Իլոն Մասկը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում. նա աշխարհում առաջին մարդն է, որը մեկ տարում ավելի քան $182 մլրդ է կորցրել

11 հունվարի, 2023  10:15

Tesla, SpaceX ընկերությունների և Twitter սոցցանցի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտնվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ գերազանցելով «պատմության մեջ անձնական հարստության ամենամեծ կորստի» համաշխարհային ռեկորդը:

2021 թ․ նոյեմբերին Մասկը աշխարհի ամենահարուստ մարդն էր՝ 340 միլիարդ դոլար կարողությամբ: Այդ ժամանակից ի վեր, Forbes-ի գնահատմամբ, նա մոտ 182 միլիարդ դոլար է կորցրել, թեև այլ աղբյուրներ պնդում են, որ իրական գումարը կարող է մոտ լինել 200 միլիարդ դոլարին:

Թեև ճշգրիտ թիվը գրեթե անհնար է նշել, Մասկի ընդհանուր կորուստները զգալիորեն գերազանցում են  ճապոնական տեխնոլոգիական ոլորտի ներդրող Մասայոշի Սոնի 2000 թ․ սահմանած նախկին ռեկորդը՝ 58,6 միլիարդ դոլար:

Որքա՞ն գումար ունի Իլոն Մասկը հիմա

2023 թ․ հունվարի դրությամբ Մասկի կարողությունը կազմում է մոտ 138 միլիարդ դոլար։ Իսկ ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ 2023 թ․ հունվարի 11-ի դրությամբ նրա կարողությունը կրճատվել է մինչև 129 միլիարդ․ տարեսկզբից նա կորցրել է ևս մոտ կես միլիոն դոլար։

Աշխարհի ամենահարուստ մարդու կարգավիճակը նա դեռ 2022 թ․ է զիջել LVMH (Louis Vuitton Moët Hennessy) շքեղ ապրանքների կոնգլոմերատի հիմնադիր Բեռնար Առնոյին, որի կարողությունը, ըստ Bloomberg-ի, այժմ գնահատվում է 178 միլիարդ դոլար։

Ուշագրավ է, որ 2021 թ․ Իլոն Մասկը դարձավ աշխարհում երկրորդ մարդը, ում կարողությունը հասավ 200 միլիարդ դոլարի. առաջինը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն էր, որն այժմ միլիարդատերերի ցուցակի չորրորդ տեղում է՝ 113 միլիարդ դոլար կարողությամբ։

Ինչո՞ւ Իլոն Մասկը կորցրեց իր կարողության մեծ մասը

Իլոն Մասկի կարողության զգալի մասը կապված է Tesla-ի բաժնետոմսերի հետ, որոնք 2022 թ․ նվազել են 65%-ով: Բաժնետոմսերի անկումն արագացավ 2022 թ․ հոկտեմբերին, երբ Մասկը մոտ 44 միլիարդ դոլարով գնեց Twitter-ը:

Այս գործարքի մասին տեղեկությունը, ինչպես նաև Մասկի հանդուգն պահվածքը Twitter-ում անհանգստություն առաջացրեց Tesla-ի շատ ներդրողների մոտ, ինչի հետևանքով նրանք սկսեցին վաճառել իրենց բաժնետոմսերը, և դրանց գինն սկսեց ընկնել։ Twitter-ի ձեռքբերումը ֆինանսավորելու և ընկերության համար անվտանգության բարձիկի պես մի բան ստեղծելու համար Մասկն ինքը վաճառեց Tesla-ի՝ իրեն պատկանող միլիարդավոր դոլարների բաժնետոմսեր։ Դա էլ ավելի արագացրեց բաժնետոմսերի գնանկումը, ինչից հետո Մասկը խոստացավ այլևս չվաճառել դրանք մինչև 2024 թ․։ Հունվարի 11-ի դրությամբ Tesla-ի մեկ բաժնետոմսը գնահատվում է 118 դոլար։

Դեկտեմբերի վերջին Tesla-ի շուկայական արժեքը նվազել է $85 մլրդ-ով, իսկ ընկերության կապիտալիզացիան նվազել է մինչև $390 մլրդ. հունվարին այն գնահատվում էր $1,2 տրլն։

Չնայած այս ամենին, Tesla-ն շարունակում է մնալ ավտոմեքենաներ արտադրող աշխարհի ամենաթանկ ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան 100 միլիարդ դոլարով ավելի է նրա ամենամոտ մրցակից Toyota-ի կապիտալիզացիայից։

2022 թ․ դեկտեմբերի դրությամբ Մասկին պատկանում է Tesla-ի բաժնետոմսերի մոտ 13%-ը, որոնք նրան ապահովում են $42,4 մլրդ։ Նրան պատկանող Twitter-ը գնահատվում է 11,6 միլիարդ (թեև նա այն մի քանի անգամ ավելի թանկ է գնել), The Boring Company-ն՝ 3,33 միլիարդ, իսկ Մասկի ամենաթանկ ակտիվը SpaceX-ն է. այս ընկերությունում նրա ունեցած մասնաբաժինը, ըստ Bloomberg-ի, արժե մոտ 48,9 մլրդ դոլար։ 


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ