Meta-ն 2023-ին մետավերսի զարգացման վրա կծախսի իր բյուջեի 20%-ը

20 դեկտեմբերի, 2022  15:17

Meta Platforms-ը (Facebook-ի մայր ընկերությունն է) իր ծախսերի մոտ 20%-ը հաջորդ տարի կհատկացնի Reality Labs լաբորատորիայի ֆինանսավորմանը, որը լուծումներ է մշակում լրացված և վիրտուալ իրականության, այդ թվում՝ մետավերսի ոլորտում։ Այս մասին հայտարարել է Meta-ի տեխնիկական տնօրեն Էնդրյու Բոսվորթը:

Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Meta-ի ծախսերի 18%-ը կապված է եղել Reality Labs-ի ֆինանսավորման հետ։ Սա նշանակում է, որ ընկերության ներդրումների հիմնական մասը կշարունակվի ուղղվել ընկերության մյուս հավելվածների՝ Facebook-ի, Instagram-ի, WhatsApp-ի և Messenger-ի զարգացմանը։

Պարբերականը նշում է, որ Meta-ի բաժնետոմսերի գինը 2022 թ․ ընթացքում նվազել է գրեթե 65%-ով։ Այս ֆոնին որոշ փորձագետներ պնդում են, որ մետավերսի նման թանկարժեք և գրեթե ձախողված նախագծի վրա խոշոր ներդրումներ անելու՝ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի որոշումը չի տեղավորվում ողջամտության սահմաններում։ Հենց Reality Labs-ի մշակած Horizon Worlds խաղն է ստիպել Մասկին կրճատել ներդրումներն այլ նախագծերում, ինչպես նաև կրճատել անձնակազմը: Այս տարվա առաջին ինն ամիսներին Reality Labs-ի կորուստները կազմել են 9,4 մլրդ դոլար, մինչդեռ նույն ժամանակահատվածում Meta-ի մյուս հավելվածները (Facebook, Instagram, WhatsApp, Messenger) ընկերությանը բերել են մոտ 32 մլրդ դոլար։

«Ողջ աշխարհում առկա տնտեսական խնդիրները Meta-ի հիմնական բիզնեսի վրա ճնշումների հետ միասին մեր կատարած ներդրումների վերաբերյալ թերահավատության ալիքի աղբյուր են դարձել»,- ասել է Էնդրյու Բոսվորթը՝ հավելելով, որ 2022 թ․ սպասվածից ավելի ծանր տարի էր: Այնուամենայնիվ, նա նշել է, որ կարճաժամկետ նպատակներին հասնելու համար հեռանկարային նախագծերից հրաժարվելը կարող է «աղետալի հետևանքներ» ունենալ։

Արդյո՞ք Horizon Worlds-ը ձախողված է

Horizon Worlds-ը, որը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի Էնդրյու Բոսվորթը՝ խոսելով ապագայի նախագծերի մասին, իրականում այդքան էլ չի արդարացնում իրեն, քանզի այն առանձնապես հետաքրքիր չէ օգտատերերին, նույնիսկ ընկերության աշխատակիցները գրեթե չեն այցելում Horizon Worlds:

Horizon Worlds .JPG (58 KB) 

Սկզբում Meta-ն նախատեսում էր մինչև 2022 թ․ վերջ հասնել նրան, որ Horizon Worlds-ն ունենա օրական 500,000 ակտիվ օգտատեր, սակայն հետագայում ստիպված եղան նշաձողն իջեցնել մինչև 280,000: Սակայն նույնիսկ այդքան օգտատեր նախագծից չի օգտվում։ Wall Street Journal-ի տվյալներով՝ Horizon Worlds-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը չի հասնում 200 000-ի։

Ներքին վիճակագրության համաձայն՝ մետավերսում գտնվող աշխարհների միայն 9%-ի դեպքում է, որ օրական առնվազն 50 մարդ է այցելում: Իսկ մնացած աշխարհների մեծ մասը ստեղծվելուց ի վեր դատարկ է, քանի որ դրանք հետաքրքիր չեն: Ավելին, Horizon Worlds-ի օգտատերերի մեծ մասը լքում է հավելվածը օգտագործման առաջին ամսից հետո: Խնդիրն այն է, որ Horizon Worlds-ում դեռ չկա մոնետիզացիայի այնպիսի հնարավորություն, ինչպիսին կուզեին օգտատերերը, քիչ են հետաքրքիր աշխարհները, ինչպես նաև զրուցակիցները, որոնց հետ կարելի է շփվել։ Շատերը դժգոհում են նաև ավատարների արտաքին տեսքից և հատկապես ոտքերի բացակայությունից, թեև այս խնդիրը խոստացել են լուծել։

Մեկ այլ խնդիր է այն, որ Horizon Worlds-ից օգտվելու համար օգտատերերը պետք է ունենան VR ակնոցներ, ինչպիսին Meta Quest-ն է: Նախ, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ դրանք: Բացի դրանից, թվում է, որ օգտատերերն էլ առանձնապես հետաքրքրված չեն այս սարքերով, քանի որ դրանց նկատմամբ պահանջարկը նույնպես նվազում է․ գնորդների ավելի քան 50%-ը վեց ամիս հետո դադարում է օգտագործել դրանք։

Այս բոլոր խնդիրներով և նախագծի ունեցած հսկայական կորուստներով հանդերձ ընկերությունը շարունակում է հավատալ, որ ապագան պատկանում է մետավերսին: Այդպես են կարծում նաև Info-Tech Research Group-ի վերլուծաբանները, որոնք վերջերս արված մի վերլուծությունում մետավերսը նույնպես ներառել էին մոտ ապագայի թրենդային տեխնոլոգիաների ցանկում։  


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ