Պեկինն արգելել է չինական Loongson պրոցեսորների մատակարարումը Ռուսաստան․ ի՞նչ խնդիրներ այն կառաջացնի

14 դեկտեմբերի, 2022  12:43

Չինաստանի իշխանություններն արգելել են չինական LoongArch ճարտարապետության վրա կառուցված Loongson պրոցեսորների արտահանումը Ռուսաստան, գրում է ռուսական Коммерсант պարբերականը՝ հղում անելով Չինաստանի Թվային զարգացման նախարարությանը մոտ կանգնած աղբյուրին։

Չինական կողմը նման որոշում է կայացրել, քանի որ այս տեխնոլոգիան ռազմավարական նշանակություն ունի Չինաստանի համար և օգտագործվում է երկրի ռազմարդյունաբերական ոլորտում, նշում է պարբերականը։

Loongson հարթակը մինչ այժմ Ռուսաստանում դիտարկվել է որպես պահեստային տարբերակ։ Ըստ պարբերականի՝ նման պրոցեսորները կարող են փոխարինել Intel և AMD պրոցեսորներին, եթե դրանց զուգահեռ ներմուծման հետ խնդիրներ առաջանանն։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Loongson պրոցեսորների վրա հիմնված նոութբուքները Ռուսաստանից դեռ հասանելի են պատվերների համար, ընդորում՝ առաքմամբ (օրինակ՝ AliExpress-ում)։

Loongson-ի մատակարարումն արգելվել է նաև այլ երկրներ

Սակայն, ըստ աղբյուրի, խոսքը ոչ միայն Ռուսաստան, այլեւ այլ երկրներ մատակարարումների արգելքի մասին է։ Ըստ տեղեկությունների՝ ՏՏ շուկայի ռուսաստանյան որոշ մասնակիցներ արդեն փորձարկել են այդ պրոցեսորները, սակայն դրանց նոր խմբաքանակ ձեռք բերել այլեւս հնարավոր չէ։

Loongson-ը հիմնադրվել է 2002 թ․ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի կողմից և զբաղվում է լուծումների ստեղծմամբ, որոնք այլընտրանք կներկայացնեն համաշխարհային մենաշնորհների՝ AMD-ի և Intel-ի արտադրանքին։ Ինչպես նշում է Kommersant-ը, անցյալ տարի ներկայացվել է Loongson Instruction Set Architecture-ը (LoongArch), որը համատեղելի է Intel եւ AMD պրոցեսորների համար մշակված ծրագրերի հետ։

Քանի որ պատժամիջոցների պատճառով AMD և Intel պրոցեսորները ներկայումս Ռուսաստան ներմուծվում են միայն զուգահեռ ներմուծման սխեմաներով, Loongson տարբերակները կարող են այլընտրանք դառնալ ամերիկյան չիպերի մատակարարման լուրջ ճգնաժամի դեպքում:

Չինական արգելքը լուրջ վնաս չի պատճառի

«Պրոմոբիտ» ընկերության տնօրեն Մաքսիմ Կոպոսովի խոսքով՝ Պեկինի որոշումը լուրջ վնաս չի պատճառի, քանի որ չինական լուծումների հիման վրա զանգվածային նախագծեր երկրում դեռ չեն իրականացվում։ Որոշ փորձագետներ շեշտում են, որ AliExpress-ում Loongson-ով նոթբուքների առկայությունը կարող է անուղղակի ապացույցը լինել, որ այս արգելքը, գուցե, զուտ ֆորմալ բնույթ է կրում։

Ռուսաստանցի փորձագետների կարծիքով, ամեն դեպքում, չինական խոշոր ընկերությունները չեն բարձրաձայնում Ռուսաստան իրենց առաքումների մասին, և նույնիսկ իրադարձությունների զարգացման բացասական սցենարի դեպքում, Ռուսաստանն ունի նման ապրանքներ փոքր միջնորդ ընկերությունների միջոցով ներկրելու տարբերակներ։ Ընդ որում, Ռուսաստանում LoongArch ճարտարապետության վրա հիմնված լուծումները դեռ օգտագործվում են հիմնականում հետազոտական ​​նախագծերում, զանգվածային արտադրության մասին դեռ խոսք չկա։

Բացի դրանից, փորձագետները միակարծիք չեն չինական պրոցեսորների հուսալիության և կատարողական ցուցանիշների մասին։ Ըստ նրանց՝ շատ ավելի հեշտ է կազմակերպել Intel չիպերի մատակարարումներ, որոնց թիվն աշխարհում բառացիորեն միլիարդների է հասնում։ 


 
 
 
 
  • Արխիվ