FTX կրիպտոբորսայի հիմնադիրը ձերբակալվել է Բահամյան կղզիներում

13 դեկտեմբերի, 2022  10:59

Բահամյան կղզիների ոստիկանությունը ձերբակալել է սնանկացած FTX կրիպտոբորսայի հիմնադիր և նախկին տնօրեն Սեմ Բենքմեն-Ֆրիդին, հայտնել է երկրի գլխավոր դատախազը։

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Բենքմեն-Ֆրիդը Բահամյան կղզիների մայրաքաղաք Նասաուի դատարան պետք է ներկայանա երեքշաբթի։ Ոստիկանությունը հայտնել է, որ նա ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահամյան կղզիների օրենքների դեմ «Ֆինանսական իրավախախտումների» համար:

Անցյալ ամիս FTX-ը սնանկության դիմում ներկայացրեց ԱՄՆ-ում, ինչի արդյունքում շատ օգտատերեր չկարողացան իրենց միջոցները դուրս բերել այս կրիպտոբորսայից: Անցյալ ամիս դատարանի ներկայացրած տվյալների համաձայն՝ FTX-ն իր 50 խոշորագույն պարտատերերին պարտք է գրեթե 3,1 միլիարդ դոլար:

Դեռ պարզ չէ, թե սնանկության գործընթացի վերջում բորսայում դրամական միջոցներ ունեցած մարդկանցից քանիսին կվերադարձվեն իրենց գումարները, թեև շատ փորձագետներ զգուշացրել են, որ դա կարող է լինել նրանց գումարների փոքր մասը:

Ինչպե՞ս սնանկացավ FTX-ը

FTX-ը, որը գնահատվում էր 32 միլիարդ դոլար, սնանկացավ ընդամենը մի քանի օրվա ընթացքում. նախ մրցակից Binance կրիպտոբորսան հայտարարեց, թե FTX խարդախություններ է կատարում որոշ թոքենների հետ։ Դրանից հետո FTX հաճախորդներն սկսեցին զանգվածային կերպով դուրս բերել իրենց միջոցներն այս կրիպտոբորսայից, ինչի հետևանքով կրիպտոբորսան իրացվելիության խնդիր ունեցավ։ Դրանից հետո Binance-ը խզեց FTX-ը գնելու՝ իրավական ուժ չունեցող համաձայնագիրը: Նոյեմբերի 11-ին FTX կրիպտոբորսան հայտարարեց սնանկության մասին, իսկ Սեմ Բենքմեն-Ֆրիդը հեռացավ տնօրենի պաշտոնից։

Նախքան FTX-ի սնանկացումը, 30-ամյա Բենքմեն-Ֆրիդի կարողությունը գնահատվում էր 15,6 միլիարդ դոլար. նրա մասնաբաժինը FTX-ում կազմում էր 53%, որը մինչև խնդիրների սկսվելը կազմում էր 6,2 մլրդ դոլար, իսկ նրա Alameda Research ընկերությունն ապահովում էր ևս 7,4 մլրդ դոլար: Այնուամենայնիվ, FTX-ի փլուզումը պատճառ դարձավ, որ երկու ակտիվներն էլ արժեզրկվեն և այժմ դրանք գնահատվում են $1։ Արդեն նոյեմբերի 11-ին Բենքմեն-Ֆրիդի կարողությունը նվազել էր մինչև 991,5 մլն դոլար, այսինքն՝ ընդամենը մեկ օրով գրեթե 94%-ով։

ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը և արդարադատության նախարարությունը ներկայումս հետաքննում են FTX-ի սնանկության գործը։ 

FTX-ի պատմությունը ողջ աշխարհի կարգավորիչների ուշադրությունը հրավիրել է կրիպտոարժույթների շուկայի վրա: Թեև այս շուկան գոյություն ունի բավականին երկար ժամանակ, սակայն երկրների մեծ մասում դեռևս չկան այս շուկան կարգավորող օրենքներ: Այնուամենայնիվ, FTX-ի սնանկացումը, որն ազդել է միլիոնավոր ներդրողների վրա և առաջացրել միլիարդավոր վնասներ, ստիպում է փոխել մոտեցումն այս ոլորտի կարգավորումների հարցում։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ