Ի՞նչ կիբեռսպառնալիքներ են արդիական ԱՊՀ երկրների համար

29 մայիսի, 2024  11:00

«Կասպերսկի» ընկերությունը ներկայացրել է 2024-ին և 2023-ի առաջին եռամսյակում «Ռուսաստանի և ԱՊՀ-ի համար սպառնալիքների լանդշաֆտը» հաշվետվությունը: Փաստաթղթում Kaspersky Cyber Threat Intelligence թիմը նկարագրել է արդիական սպառնալիքները, կազմել գրոհների մարտավարությունների, տեխնիկաների և ընթացակարգերի, ինչպես նաև կիբեռռիսկերի նվազեցման միջոցների ցանկը:

Հաշվետվության հիմնական եզրակացությունները։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում հաքտիվիզմի սպառնալիքը շարունակել է թափ հավաքել։ Գրոհողներն ուշադրություն են դարձնում թույլ պաշտպանությամբ կազմակերպություններին, առանց որոշակի ճյուղի հետ կապելու՝ օգտագործելով բաց ցանցում առկա ցանկացած գործիք: Միևնույն ժամանակ, ակտիվությունը չեն նվազեցնում և խմբերը, որոնք գրոհում են լրտեսության և ֆինանսական շահի նպատակով, օրինակ՝ ծածկագրողները։

Չարագործները նախընտրում են չփոխել իրենց սցենարները և գրոհում են կիբեռանվտանգության տեսանկյունից ամենաքիչ պատրաստված կազմակերպությունները, օրինակ՝ շահագործում են արդեն հայտնի և տարածված խոցելիություններն այն պրոդուկտներում, որոնցից օգտվում են շատ կազմակերպություններ:

Խոցելիությունները կորպորատիվ ցանցի վրա գրոհներում։ Ամենաակտիվ շահագործվող CVE-ների կեսից ավելին գրանցվել է անցյալ տասնամյակի վերջին: 2023-ին և 2024-ի առաջին եռամսյակում ամենատարածվածը CVE-2021-44228 (Log4Shell) կրիտիկական խոցելիությունն էր Apache Log4j շտեմարանում, որը թույլ է տալիս հեռավար կերպով կոդ գործարկել: Երկրորդ տեղում է Microsoft Windows-ի և Microsoft Windows Server-ի CVE-2019-0708 (BlueKeep) խոցելիությունը: Բացի կոդի հեռավար գործարկումից, այն նաև թույլ է տալիս տեսնել գաղտնի տեղեկատվություն, բարձրացնել արտոնությունները և կեղծել օգտվողի միջերեսը: Առավել հաճախ օգտագործվածների եռյակում է նաև OpenSMTPD փոստային սերվերի CVE-2020-7247 խոցելիությունը, որի միջոցով հնարավոր է հեռավար գործարկել կոդը և բարձրացնել արտոնությունները։

Խոցելիությունները վերջնական սարքերի միջոցով գրոհներում: Ռուսաստանում և ԱՊՀ-ում կորպորատիվ սարքերի վրա գրոհների համար չարագործներն առավել հաճախ օգտագործում են 7-Zip և WinRAR արխիվատորների, ինչպես նաև Google Chrome բրաուզերի խոցելիությունները: 2024-ի առաջին եռամսյակում և 2023-ին Ռուսաստանում և ԱՊՀ-ում կազմակերպությունների վրա գրոհներում հարձակվողները շահագործել են 7-Zip-ի սողանցքներ (CVE-2023-31102/CVE-2023-40481 և CVE-2022-29072)։ Ամենատարածվածներից են նաև WinRAR-ի (CVE-2023-38831) և Google Chrome-ի (CVE-2023-1822/CVE-2023-1812/ CVE-2023-1813 և այլն) խոցելիությունները։ Ամենաակտիվ օգտագործվող սողանցքների մեծ մասը (10-ից 9-ը) թույլ է տալիս կատարել վնասակար կոդ: Ընդ որում, գրեթե բոլորը գրանցվել են 2023 թվականին։ 

Ծածկագրող ծրագրերի սպառնալիքը։ Չարագործներն օգտագործում են խոցելիություններն այդ թվում ծածկագրող ծրագրերի օգտագործմամբ գրոհների համար։ 2024-ին դրանք շարունակում են մնալ ամբողջ աշխարհի կազմակերպությունների գլխավոր սպառնալիքներից մեկը. նման գրոհների թիվը կայուն բարձր մակարդակի վրա է, աճում է փրկագնի ընդհանուր չափը, ընդ որում, ընկերությունները բախվում են ապածածկագրման բարդությանը։

2024-ի առաջին եռամսյակում ծածկագրող ծրագրերի ամենատարածված տեսակների առաջին եռյակում են Dcryptor, Lockbit-ը և Conti տրոյացիները: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում եռյակը հետևյալն էր. Phobos, Lockbit և Conti:

«Հաշվետվությունը պատրաստելիս մեր նպատակն էր ներկայացնել կիբեռսպառնալիքների արդի լանդշաֆտի լիարժեք ուսումնասիրություն, ինչպես նաև ևս մեկ անգամ ցույց տալ, որ տեղեկատվական անվտանգության ճիշտ կառուցված գործընթացները և գրոհողների մարտավարությունների, տեխնիկաների և ընթացակարգերի վերլուծությունը շարունակում են մնալ կիբեռսպառնալիքներին հակազդելու հուսալի միջոց: Մասնավորապես, կազմակերպությունների վրա գրոհներում խոցելիությունների օգտագործումը կանխելու համար կարևոր է կառուցել դրանց վերացման գործընթացը կամ Patch Management-ը: Անհրաժեշտ է նաև օգտագործել համալիր պաշտպանական լուծումներ, որոնք թույլ են տալիս օպերատիվ կերպով բացահայտել սպառնալիքները և վերացնել դրանք։ Բացի տեխնիկական միջոցներից, արժե ուշադրություն դարձնել աշխատակիցների թվային գրագիտության բարձրացմանը, քանի որ շատ դեպքերում  գրոհները հնարավոր են դառնում մարդկային գործոնի պատճառով»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության սպառնալիքների ընդլայնված հետազոտության բաժնի ղեկավար Նիկիտա Նազարովը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ