Twitter սոցիալական ցանցը պետք է դառնա աշխարհի մասին տեղեկությունների ամենաճշգրիտ աղբյուրը։ Համենայն դեպս, նման նպատակ է դրել Իլոն Մասկը, որը վերջերս է գնել Twitter-ը և ստանձնել ընկերության միանձնյա կառավարումը։
«Twitter-ը պետք է դառնա աշխարհի մասին տեղեկությունների ամենաճշգրիտ աղբյուրը: Սա է մեր առաքելությունը»,- Twitter-ի իր էջում գրել է նա։
Մասկը, իհարկե, նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպես է պատրաստվում կատարել այդ առաքելությունը։ Գուցե, նրա ընկալմամբ, դրան կնպաստեն նոր փոփոխությունները, որոնք ինքը նախատեսում է սոցիալական ցանցի համար։
Շուտով Twitter-ը կունենա գործառույթ, որը թույլ կտա երկար տեքստեր ավելացնել թվիթերյան գրառումներին։ Մասկի խոսքով՝ այս ֆունկցիան «վերջ կդնի նոթատետրից արված անհեթեթ սքրինշոթերին»։
Twitter-ում ներկայումս կա գրառումների սահմանափակում՝ տեքստը չի կարող գերազանցել 280 նիշը: Եվ եթե օգտատերերը չեն կարողանում իրենց ասելիքը տեղավորել 280 նիշում, նրանք ստիպված են լինում իրենց գրառումներին կցել նախապես գրված տեքստերի լուսանկարներ:
Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ երբ հնարավոր կլինի մեծ տեքստեր կցել գրառումներին և արդյոք այն անվճար կլինի բոլորի համար, թե հասանելի կլինի միայն վճարովի բաժանորդագրության դեպքում:
Twitter-ում նաև նախատեսվում է ներդնել լրացուցիչ գործիքներ՝ բոլոր ձևաչափերի բովանդակության մոնետիզացիայի համար: Թե կոնկրետ ինչպես դա կարվի, դեռևս հայտնի չէ։
Մոտ ապագայում նախատեսվում է նաև բարելավել Twitter-ի որոնման ֆունկցիոնալությունը։
«Twitter-ի որոնումն ինձ հիշեցնում է 1998 թ․ Infoseek-ը: Այն նույնպես շուտով շատ ավելի կբարելավվի»,- գրել է Մասկը Twitter-ում:
Մասկի վերջին հայտարարություններից հետո NBC News-ի թղթակից Բեն Քոլինզը նշել է, որ Մասկը, ըստ երևույթին, իրեն է վերագրում Twitter-ի աշխատակիցների ձեռքբերումները, ներառյալ այն մարդկանց ձեռքբերումները, ում աշխատանքից հեռացրել է ընկերությունը ձեռք բերելուց հետո: Ըստ թղթակցի՝ Twitter-ը մեծ տեքստային հաղորդագրությունների փոխանակման գործառույթը փորձարկել է դեռ Մասկի գալուց առաջ։
«Նա իրեն է վերագրում այն աշխատանքի մեծ մասը, որը որոշ աշխատակիցներ արել են նախքան նրանց աշխատանքից կազատեին: Տարեսկզբին Ջեյն Մանչուն Վոնգը, որը հայտնի է հավելվածներում էքսպերիմենտներ անելու իր փորձով, հայտնաբերեց, որ Twitter-ն աշխատում է «Հոդվածներ» ֆունկցիայի վրա՝ ավելի երկար հաղորդագրություններ հրապարակելու համար»,- գրել է նա:
Նախատեսվում է նաև, որ Twitter-ը կսկսի մեկընդմիշտ արգելափակել այն օգտատերերին, որոնք այլոց անունից կներկայանան, նույնիսկ եթե կունեն վերիֆիկացված լինելու մասին վկայող կապույտ ստուգանիշ:
Մասկի խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ, 8 դոլար վճարելով Blue բաժանորդագրության համար, չկարողանան մոլորության մեջ գցել այլ օգտատերերի և կեղծ ինքնության տակ տեղեկություններ չհրապարակեն։
Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ սոցցանցում անվան կամ նկարագրության ցանկացած փոփոխությունից հետո օգտատերը նաև ժամանակավորապես կզրկվի կապույտ ստուգանիշից, մինչև Twitter-ը չստուգի թարմացված տեղեկությունը։
Նախկինում Twitter-ը օգտատերերին նախազգուշացնում էր մինչև օգտահաշիվներն արգելափակելը, սակայն այժմ, երբ հարթակը սկսել է զանգվածային կերպով ստուգել օգտահաշիվները, նախազգուշացումներ չեն լինի, և կեղծ տվյալներ ունեցող բոլոր օգտահաշիվները (եթե հստակ նշված չէ, որ դա «պարոդիա» է) ընդմիշտ կարգելափակվեն։
Որոշ կեղծ օգտահաշիվներ արդեն արգելափակվել են։
Օրինակ՝ վերջերս Twitter-ի ադմինիստրացիան արգելափակել է ավելի քան 2 միլիոն բաժանորդ ունեցող ամերիկացի կատակերգու և դերասանուհի Քեթի Գրիֆինի օգտահաշիվը, քանի որ իր անվան փոխարեն նա Twitter-ի իր էջում նշել էր Իլոն Մասկի անունը։
«Նրան արգելափակել են, քանի որ նա փորձել է ներկայանել մեկ այլ կատակերգուի անվան տակ»,- գրել է Մասկը։
Բացի դրանից, վերջերս երկու տարբեր օգտատերեր կարողացել են Բեն Աֆլեքի և Թոբի Մագուայերի անուններով կեղծ օգտահաշիվներ գրանցել, նրանց համար գնել են վերիֆիկացիայի մասին հավաստող ստուգանիշը և հրապարակումներ արել՝ ազդարարելով «Բեթմեն»-ի և «Սարդ մարդը» ֆիլմերի նոր սերիայի մասին։ Նրանց նույնպես արգելափակել են։
Միևնույն ժամանակ Մասկը չի արգելափակի այն անձի օգտահաշիվը, որը հետևում է իր անձնական ինքնաթիռի ուղևորություններին։ Խոսքը @ElonJet օգտահաշվի մասին է, որը պատկանում է Ջեք Սուինի անունով ամերիկացի մի ծրագրավորողի։ Վերջինս ADS-B Exchange ընկերության թռիչքների տվյալներն օգտագործող բոտի միջոցով հետևում է Մասկի ինքնաթիռին և համապատասխան հրապարակումներ անում, թե երբ և ուր է ուղևորվում այն։
Ստացվում է, որ Մասկի համար խոսքի ազատությունն ավելի կարևոր է, քան անձնական անվտանգությունը։
ամիս
շաբաթ
օր