Իլոն Մասկը ցանկանում է հեռանա՞լ Twitter-ի ղեկավարի պաշտոնից. նա հարցում է անցկացնում և խոստացել է հետևել դրա արդյունքներին

19 դեկտեմբերի, 2022  10:40

Իլոն Մասկը Twitter-ի գրանցված օգտատերերի շրջանում հարցում է անցկացնում այն մասին, թե արդյոք ինքը պետք է հեռանա սոցցանցի ղեկավարի պաշտոնից։

«Արդյո՞ք ես պետք է հեռանամ Twitter-ի ղեկավարի պաշտոնից: Ես կհետևեմ այս հարցման արդյունքներին»,- գրել է նա։

Այս պահին հարցմանը մասնակցել է ավելի քան 12 միլիոն օգտատեր, որոնց մոտ 56%-ը կարծում էր, որ Մասկն իսկապես պետք է հեռանա։ Հարցման ավարտին դեռ մի քանի ժամ կա, և եթե Twitter-ում ունեք օգտահաշիվ, ապա դուք նույնպես կարող եք կարծիք հայտնել։

twitter-musk-poll

Գործադիր տնօրենի պաշտոնը թողնելու մասին մտքերը, ամենայն հավանականությամբ, Մասկի մոտ ի հայտ են եկել մի շարք սխալ հաշվարկներից հետո, որոնց օգտատերերը կարծես թե դրական չեն արձագանքել։  

Twitter-ը, որը պետք է լիներ խոսքի և տեղեկատվության ազատության բաստիոն, վերջերս պաշտոնապես արգելել է սոցիալական այլ հարթակների առաջմղումը սոցցանցում. այսուհետ Twitter-ում օգտատերերը չեն կարող կիսվել այլ սոցցանցերի, այդ թվում՝ իրենց սեփական օգտահաշվիների հղումներով։ Սահմանափակումը վերաբերում է հետևյալ հարթակներին՝

    • Facebook,
    • Instagram,
    • Mastodon,
    • Truth Social,
    • Tribel,
    • Post,
    • Nostr։

Բացի դրանից, Twitter-ը վերջերս լուծարել է Վստահության և անվտանգության հարցերով խորհուրդը և ժամանակավորապես արգելափակել մի քանի լրագրողների օգտահաշիվները, որոնք, Մասկի կարծիքով, հետևում էին իրեն։

Այլ լրագրողների միջոցով նա վերջերս հրապարակել է Twitter-ի գաղտնի ֆայլերի մի մասը, որոնք տեղեկություններ են պարունակում ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ ղեկավարության մշտական ​​շփումների և հարթակի վրա Հետաքննությունների դաշնային բյուրոյի ունեցած ազդեցության մասին։

Մինչ հարցումը հրապարակելը Մասկը ներողություն է խնդրել հարթակի թերությունների համար և հավելել, որ ապագայում Twitter-ի կանոնների լուրջ փոփոխություններից առաջ այդ հարցով քվեարկություն կանցկացվի։

Չնայած դրան, Մասկի վերջին գործողությունները, ինչպես օրինակ կապույտ ստուգանիշի հետ կապված պատմությունը, կարծես թե բացասաբար են անդրադարձել սոցցանցի հեղինակության վրա, որն առանց այդ էլ խնդիրներ ունի գովազդատուների հետ, խնդիրներ, որոնք լուրջ վնասներ են պատճառում ընկերությանը։

Այսօր տուժում է ոչ միայն Twitter-ի, այլև Tesla-ի բիզնեսը: Երբ Մասկը գնեց Twitter-ը, Tesla-ի շատ ներդրողների մոտ մտահոգություն առաջացավ, որ նա անուշադրության կմատնի էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերությունը և իր ողջ ուշադրությունը կկենտրոնացնի սոցցանցին: Նոյեմբերին Tesla-ի բաժնետոմսերի գինը նկատելիորեն նվազեց՝ մինչև 187 դոլար մեկ բաժնետոմսի համար։

Այժմ, ինչպես նշում է The Verge-ը, Tesla-ի բաժնետոմսերի գինն էլ ավելի է իջել՝ հասնելով 52 շաբաթվա նվազագույնին. այսօր ընկերության մեկ բաժնետոմսն արժե մոտ 150 դոլար, ինչը գրեթե 50 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ: Ավելին, Մասկը վերջերս Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զիջել է դիրքերը և իջել երկրորդ տեղ։ Այս տարի Tesla-ի բաժնետոմսերի գնանկման պատճառով Մասկը  առնվազն 70 միլիարդ դոլար է կորցրել։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ