Դուրս գալ ստվերից. ինչո՞ւ են Հայաստանին պարզապես անհրաժեշտ կրիպտոարժույթների ոլորտի կարգավորումներ

11 նոյեմբերի, 2022  18:41

Կրիպտոարժույթների ոլորտն այսօր Հայաստանում արագ տեմպերով զարգանում է․ կրիպտոարժույթներով տարատեսակ գործարքներ կատարող օգտատերերի թիվն աճում է, Երևանում և Գյումրիում արդեն կան կրիպտոմատներ՝ տերմինալներ, որոնց միջոցով կարելի է գնել, վաճառել և փոխանակել կրիպտոարժույթներ։ Պակասում է միայն մեկ բան՝ օրենքներ, որոնք համարժեք կերպով կկարգավորեն այս ոլորտը։

Ֆինանսական տեխնոլոգիաների մասնագետ Անդրանիկ Թողրամաջյանը կարծում է, որ նման կարգավորումներն այսօր պարզապես անհրաժեշտ են երկրին։

Անդրանիկ Թողրամաջյանը տարեսկզբին Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանից։ Մի քանի ամսվա ընթացքում SkyLabs-ը, որտեղ նա աշխատում է, Հայաստանում տեղադրել է վեց կրիպտոտերմինալ՝ մեկը Գյումրիում, երկրորդը՝ «Զվարթնոց» օդանավակայանում, մնացածը՝ Երևանում։ Այս տերմինալներում ընդամենը մի քանի րոպեում կարելի է գնել և վաճառել Bitcoin (BTC), Ethereum (ETH), Tether (USDT) և BNB կրիպտոարժույթներ:

NEWS.am Tech-ի հետ զրույցում Անդրանիկ Թողրամաջյանն ասաց, որ այսօր այդ կրիպտոմատներից օգտվողների ճնշող մեծամասնությունը Հայաստան եկած ռուսներն են։ Սակայն տեղի բնակչության հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ օրեցօր ավելանում է։

SkyLabs crypto terminal

SkyLabs-ի կրիպտոմատները գործում են օրինական դաշտում և 6% հարկ են վճարում միջնորդավճարից, որն ընկերությունը ստանում է յուրաքանչյուր օգտագործողից: Եվ եթե կրիպտոարժույթի հետ այս կամ այն կերպ կապված մյուս ծառայությունների մեծ մասը նույնպես այդպես աշխատի, ապա դա կարող է շատ օգուտներ բերել Հայաստանին և հայ օգտատերերին։

Կարգավորումներ կրիպտոարժույթի ոլորտում. հիմնական առավելությունները

Հայաստանում կրիպտոարժույթի ոլորտը ստվերից հանելու և դրա նկատմամբ համարժեք կարգավորումներ կիրառելու մի քանի պատճառ կա։

Լրացուցիչ հարկեր

Այս ոլորտում փողի շրջանառությունն իսկապես հսկայական է. անգամ այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է, կարելի է խոսել օրական միլիոնավոր դոլարների մասին։ Եթե ​​կրիպտոարժույթի ոլորտը նորմալ կարգավորվի, բորսաները և կրիպտոյի հետ աշխատող այլ ընկերությունները կսկսեն հարկեր վճարել։ Եվ խոսքն ամենևին էլ կոպեկների մասին չէ․ պետությունը կարող է տարեկան 20-30 մլն դոլարի հավելյալ հարկեր ստանալ, ինչը հազիվ թե ավելորդ լինի։

Ավելին, եթե այս ոլորտի բոլոր ընկերությունները հարկեր վճարեն, դա նրանց համար շուկայում մրցակցային հավասար պայմաններ և առողջ մրցակցություն կստեղծի. քչերը կկարողանան զբաղվել դեմպինգով և մրցակիցների դեմ պայքարում օգտագործել այլ՝ ոչ լիովին էթիկական մեթոդներ:

Միջազգային խաղացողների հետաքրքրությունը

Հայկական շուկան այսօր հետաքրքրում է միջազգային բազմաթիվ խոշոր ընկերությունների, ինչպիսիք են Ledger-ը և Binance-ը: Նրանք միանշանակ հետաքրքրված են, որպեսզի Հայաստանում սկսեն աշխատել, այստեղ իրենց գրասենյակները բացել, թիմ բերել... Բայց այս ամենի համար անհրաժեշտ է, որ երկիրը աշխատելու համար իրավական հիմք ունենա։

Ինչպես նշեց Անդրանիկ Թողրամաջյանը, Binance-ի փոխնախագահը այս տարի նույնիսկ հանդիպել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի և Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ և քննարկել կարգավորումների կարևորությունը։ Բայց մինչ օրս կառավարության կողմից այս ուղղությամբ լուրջ քայլեր չեն ձեռնարկվել։

Եթե ​​Հայաստանում կրիպտոարժույթների ոլորտը պատշաճ կերպով կարգավորվի, այն կարող է գրավել բազմաթիվ այլ ընկերությունների, որոնք զբաղվում են NFT-ներով, բլոկչեյնի զարգացմամբ, ֆինտեխ ստարտափներով և այլն։ Եթե ​​նման ընկերությունները տեղափոխվեն մեր երկիր, ապա դա լրջորեն զարկ կտա տնտեսության զարգացմանը։ Ավելին, նրանք կստեղծեն բազմաթիվ նոր աշխատատեղեր, և քանի որ նման աշխատանքը սովորաբար ֆիզիկական ներկայություն չի պահանջում, նրանք կկարողանան մարդկանց աշխատանքի ընդունել նաև հեռավոր մարզերից։ Իսկ այդ մարդիկ այլ երկրներ գնալու և տաքսի քշելու պատճառ չեն ունենա, նրանք կկարողանան, առանց մարզը լքելու, աշխատել հայտնի և լավ ընկերություններում, լավ աշխատավարձ ստանալ և հարկեր վճարել իրենց երկրին։

Ներդրումների ներգրավում

Կրիպտոստարտափներն այսօր մեծ ներդրումներ և մեծ ուշադրություն են գրավում: Օրինակ՝ այս տարի LayerSwap ստարտափը, որը կրիպտոարժույթների հեշտ և անվտանգ փոխանցումներ է կատարում Coinbase-ից, Binance-ից կամ FTX-ից Arbitrum, zkSync, Loopring և այլ L2-ներ, այս տարի $1,500,000 ներդրում է ստացել:

Եթե ​​երկրում կրիպտոոլորտը պատշաճ կերպով կարգավորվի, այսպիսի ավելի շատ նախագծեր կստանան միջազգային ներդրումներ, քանի որ պոտենցիալ ներդրողների աչքում Հայաստանն ավելի կանխատեսելի և վստահելի երկիր կլինի։

Ոլորտն ավելի թափանցիկ կդառնա

Եվ վերջապես, կարգավորման միասնական կանոնների ստեղծումը ոլորտն ավելի թափանցիկ կդարձնի։ Շատ մարդկանց համար, որոնք ինչ-որ բան լսել են կրիպտոարժույթի մասին, բայց բավականաչափ տեղեկացված չեն դրանից, կրիպտոն ասոցացվում է խարդախության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և բացասական այլ երևույթների հետ: Այս ոլորտում բոլոր այս երեւույթները, իհարկե, առկա են, բայց այնքան ժամանակ, քանի դեռ ոլորտը ​​թաքնված է ստվերում։ Եթե ​այն ​ստվերից դուրս գա, ապա զանազան բացասական ու վտանգավոր երեւույթները մի քանի անգամ կպակասեն։

bitcoin

«Քանի դեռ շուկան չի կարգավորվել, ինչ ասես, որ տեղի չի ունենա դրանում։ Բայց երբ այս շուկայում հայտնվեն խիստ կանոններ, դրանք կսրբեն–կտանեն անհասկանալի խաղացողների մեծ մասին», - ասաց Անդրանիկ Թողրամաջյանը։

Կրիպտոարժույթի շրջանառությունը կարգավորող համապատասխան իրավական ռեժիմի ներդրման դեպքում ավելի հեշտ կլինի հետևել դրամական հոսքերին, իսկ այս արժույթով մարդկանց կաշառելը, կաշառք տալը և անօրինական այլ գործարքներ կատարելը շատ ավելի դժվար կլինի։

«Եթե այս ոլորտը կարգավորվի, հասարակ մարդը կկարողանա հետևել, թե որտեղից են գումարները եկել, քանի որ ամեն ինչ հստակ հետագծվում է բլոկչեյնի միջոցով, - ասաց մասնագետը,- Օրինակ, եթե իմ դրամապանակներից մեկին անօրինական գումար է ստացվել, ես այն ուղարկել եմ Ձեզ, իսկ հետո Դուք փորձել եք այդ գումարը հանել ինչ-որ կենտրոնացված բորսայի միջոցով, որտեղ ամեն ինչ օրինական է, և որտեղ Ձեր անունն ու ազգանունը տեսանելի են, այս ամբողջ շղթային կարելի է հեշտությամբ հետևել և արգելափակել գողացված փողի մասնակցությամբ անօրինական գործարքը»:

Օրինակ՝ կանխիկի դեպքում նման շղթան հետագծելը գրեթե անհնար կլինի. եթե մեկը մյուսին փոխանցի անօրինական կանխիկ գումարի փաթեթ, իսկ նա այդ գումարը փոխանցի մեկ ուրիշին, շատ դեպքերում դժվար թե հնարավոր լինի պարզել, թե որտեղից է այս փողը եկել այս շղթայի վերջին մարդուն:

Ինչո՞ւ ոչ բոլորն են շահագրգռված, որպեսզի կրիպտոարժույթների ոլորտը դուրս գա ստվերից

Լիովին հասկանելի է, թե ինչու կրիպտոարժույթի ոլորտի կարգավորմամբ շահագրգռված չեն ստվերում ոչ այնքան օրինական գործարքներով զբաղվող անձինք։ Սակայն միայն նրանք չէ, որ դեմ են այս ոլորտում գործունեությունը կարգավորող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի ներդրմանը։

Ինչ վերաբերում է բանկերին, ապա դրանք կրիպտոարժույթը համարում են անկայուն ակտիվ և կարծես թե այդքան էլ չեն ցանկանում աշխատել դրանով։

Կանոնակարգերին դեմ են նաև բուքմեյքերական ընկերությունները, որոնք մեծ գումարներ են ստանում կրիպտոարժույթի միջոցով և, ինչպես և պետք էր ակնկալել, չեն ցանկանում այդ գումարներից հարկեր վճարել:

Ինչպիսի՞ն է իրավիճակն այս հարցում այլ երկրներում

Տարբեր երկրներում կրիպտոարժույթների իրավական ռեժիմը զգալիորեն տարբերվում է: Որոշ երկրներում կրիպտոարժույթներով գործառնությունները պաշտոնապես թույլատրված են և նույնիսկ խրախուսվում են, օրինակ՝ Սալվադորում, որն աշխարհում առաջին երկիրն էր, որը բիթքոյնն ընդունեց որպես վճարման օրինական միջոց՝ ավանդական փողի հետ մեկտեղ: Բայց կան նաև երկրներ, որտեղ իշխանությունները շարունակում են համառորեն անտեսել այս ոլորտը կամ նույնիսկ ամբողջությամբ արգելել կրիպտոարժույթով գործարքները:

cryptocurrencies

Գերմանիայում բիթքոյնը այժմ համարվում է հաշվարկային արժույթ: Ճապոնիայում այս կրիպտոարժույթը համարվում է վճարման օրինական միջոց, որի գնումը ենթակա է հարկման: Շվեյցարիայում կրիպտոարժույթների և արտարժույթների նկատմամբ կիրառվում են միևնույն կանոնները։ Ավելին, շատ փորձագետներ կարծում են, որ այս երկիրն ունի օրենսդրական ամենաբարենպաստ պայմանները բլոկչեյն ստարտափների համար։

Ինչպես նշեց Անդրանիկ Թողրամաջյանը, այս ոլորտն այսօր ակտիվորեն զարգանում է նաև մեր տարածաշրջանի երկրներում։ Օրինակ՝ Վրաստանում հունվարից կկարգավորվի կրիպտոարժույթի ոլորտը։ Այնտեղ բլոկչեյն տեխնոլոգիաներն ակտիվորեն ներդրվում են տարբեր ոլորտներում․ Վրաստանի կադաստրի ծառայությունը, օրինակ, աշխատում է բլոկչեյնով։ Վրաստանում կա նաև ազատ տնտեսական գոտի, որտեղ հարկային արտոնյալ դրույքաչափեր են գործում տնտեսվարողների համար, ինչը կարող է գրավել մայներներին։

Ղազախստանը նույնպես շատ բաց երկիր է ֆինտեխի, նորարարության և կրիպտոարժույթների առումով: Պետական շատ ​​կառույցներ այնտեղ կիրառում են բլոկչեյն տեխնոլոգիաներ, ինչը նրանց աշխատանքն ավելի թափանցիկ է դարձնում և բացառում է պետական ​​միջոցների գողության հետ կապված բազմաթիվ ռիսկեր։ Binance-ն այնտեղ գործում է որպես բորսա (և շուտով կսկսի հարկեր վճարել), և դրա միջոցով կարելի է օրինական ճանապարհով կրիպտոարժույթ գնել:

Բայց, ինչպես արդեն նշվեց, կան նաև երկրներ, որտեղ կրիպտոարժույթով աշխատելու համար  ուղղակի կամ անուղղակի արգելքներ են սահմանված։

Ռուսաստանում, օրինակ, գոյություն ունի կրիպտոարժույթով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելու ուղղակի օրենսդրական արգելք (սակայն թույլ է տրվում այն օգտագործել որպես ներդրումային օբյեկտ):

Չինաստանում բիթքոյնով գործարքներն արգելված են բանկերի համար, սակայն ֆիզիկական անձանց համար դրանք թույլատրված են։ Ավելին, Չինաստանն այսօր առաջատար է մայնինգի ոլորտում՝ հիմնականում արտադրական զգալի հզորությունների առկայության շնորհիվ։

Ինչի՞ց պետք է սկսել այս ոլորտի կարգավորումը Հայաստանում

Անդրանիկ Թողրամաջյանի խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է երկու քայլ կատարել, և դրանք կարող են կատարվել զուգահեռ կամ հաջորդաբար.

  • Կրիպտոարժույթները ճանաչել որպես ֆինանսական միջոցներ, որոնք համարժեք են անկանխիկ վճարման եղանակներին և որոնք կարող են օգտագործվել տարբեր գործողություններ և գործարքներ իրականացնելու համար:
  • Ֆինանսական արտոնագրեր ստանալ բորսաների համար և կապ ստեղծել կրիպտոարժույթի բորսաների և բանկերի միջև:

Սակայն մինչ օրս այս ամենը Հայաստանում չի արվել, իսկ կրիպտոարժույթը մնում է գորշ գոտում՝ արգելված չէ, բայց թույլատրելի էլ չէ։ Միաժամանակ կրիպտոարժույթով գործարքներ կատարողների թիվն օրեցօր աճում է, ոլորտն ակտիվորեն զարգանում է՝ ներգրավելով ավելի ու ավելի շատ նոր խաղացողների, և դժվար թե պետությունը կարողանա երկար ժամանակ անտեսել այս ոլորտը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ