ ասած, նպատակասլաց մարդը կհաղթի դրանց»,- StrictlyVC-ի խմբագիր Քոնի Լոիզոսին տված հարցազրույցում ասել է Ալթմանը։

OpenAI-ը նախատեսում է ուսումնասիրել, թե ինչ լուծումներ կարող են օգտագործվել ChatGPT-ի կողմից ստեղծված բովանդակությունը մակնշելու համար, ինչպիսիք են ջրանիշի տեխնոլոգիաները կամ այլ մեթոդներ: Սակայն, ըստ մասնագետների, չի կարելի լիովին ապավինել նման գործիքներին։

Վերջերս Նյու Յորքի Կրթության դեպարտամենտի մեջ մտնող դպրոցները և Սիեթլի հանրային դպրոցների համակարգը արգելեցին ուսանողներին և ուսուցիչներին օգտագործել ChatGPT-ը: Դրանով նրանք հույս ունեին կանխել գրագողությունն ու խաբեությունը։ Այնուամենայնիվ, Ալթմանը կարծում է, որ ԱԲ-ի ստեղծած տեքստը «մի բան է, որին մենք բոլորս պետք է հարմարվենք». ճիշտ այնպես, ինչպես էլեկտրոնային հաշվիչներն են փոխել մաթեմատիկայի դասերի դասավանդման նկատմամբ մոտեցումը, այդպես էլ ԱԲ-ն կփոխի կրթությունն ընդհանուր առմամբ: Ավելին, չնայած շատ ուսուցիչներին դուր չի գալիս փաստը, որ ուսանողներն սկսել են ChatGPT-ն օգտագործել տնային աշխատանքները կատարելու համար, Ալթմանը կարծում է, որ չատբոտը կարող է «անձնական անհավանական կրկնուսույց լինել յուրաքանչյուր երեխայի համար»:

«Ես կնախընտրեի, որ ChatGPT-ն ինձ ինչ-որ բան սովորեցներ, քան ինքս դասագիրք կարդայի», - խոստովանել է Ալթմանը:

Հիշեցնենք, որ վերջերս ChatGPT-ն կարողացել էր խաբել կապի և խորհրդատվական ծառայություններ մատուցող Schwa ընկերության HR մասնագետներին. այն դիմել էր աշխատանքի համար, իսկ թեստային առաջադրանքը գրել էր շատ ավելի լավ, քան աշխատանքի դիմողների 80%-ը։ Արդյունքում, Schwa-ի HR մասնագետները ցանկացել էին նրան հրավիրել հարցազրույցի:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ