Apple-ը որոշել է iPhone-ի հավաքման հոսքագծերի աշխատողների կեսին փոխարինել ռոբոտներով

25 հունիսի, 2024  16:00

Apple-ը նախատեսում է 50%-ով կրճատել iPhone-ի վերջնական հավաքման աշխատանքներում ներգրավված աշխատողների թիվը՝ ավտոմատացնելով ձեռքի աշխատանքը։ Որոշումն ընդունվել է աշխատակիցների և ոստիկանության միջև համեմատաբար վերջերս տեղի ունեցած բախումներից հետո։ Այն նաև իր մատակարարման շղթան պարզեցնելու՝ Apple-ի ռազմավարության մասն է կազմում:

Ի՞նչն է պատճառը

Ինչպես տեղեկացնում է 9to5mac.com-ը, նման հրահանգ է տվել Apple-ի գործառնությունների գծով ավագ փոխնախագահ Սաբիհ Խանը 2022-ի նոյեմբերին iPhone-ի հավաքման հոսքագծերի աշխատակիցների և ոստիկանների միջև կատաղի բախումներից հետո Foxconn գործարանի մոտ, որտեղ տեղակայված են հավաքման հիմնական արտադրամասերը։ Այդ ժամանակ՝ COVID-19-ին հաջորդած շրջանում, վրդովված աշխատանքային պայմաններից, ճաշարաններում սննդի պակասից և փակ տարածքները լքելու անհնարինությունից, աշխատողներն անկարգություններ էին կազմակերպել։

Միջադեպից հետո Apple-ը որոշեց կրճատել աշխատատեղերի ընդհանուր թիվը և իրականացնել արտադրության ավտոմատացման և բաղադրիչների մատակարարման շղթայի օպտիմալացման նախագիծ, որը նախկինում անհնար էր համարվում բարձր ծախսերի պատճառով։ Այնուամենայնիվ, ընկերությունն այժմ պատրաստ է իր վրա վերցնել այդ ծախսերը՝ ներդրումներ կատարելով թանկարժեք սարքավորումներում, որոնք կարող են հարյուր միլիոնավոր դոլարներ արժենալ:

Արդյունքները նկատելի են

Ավտոմատացման ջանքերն արդեն տվել են որոշակի արդյունքներ: Աղբյուրների տվյալներով՝ անցած տարվա ընթացքում iPhone-ի հավաքման մի քանի քայլեր հաջողությամբ ավտոմատացվել են, ներառյալ մետաղական ամրացումների և ճկուն տպատախտակների տեղադրումը բաղադրիչների վրա՝ առանց մարդու միջամտության: Այս գործընթացն Apple-ին և նրա գործընկերներին արդեն հնարավորություն է տվել Չինաստանում հազարավոր աշխատատեղեր կրճատել։

Բացի ներքին մշակումներից՝ Apple-ը նաև ամրապնդում է իր դիրքերը մատակարարման շղթայի ավտոմատացման ոլորտում՝ մասնագիտացված ընկերությունների ձեռքբերման միջոցով։ Անցյալ տարի Apple-ը ձեռք է բերել Drishti ընկերությունը, որը մասնագիտացած է հավաքման հոսքագծերի տեսագրությունների վերլուծության մեջ՝ իրական ժամանակում խոչընդոտներն ու խնդիրները հայտնաբերելու համար: Մեկ այլ արժեքավոր գնում էր DarwinAI ընկերությունը, որն օգտագործում է արհեստական ​բանականություն արդյունաբերական գործընթացներն օպտիմալացնելու համար: Նաև սերտ համագործակցություն է իրականացվում այնպիսի արտադրող գործընկերների հետ, ինչպիսիք են Foxconn-ը, Luxshare Precision-ը և Pegatron-ը:

Խոչընդոտներ

Այնուամենայնիվ, Apple-ը նաև բախվում է խոչընդոտների։ Օրինակ՝ iPhone-ի որոշ բաղադրիչների տեղադրման գործընթացն ավտոմատացնելու ծրագրերն այս տարի չեղյալ են հայտարարվել թերությունների բարձր մակարդակի պատճառով: Չնայած այս դժվարություններին՝ ընկերությունը շարունակում է հավատարիմ մնալ իր երկարաժամկետ նպատակին՝ էապես՝ գրեթե 50 տոկոսով նվազեցնել iPhone-ի արտադրության վերջնական հավաքման աշխատանքներում ներառված աշխատողների թիվը: Ըստ ընկերության ծրագրերի՝ դա տեղի կունենա առաջիկա մի քանի տարիների ընթացքում։


 
 
 
 
  • Արխիվ