Binance-ից 24 ժամում $1.9 մլրդ-ի միջոցներ են դուրս բերել․ կրիպտոբորսան դադարեցրել է USDC-ի գործարքները

13 դեկտեմբերի, 2022  18:38

Աշխարհի ամենամեծ կրիպտոբորսայից՝ Binance-ից վերջին 24 ժամում օգտատերերը մոտ 1,9 միլիարդ դոլար են դուրս հանել, ինչի հետևանքով կրիպտոբորսան ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել USDC ստեյբլքոյնի դուրսբերման գործարքները, ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է բլոկչեյն տվյալներով զբաղվող Nansen ընկերությունը։

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Binance-ն անցած շաբաթ թվիթերյան իր էջում հրապարկեց իր պահուստների առկայության մասին վկայող զեկույց, որը պատրաստել էր Mazars աուդիտորական ընկերությունը։ Զեկույցում ասվում էր, որ Binance-ի բիթքոյնի պաշարները նոյեմբերի մեկ օրվա ընթացքում գերազանցել են հաճախորդների ավանդները:

Nansen ընկերությունը նշում է, որ 1․9 մլրդ-ը օրական կտրվածքով ամենամեծ դուրսբերումն հունիսից ի վեր։ Ընկերության ներկայացուցիչն ասել է, որ Binance-ից միջոցների դուրսբերումն ավելանում է հենց կիպտոբորսայի պահուստների մասին հաշվետվությունից հետո ներդրողների շրջանում աճող անորոշության պատճառով։

Կրիպտոարժույթների ոլորտը լուսաբանող CoinDesk հարթակն ավելի վաղ հայտնել էր, որ Binance-ից միայն երկուշաբթի 902 միլիոն դոլարի դուրսբերում է արվել։

Binance-ն արդեն հայտնվել է իրավապահների ճնշման տակ։ ԱՄՆ արդարադատության նախարարությունն արդեն որոշ ժամանակ է, ինչ հետաքննություն է անցկացնում՝ պարզելու, թե որքանով է Binance-ի բիզնեսը համապատասխանում փողերի լվացման դեմ ԱՄՆ օրենքներին։

Binance-ի գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոն թվիթերում հաստատել է, որ USDC կրիպտոարժույթի դուրսբերման զգալի աճ է գրանցվել։ Նա նաև պարզաբանել է, որ դուրսբերման գործարքները ժամանակավորապես կասեցրել են թոքենների փոխանակման նպատակով։

Սեպտեմբերին Binance-ը հայտարարել էր, որ ավտոմատ կերպով կփոխանակի օգտատերերի USD Coin-ի և երկու այլ ստեյբլքոյնի մնացորդներն ու նոր դեպոզիտները իր սեփական արժույթով՝ Binance USD-ով:

Այսօր Չանգպեն Չժաոն հայտարարել է, որ USDC-ի և երկու այլ թոքենների՝ Paxos Standard-ի և Binance USD-ի փոխանակման գործարքը պահանջում է օգտագործել ավանդական ԱՄՆ դոլար Նյու Յորքի բանկերից մեկում:

«Բանկերը դեռ մի քանի ժամ չեն գործում, ակնկալում ենք, որ իրավիճակը կվերականգնվի, երբ բանկերը բացվեն»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Binance-ը հոկտեմբերին հայտարարել էր, որ այդ ժամանակ մեծությամբ երկրորդ կրիպտոբորսան՝ FTX-ը, խարդախություններ է անում որոշ գործարքների հետ։ Այդ հայտարարության ֆոնին FTX-ի հաճախորդներն սկսեցին զանգվածաբար դուրս բերել իրենց միջոցները, ինչի հետևանքով կրիպտոբորսան բախվեց իրացվելիության խնդրին։ Binance-ն այդ ժամանակ FTX-ի հետ իրավաբանորեն չպարտադրող հայտարարություն ստորագրեց այն գնելու մասին, սակայն քիչ անց հրաժարվեց դրանից։ Արդյունքում նոյեմբերի 11-ին FTX կրիպտոբորսան հայտարարեց սնանկության մասին, իսկ Սեմ Բենքմեն-Ֆրիդը հեռացավ տնօրենի պաշտոնից։ Այսօր արդեն նրան արդեն ձերբակալել են Բահամյան Կղզիներում։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ