Binance-ը հրաժարվում է FTX-ի հետ գործարքից. Bitcoin-ի գինը հասել է 2 տարվա նվազագույնի

10 նոյեմբերի, 2022  10:32

Binance և FTX կրիպտոբորսաների գործարքի շուրջ կրքերը բացասաբար են ազդել կրիպտոարժույթների շուկայի վրա, քանի որ որոշ կրիպտոարժույթների գներն սկսել են նվազել այն խոսակցությունների ֆոնին, որ Binance-ը կփրկի իրացվելիության ճգնաժամում հայտնված մրցակից FTX բորսան՝ կլանելով այն: Այնուամենայնիվ, փոխարժեքներն էլ ավելի ընկան, երբ Binance-ը հրաժարվեց գործարքից: Նոյեմբերի 9-ի երեկոյան բիթքոյնի (BTC) գինը նվազել էր մինչև $15,625։

Ինչպես տեղեկացնում է CoinDesk-ը, երկու տարվա ընթացքում առաջին անգամ ամենահայտնի կրիպտոարժույթի՝ բիթքոյնի արժեքը $16,000-ից ցած է իջել:

Արդյո՞ք Binance-ի և FTX-ի գործարքը չեղարկվել է

Նոյեմբերի 8-ին Binance-ը ստորագրել է FTX-ի՝ ԱՄՆ-ից դուրս գտնվող ակտիվները գնելու մասին իրավաբանական պարտադիր ուժ չունեցող համաձայնագիր, որպեսզի իրացվելիության ճգնաժամից փրկի մրցակցին, որում  FTX-ն իրականում հայտնվել էր մասամբ հենց Binance-ի մեղքով։

FTX-ում խնդիրներն սկսեցին, երբ Binance-ն իր մրցակից FTX-ին մեղադրեց FTT թոքենների հետ խարդախություններ անելու մեջ: Այնուհետև Binance-ն սկսեց վաճառել այդ թոքենները, ապա շատ ուրիշներ հետևեցին նրա օրինակին, ինչի հետևանքով այս ակտիվների գները $22-ից իջան $14,2-ի:

Այնուհետև մոտ երեք օրվա ընթացքում օգտատերերը FTX-ից հանեցին ավելի քան $6 մլրդ, ինչը հանգեցրեց իրացվելիության խնդրին։ FTX կրիպտոբորսան ստիպված էր դադարեցնել օգտատերերի կողմից իրենց միջոցների դուրսբերման գործընթացը և օգնություն խնդրել Binance-ից:

Սկզբում Binance-ը համաձայնեց կլանել FTX-ը, բայց այս բորսայի ֆինանսական հաշվետվությունները ստուգելուց հետո, իսկ ըստ Binance-ի ներկայացուցիչների՝ այնտեղ մի շարք խնդիրներ հայտնաբերելուց հետո, ընկերությունը հրաժարվեց գործարքից՝ վկայակոչելով միջոցների ոչ նպատակային օգտագործումը և ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի  (SEC) կողմից ենթադրյալ հետաքննությունը։

Binance-vs-FTX

Ինչպե՞ս է դա ազդել կրիպտոարժույթների շուկայի վրա

Սկզբում այս գործարքի մասին խոսակցությունները, իսկ հետո Binance-ի կողմից դրանից հրաժարվելը հանգեցրին կրիպտոարժույթների շուկայի փլուզմանը: Օրվա ընթացքում բիթքոյնի գինն ընկել է 14%-ով, որն այս տարվա հունիսի կեսերից ի վեր մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած ամենամեծ անկումն է: Մեկ տարի առաջ այս կրիպտոարժույթը հասել էր իր պատմական առավելագույն մակարդակին՝ $68,982.20:

Այժմ բիթքոյնի գինը մի փոքր բարձրացել է և պահպանվում է $16,500-ի մակարդակում, սակայն համեմատության համար նշենք, որ երեկ առավոտյան այն արժեր ավելի քան $18,000։

Մյուս կրիպտոարժույթների գները նույնպես նվազում են: Այսպես, օրինակ՝ Ethereum-ն էժանացել է 14%-ով՝ հասնելով $1128,87-ի:

Կրիպտոարժույթների շուկայի ընդհանուր կապիտալիզացիան այսօր կազմում է մոտ $914 մլրդ, ինչը 10,6%-ով պակաս է նոյեմբերի 9-ի համեմատ։

Կրիպտոթրեյդերները մտավախություն ունեն, որ FTX-ում կամ նրա հիմնադիր Սեմ Բենքմեն-Ֆրիդին պատկանող Alameda Research առևտրային ընկերությունում ծագած խնդիրները կարող են ազդել ոչ միայն FTX պլատֆորմի բորսային թոքենի՝ FTT-ի փոխարժեքի, այլ նաև այլ կրիպտոարժույթների վրա:

Ավելին, այս ամբողջ իրավիճակը կարող է հարվածել նաև FTX-ի ներդրողներին (այդ թվում՝ SoftBank-ին, BlackRock-ին, Tiger Global-ին, Thoma Bravo-ին, Sequoia-ին և Paradigm-ին), ավելին, մարդիկ կարող են կորցնել վստահությունը կրիպտոարժույթի նկատմամբ, ինչը կհանգեցնի էլ ավելի մեծ խնդիրների:

FTX-ի ղեկավարը մեկ օրում կորցրել է իր կարողության 94%-ը

Այս ամբողջ իրավիճակն ազդել է նաև FTX կրիպտոբորսայի ղեկավար Սեմ Բենքմեն-Ֆրիդի կարողության վրա․ ընդամենը մեկ օրում նա կորցրել է իր կարողության 94%-ը։ Ըստ Bloomberg-ի՝ Բենքմեն-Ֆրիդի $15,6 մլրդ կարողությունը կրճատվել է մինչև մեկ միլիարդից պակաս:

Sam-Bankman-Fried

30-ամյա Սեմ Բենքմեն-Ֆրիդի մասնաբաժինը FTX-ում կազմում էր 53% (որը, նախքան խնդիրների սկսվելը, համապատասխանում էր $6,2 մլրդ-ի)։ Այնուամենայնիվ, FTX-ը Բենքմեն-Ֆրիդի ամենաթանկ ակտիվը չէր. Alameda Research ընկերությունը նրան ապահովում էր ևս $7,4 մլրդ-ով: Այնուամենայնիվ, վերջին խնդիրների հետևանքով երկու ակտիվներն էլ արժեզրկվել են և այժմ գնահատվում են $1: Այսպիսով՝ ընդամենը մեկ օրում Բենքմեն-Ֆրիդի կարողությունը $15,6 մլրդ-ից նվազել է մինչև $991,5 մլն, այսինքն՝ գրեթե 94%-ով։

Changpeng-Zhao

Նշենք, որ այսօր կրիպտոարժույթների ինդուստրիայում ամենահարուստ մարդը շարունակում է մնալ Binance-ի ղեկավար Չանգպեն Չժաոն, ում կարողությունը գնահատվում է $16,4 մլրդ: Ընդորում, հունվարին, երբ կրիպտոարժույթների շուկան աճում էր, Չժաոյի կարողությունը հասել էր $97 մլրդ-ի:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ