Մոտ ապագայի տեխնոլոգիաները․ ո՞ր ոլորտները թրենդային կլինեն 2023-ին

12 դեկտեմբերի, 2022  21:02

Բլոկչեյն, ինքնակառավարվող մեքենաներ, արհեստական բանականություն, քվանտային հաշվիչներ։ Վերջին տարիներին այս ամենի մասին շատ է խոսվում։ Վերլուծաբանները ներկայացրել են, թե իրենց կարծիքով՝ տեխնոլոգիական որ միտումներն առանցքային կլինեն 2023 թ․

Մետավերս

Դեռ մեկ տարի առաջ գրեթե ոչ ոք չէր խոսում մետավերսի մասին։ Սակայն 2022 թ․ այս բառը դարձավ երկրորդը «տարվա բառի» կոչման հավակնորդների ցանկում՝ ըստ Օքսֆորդի բառարանի, իսկ 2023 թ․ մետավերսը խոստանում է դառնալ գրեթե հիմնական տեխնոլոգիական միտումը, նշում են Info-Tech Research Group-ի վերլուծաբանները։

Մետավերսը եռաչափ աշխարհի թվային մոդելավորում է, որում օգտագործվում են վիրտուալ և ընդլայնված իրականության գործիքներ: Մետավերսի ստեղծողների շարքում առաջատարներն այժմ համարվում են ամերիկյան տեխնոլոգիական հսկաներ Microsoft-ը, Google-ը և Meta-ն:

Մինչ այժմ այս ընկերություններից ոչ մեկին չի հաջողվել մետավերսի վրա հիմնված հաջող արտադրանք ստեղծել: Առաջին հերթին դա պայմանավորված է մետավերսի իրականացման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների բարձր արժեքով։ Օրինակ՝ Meta-ի Horizon Worlds-ում գտնվող աշխարհների միայն 9%-ի դեպքում է, որ օրական առնվազն 50 մարդ է այցելում: Իսկ մնացած աշխարհների մեծ մասը ստեղծվելուց ի վեր դատարկ է: Ավելին, Horizon Worlds-ի օգտատերերի մեծ մասը լքում է հավելվածը օգտագործման առաջին ամսից հետո:

Սակայն վիրտուալ և լրացված իրականության սարքերի գներն աստիճանաբար նվազում են, և ավելի ու ավելի շատ մեծ ընկերություններ, ինչպիսիք են McDonald's-ը, Lego-ն, Walmart-ը և Victoria's Secret-ը, հայտարարում են մետավերսում ներկայացված լինելու ցանկության մասին: YouGov-ի անցկացրած հարցման համաձայն՝ հարցվածների գրեթե կեսն (44%) ասել է, որ կցանկանար աշխատել մետավերսում և կարծում է, որ դա կարող է բարձրացնել իրենց արտադրողականությունը:

Ըստ վերլուծաբանների՝ 2023 թ․ կարող է որոշիչ լինել այն հարցում, թե ինչպես կզարգանա մետավերսի արդյունաբերությունը հաջորդ տասնամյակում։ Ինչ ուղղությամբ էլ գնա այդ զարգացումը, մետավերսը, ըստ փորձագետների, կարող է մինչև 2030 թ․ 5 տրիլիոն դոլար ավելացնել համաշխարհային տնտեսությանը:

Ադապտիվ և գեներատիվ ԱԲ

adaptiv and generative AI.JPG (34 KB)

Ըստ նույն Info-Tech-ի հետազոտության՝ 2023 թ. արհեստական բանականությունը կդառնա ամենապահանջված ներդրումային ուղղությունը։ Հարցված ընկերությունների ներկայացուցիչների 35%-ը նշել է, որ իրենք արդեն ներդրումներ են կատարել արհեստական բանականության ոլորտում, հարցվածների 44%-ն ասել է, որ պլանավորում են հաջորդ տարի ներդրումներ կատարել այս տեխնոլոգիայում։

Վերլուծաբաններն առանձնացնում են արհեստական ​​բանականության երկու տեսակ, որոնց ուշադրություն կդարձնեն և ներդրումներ կանեն ՏՏ ոլորտի ընկերությունները։ Նոր միտումը, ըստ փորձագետների և վերլուծաբանների, կլինի ադապտիվ և գեներացնող արհեստական բանականությունը:

Գեներատիվ ԱԲ-ն, օգտագործելով նեյրոնային ցանցերը, ուսումնասիրում է մեծ քանակությամբ տվյալներ և, հիմնվելով սովորածի վրա, այնուհետև ստեղծում է իր յուրօրինակ բովանդակությունը: Դա կարող է լինել պատկերներ, տեսանյութեր, երաժշտություն և այլն, որոնք, օրինակ, կարող են օգտագործվել զվարճանքի ոլորտում:

Ադապտիվ ԱԲ-ն, ինչպես ենթադրում է անունը, ի վիճակի է ինքնուրույն հարմարվել փոփոխվող պայմաններին և առաջադրանքներին: Այն մեծ քանակությամբ տվյալներ է օգտագործում շարունակական ինքնուսուցման համար և ի վիճակի է լուծել խնդիրներ, որոնք ի սկզբանե մարդու կողմից նախատեսված չեն եղել ալգորիթմներում: Այս տեսակի ԱԲ-ն կարող է մեծապես բարելավել կազմակերպությունների արդյունավետությունը, որոնք պետք է արագ արձագանքեն արտաքին փոփոխություններին:

Ամպայինից անցում դեպի եզրային հաշվարկի

edge computing.JPG (54 KB)
Ամպային տեխնոլոգիաներն արդեն հաստատվել են որպես թվային փոխակերպման հուսալի գործիք: Ամպային պրովայդերների շնորհիվ բիզնեսները ձերբազատվում են սերվերային  սարքավորումներ ձեռք բերելու, դրանք ինքնուրույն սպասարկելու անհրաժեշտությունից և սերվերների պաշտպանության մասին մտածելուց։ Բացի դրանից, ամպային լուծումները ճկունություն են հաղորդում ընկերություններին իրենց բիզնեսում. անհրաժեշտության դեպքում ընկերությունները կարող են հեշտությամբ բարձրացնել դրանց հզորությունը, ինչպես նաև ազատվել ավելորդ հզորությունից:

Այնուամենայնիվ, ամպային տեխնոլոգիաները նույնպես ունեն իրենց թերությունները։ Որոշ դեպքերում տվյալների մշակման արագությունը չափազանց կարևոր է. օրինակ՝ ամպային խաղերում, խելացի մեքենաների կառավարման համակարգերի համար, զարգացած ցանցային ենթակառուցվածքով «խելացի քաղաքներ» ստեղծելիս: Ամպային ծառայությունների պրովայդերների տվյալների կենտրոնները կարող են շատ հեռու լինել վերջնական հանգույցներից, որոնք տեղեկություններ են փոխանցում միմյանց: Այդ իսկ պատճառով ընկերություններն սկսել են մտածել եզրային հաշվարկների (Edge computing) օգտագործման մասին։

Այս տեխնոլոգիան ենթադրում է տեղեկությունների մշակում այն սերվերների կողմից, որոնք հնարավորինս մոտ են օգտատերերին: Սա նվազեցնում է ցանցի արձագանքման ժամանակը և բարելավում ցանցի թողունակությունը: Ըստ ReportLinker-ի՝ եզրային հաշվարկների շուկան արագորեն կաճի առաջիկա տարիներին: Տարեկան միջին աճը 2022-2028 թվականներին կկազմի 21,6%։ Իսկ ըստ Precedence Research-ի կանխատեսումների՝ այս շուկայի ծավալը 2023 թ․ վերջին կկազմի 51,2 միլիարդ դոլար։

Գենետիկական ճարտարագիտություն

CRISPR.JPG (39 KB)

2020 թ. վերջին ֆրանսուհի Էմանուել Շարպանտիեն և ամերիկուհի Ջենիֆեր Դուդնան ստացան քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ՝ CRISPR-Cas9 գենետիկ մոդիֆիկացիայի տեխնոլոգիայի ստեղծման համար, որը հայտնի է որպես «Գենետիկական մկրատ»: Դրա օգնությամբ տեսականորեն կարելի է խմբագրել մարդու ԴՆԹ-ն ու ազատվել մուտացիաներից ու հիվանդություններից։ Իրականում, դրան հասնելու համար դեռ շատ ժամանակ կպահանջվի․ ողջ աշխարհի գիտնականները եկել են այն եզրակացության, որ այս տեխնոլոգիան բավականաչափ կատարյալ չէ, և մարդկանց փորձարկումների ժամանակ, գենոմում հեշտությամբ կարող են չպլանավորված փոփոխություններ կատարվել: Նման սխալի հետեւանքները կարող են աղետալի լինել։ Սակայն գիտնականները կարող են առանց խնդիրների փորձեր կատարել ոչ կենդանի օրգանիզմների հետ:

Ֆուտուրիստ Բեռնարդ Մարը կարծում է, որ գենետիկական ճարտարագիտությունը 2023 թ․ կդառնա հիմնական տեխնոլոգիական միտումներից մեկը։

Իսկ նանոտեխնոլոգիայի կիրառումը մարդուն կօգնի փոխել ոչ միայն բույսերի, այլեւ նյութերի բնույթը՝ «դրանց ավելացնելով բոլորովին նոր հատկանիշներ՝ ջրակայունություն կամ ինքնավերականգնման կարողություն»։

Սուպերհավելվածներ

supper apps.JPG (35 KB)

Սուպերհավելվածները համատեղում են բջջային հավելվածի, հարթակի և մի ամբողջ էկոհամակարգի առանձնահատկությունները: BlackBerry-ի համահիմնադիրներից Մայք Լազարիդիսը դեռ 2010 թ․ սուպերհավելվածը սահմանել է որպես «բազմաթիվ հավելվածների փակ էկոհամակարգ»:

Սուպերհավելվածները ստեղծվում են միայն խոշոր ՏՏ կորպորացիաների կողմից: Ամենավառ օրինակներն են չինական WeChat-ը, որը միավորում է հազարավոր տարբեր հավելվածներ բառացիորեն կյանքի բոլոր ոլորտների համար, չինական AliPay-ը, մալազիական Grab-ը և, իհարկե, ամերիկյան Facebook-ն ու Uber-ը: Ռուսաստանում ստեղծված այդպիսի էկոհամակարգերից են Yandex-ը, Tinkoff-ը և Sberbank-ը:

Այսպիսի պրոդուկտները շուկայում են արդեն մի քանի տարի: Սակայն Gartner-ի վերլուծաբանները դրանք ներառել են 2023 թ․ տեխնոլոգիական 10 հիմնական միտումների շարքում: Ըստ վերլուծական ընկերության կանխատեսումների՝ մինչև 2027 թ․ աշխարհի բնակչության կեսից ավելին կդառնա սուպերհավելվածներից առնվազն մեկի ակտիվ օգտատեր։


 
 
 
 
  • Արխիվ