Իլոն Մասկը 2022-ին կորցրել է $140 մլրդ, բայց մնում է աշխարհի 2-րդ ամենահարուստ մարդը. մյուս միլիարդատերերի համար ևս տարին առատաձեռն չէր

28 դեկտեմբերի, 2022  10:23

Տարեսկզբից Tesla-ի բաժնետոմսերն էժանացել են 68%-ով, ինչի հետևանքով ընկերության ղեկավար Իլոն Մասկը 2022 թ․ կորցրել է մոտ 140 մլրդ դոլար։ Չնայած դրան, նա շարունակում է մնալ աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը։

Իլոն Մասկը և նրա հարստությունը

Ըստ Businessinsider-ի՝ Մասկի կարողությունը այս տարվա սկզբին կազմել է 300 միլիարդ դոլար, և նա գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Նա կորցրել է այս գումարի կեսից ավելին, այդ թվում՝ Tesla-ի բաժնետոմսերի անկման պատճառով. էլեկտրամոբիլների ընկերության ներդրողները անհանգստացած են, որ Մասկը բավարար ուշադրություն չի դարձնում ընկերությանը և զբաղվում է այլ ձեռնարկություններով, մասնավորապես՝ Twitter-ով:

Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ 2022 թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ Մասկի նախկին կարողությունից այժմ մնացել է ընդամենը 130 միլիարդ դոլար, ինչը տարվա սկզբին նրա ունեցածի կեսից էլ պակաս է։

Այս տարվա հոկտեմբերի վերջին Մասկը 44 մլրդ դոլարով գնեց Twitter-ը, ինչից հետո Tesla-ի բաժնետոմսերի գինը 50%-ով նվազեց։ Twitter-ի ձեռքբերումը ֆինանսավորելու և ընկերության համար անվտանգության բարձիկ ստեղծելու համար Մասկը նաև վաճառել է Tesla-ի միլիարդավոր արժողությամբ բաժնետոմսեր։ Սա նույնպես հանգեցրեց բաժնետոմսերի գների անկմանը, որից հետո Մասկը խոստացավ մինչև 2024 թ․ բաժնետոմսեր չվաճառել։

Այս պահին, ըստ Bloomberg-ի, Մասկի ամենաթանկ ակտիվը SpaceX-ն է։ Այս ընկերությունում նրա մասնաբաժինը կազմում է մոտ 47 միլիարդ դոլար: Tesla-ում Մասկի մասնաբաժինը մինչ օրս կազմում է մոտ 40 միլիարդ դոլար, իսկ այս ընկերությունում նրա օպցիոնները կազմում են ևս 28 միլիարդ դոլար:

Twitter-ը Մասկի հաջորդ ամենաթանկ ակտիվն է, որը Bloomberg-ը գնահատում է 20 միլիարդ դոլար (չնայած նա այն գնել է կրկնակի բարձր գնով):

Մասկը բաժնեմաս ունի նաև The Boring Company ընկերությունում, որը Bloomberg-ը գնահատել է 3,3 միլիարդ դոլար։ Ըստ այդ գնահատականների՝ ստացվում է, որ Մասկի կարողությունը պետք է կազմի մոտավորապես 138,3 միլիարդ դոլար։

2022-ը առատաձեռն չէր միլիարդատերերի համար

Եթե ուսումնասիրենք Bloomberg Billionaires Index-ը, ապա կնկատենք, որ 2022 թ․ շատ միլիարդատերեր կորցրել են իրենց կարողության մի մասը։

Միլիարդատերերի ցուցակը գլխավորում է մագնատ Բեռնար Առնոն՝ LVMH-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրենը։ Նրա կարողությունը գնահատվում է 163 միլիարդ դոլար, սակայն այս տարի նա կորցրել է եւս 15 միլիարդ։

Վարկանիշի երրորդ տեղն զբաղեցնում է հնդիկ գործարար Գաուտամ Ադանին, որը ներկայումս ունի 116 մլրդ դոլար։ Ի տարբերություն առաջին երկու միլիարդատերերի, նա այս տարի իր կարողությունն ավելացրել է 39,9 միլիարդով։ Այս տարի վաստակած գումարի չափով նա գլխավորում է միլիարդատերերի ցուցակը։

Ցուցակի 6-րդ տեղում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ $106 մլրդ կարողությամբ։ Այս տարի նա կորցրել է իր կարողության կեսից մի փոքր պակաս մասը՝ 86,3 մլրդ, իսկ 2022 թ․ կորցրած գումարի չափով նա 2-րդ տեղում է։

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն այս պահին միլիարդատերերի ցուցակում 25-րդն է՝ 44,4 միլիարդ դոլար ունեցվածքով։ Նա այս տարի կորցրել է երկու անգամ շատ գումար՝ 81,1 մլրդ դոլար։

Տարին հաջող չի եղել նաև կրիպտոարժույթների խոշորագույն բորսաներից մեկի՝ Binance հիմնադիր և գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոյի համար․ նա կորցրել է 84,2 միլիարդ դոլար և այժմ ունի ընդամենը 11,7 միլիարդ դոլար: Նա այժմ միլիարդատերերի ցուցակում զբաղեցնում է 154-րդ տեղը:

Նրա նախկին մրցակից, FTX կրիպտոբորսայի հիմնադիր Սեմ Բենքմեն-Ֆրիդի բախտն ավելի քիչ է բերել: Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում նա կորցրեց գրեթե իր ողջ կարողությունը. Նրա ունեցվածքն իր գագաթնակետին եղած ժամանակ կազմում էր մոտ 26 միլիարդ դոլար, իսկ նոյեմբերի սկզբին, նույնիսկ մինչև նրա կրիպտոբորսայի սնանկացումը, 15,6 միլիարդ դոլար: Նրա հաշվին այժմ մնացել է մոտ 100,000 դոլար։ Եվ բնականաբար, նա դուրս է մնացել միլիարդատերերի ցուցակից։

Հիշեցնենք, որ այս ցուցակից մի քանիսը, մասնավորապես՝ Սեմ Բենքմեն-Ֆրիդը, Ջեֆ Բեզոսը, Մարկ Ցուկերբերգը և Իլոն Մասկը, ներառվել են բրիտանական The Guardian պարբերականի տեխնոլոգիական ընկերությունների 2022 թ․ վատագույն գործադիր տնօրենների ցուցակում։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ