Սմարթ շրթներկ, էկզոկոստյում, թվային հոտեր, թարգմանիչ ակնոց․ ի՞նչ նորարարություններ են ներկայացվել CES 2023-ին

11 հունվարի, 2023  18:51

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում կայացել է տեխնոլոգիաների ամենամեծ միջոցառումը՝ Consumer Electronics Show 2023-ը (CES)։ Ամենամյա այս ցուցահանդեսի ժամանակ տարբեր ընկերություններ ներկայացնում են իրենց հետաքրքիր և նորարարական արտադրանքները։ NEWS Tech-ը ներկայացնում է այս տարվա ցուցահանդեսին ցուցադրված առավել հետաքրքիր սարքերից մի քանիսը, որոնք կիրառվում են առողջապահական նպատակներով։ Դրանց մի մասն արդեն դուրս է եկել շուկա։  

L’Oréal-ի Hapta սմարթ շրթներկը

Կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող L’Oréal ընկերությունը CES 2023-ին ներկայացրել է խելացի սարք, որը ձեռքերի շարժունակության խնդիրներ ունեցողներին կօգնի շրթներկի օգտագործման հարցում։ Hapta-ն ստեղծելու համար ընկերությունը համագործակցել է սպասք արտադրող Verily ընկերության հետ։ Սարքում տեղադրված են սենսորներ, որոնք ապահովում են շրթներկի կիրառման սահուն փորձառություն։ Սարքի մանրածախ գիննը 150-200 ԱՄՆ դոլար է։

Արյան ճնշումը չափող սարք

Տարիներ շարունակ Valencell ընկերությունն արտադրում է սրտի զարկերի հաճախականությունը չափող օպտիկական սենսորներ, սակայն CES 2023-ին այն ներկայացրել է մատների ծայրի միջոցով արյան ճնշումը չափելու սարքի նախատիպ, որն օգտագործում է ֆոտոպլետիզմոգրաֆիայի (PPG) սենսորներ: Արյան ճնշումը չափելու համար ատացված տեղեկությունը սարքը համակցում է ալգորիթմների և մարդու տարիքի, քաշի, սեռի և հասակի հետ:

Valencell-ը նախատեսում է այս սարքը առաջարկել կլինիկաներին և հիվանդանոցներին, ինչպես նաև անհատական օգտագործման համար, թեև սարքը դեռ պետք ստանա ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) հաստատումը։

 

Apogee էկզոկոստյում

German Bionic ընկերությունը ներկայացրել է իր Apogee էկզոկոստյումը։ Այն նպատակ ունի օգնել աշխատողներին, որպեսզի ֆիզիկական աշխատանք կատարելու ժամանակ նրանց մարմնին հնարավորինս քիչ ծանրաբեռնվածություն պատճառվի։ Այս էկզոկոստյումի օգնությամբ մարդը կարող է մեջքի ստորին հատվածում մինչև 30 կգ ծանրություն տանել։ Բացի դրանից, այն նաև օգնում է քայլելու ժամանակ և նպաստում ընդհանուր առմամբ հոգնածության նվազեցմանը։  

Ընկերությունը մշտապես հավաքում և վերլուծում է տվյալները աշխատողների գործունեության մասին և դրանք տրամադրում օգտատերերին, իսկ երբ այս էկզոկոստյումը կրողն աշխատանքի ժամանակ անում է շարժումներ, որոնք կարող են վնասել նրա օրգանիզմը, համակարգն ավտոմատ կերպով զգուշացնում է այդ մասին։ Էկզոկոստյումն առայժմ հասանելի է միայն պահեստներում աշխատողների համար։

Մեզի անալիզ հենց զուգարանակոնքում

Withings ընկերությունը CES 2023-ին ներկայացրել է U-Scan սարքը, որը տեղադրվում է հենց զուգարանակոնքում՝ մեզն անալիզի ենթարկելու համար։ U-Scan-ն ունի երեք տարբեր քարտրիջներ, որոնք տարբեր նպատակների են ծառայում։ Առաջինը հետևում է մարդու դաշտանային ցիկլին և պտղաբերությանը՝ չափելով հորմոնալ արտադրությունը, ինչը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր ցանկանում հղիանալ կամ խուսափել դրանից: Երկրորդ քարթրիջը սնուցման կարգավիճակը չափելու համար է: Այն կհուշի, թե արդյոք դուք բավականաչափ սպիտակուցներ, վիտամին C եք ստանում, թե ոչ։ Երրորդը բժշկական մասնագետների համար է և օգտագործվում է հիվանդի վիճակը տան պայմաններում մշտադիտարկելու, կլինիկական փորձարկումների կամ ​​բժշկական հետազոտությունների համար:

Withings-ը նախատեսում է սարքը շուկա դուրս բերել այս տարվա ընթացքում, այն կարժենա մոտ 500 ԱՄՆ դոլար։ Ընկերությունը նաև նախատեսում է ստեղծել նոր քարտրիջներ, որոնք այլ նպատակների կծառայեն։

 

Թվային հոտեր

Հոտը մարդու ամենահզոր զգայարաններից մեկն է հիշողություններ և զգացմունքներ առաջացնելու համար: Քանի որ վիրտուալ իրականությունը դառնում է ավելի տարածված ու իրատեսական, ակնկալվում էր, որ այս աշխարհում շուտով հնարավոր կլինի նաև արհեստականորեն բույրեր ստեղծել՝ վիրտուալ աշխարհն էլ ավելի իրական դարձնելու համար։ Հենց դրանով է զբաղվում ԱՄՆ Վերմոնտ նահանգում տեղակայված OVR ընկերությունը, որը ցուցահանդեսին ներկայացրել է Smell-O-Vision-ի ժամանակակից թարմացումը, որը բուրմունք է հաղորդում վիրտուալ աշխարհին:

Բացի նրանից, որ այս տեխնոլոգիան տեսախաղերն ավելի իրական կդարձնի, ընկերությունն ասում է, որ իր արտադրանքը կարող է օգնել հանգստացնելու այն պացիենտների նյարդերը, որոնք թերապևտիկ պայմաններում VR տեխնոլոգիաներ են կիրառում: Ըստ The Washington Post-ի՝ մի գեղեցիկ օր այն կարող է ստանալ այնքան բնական բույր, որքան այգու խոտի բույրն է։

Սարքը նախատեսվում է շուտ դուրս բերել այս տարվա վերջին:

Smell-O-Vision.jpg (101 KB)

Լսողության սարք 99 դոլարով

Լսողության սարքերը դեռ աներևակայելիորեն թանկ են՝ միջինը 2000 դոլար մեկ ականջի համար: Սակայն JLab ընկերությունը հույս ունի 20 անգամ նվազեցնել այդ գինը և CES 2023 ցուցահանդեսին ներկայացրել է նոր սարքեր՝ ընդամենը 99 դոլար արժողությամբ։ Դրանք համատեղելի են iOS-ի և Android-ի հետ և պետք է շուկա դուրս գան այս աշնանը։

Արտաքին տեսքի առումով դրանք միջանկյալ տեղ են զբաղեցնում ավանդական լսողական սարքերի և անլար ականջակալների միջև, և ավելի շատ անլար ականջակալների են նման, ինչը, ըստ մասնագետների, կնպաստի, որպեսզի դրանք հանրաճանաչ դառնան հատկապես երիտասարդների շրջանում, որոնցից շատերը լսողության խնդիրներ ունեն:

JLab hearing aid.JPG (83 KB)

Ակնոց, որը նաև թարգմանում է

Վերջին տասնամյակի ընթացքում թարգմանչական հավելվածները հեշտացրել են ճանապարհորդությունները։ Բայց երբևէ մտածե՞լ էիք, թարգմանության համար գուցե այլևս կարիք չլինի օգտվել հեռախոսից։ Էլեկտրոնիկայի չինական TCL ընկերությունը Լաս Վեգասում կայացած ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է իր RayNeo X2 AR ակնոցը, որը կարող համաժամանակյա թարգմանություն ապահովել այն կրողի համար։

 Օգտատերը թարգմանությունը լսում է ակնոցի շրջանակի՝ ականջների մոտ գտնվող եզրերին առկա բարձրախոսների միջոցով։ CNET-ի թղթակից Սքոթ Սթայնը, որը փորձել է ակնոցը, ասել է, որ շատ տպավորված է։ Թեև նա նշել է, որ ակնոցը թարգմանում է ցանկացած բան, ինչ լսում է, այդ թվում ակնոցը կրողի խոսքը։

Բացի դրանից, ակնոցն օգտատիրոջ կարող է հուշել, թե որ ճանապարհով ուր կարելի է գնալ, նաև հնարավորություն է տալիս կարդալ տեքստային հաղորդագրություններ և պատասխանել դրանց։

 

Ճանապարհի հուշարար

Քարտեզների հավելվածների շնորհիվ մեզանից շատերն այլևս հազվադեպ են մոլորվում, սակայն նման հավելվածների օգտագործումը ենթադրում է, որ պարբերաբար պետք է նայել հեռախոսի կամ այլ սարքի էկրանին։ Սա վտանգավոր կարող է լինել, երբ մարդը քայլելու ընթացքում է դա անում, սակայն դա առավել վտանգավոր է, երբ մարդը նույնն անում է ավտոմեքենա վարելու ընթացքում։

Ճապոնական Loovic ընկերությունը CES 2023-ին ներկայացրել է նոր սարքի նախատիպ, որն ուղղությունների մասին հուշումները մարդուն է հասցնում հատուկ խոսափողի միջոցով (մարդն այն լսում է ականջակալի միջոցով) կամ մարդու մաշկի վրա թրթռումների միջոցով։

Սարքը ստեղծվել է հատկապես ճանաչողական խանգարումներ ունեցող մարդկանց համար, որոնք դժվարանում են ավանդական ձևերով ուղղություններին հետևելու հարցում, թեև այն կարող է օգնել յուրաքանչյուր մարդու, ինչի շնորհիվ մարդն այլևս ստիպված չի լինի անընդհատ նայել հեռախոսին կամ մեքենայի էկրանին:


 
 
 
 
  • Արխիվ