Meta-ն աշխատանքից ազատել է 20-ից ավելի աշխատակցի, որոնք չարագործներին մուտք են տրամադրել այլոց օգտահաշիվներին

21 նոյեմբերի, 2022  16:26

Անցած տարվա ընթացքում Meta Platforms կորպորացիան աշխատանքից ազատել կամ պատժել է ավելի քան երկու տասնյակ աշխատակիցների և կապալառուների, որոնք մեղադրվում են չարագործներին Facebook և Instagram սոցցանցերի օգտատերերի հաշիվներին չարտոնված մուտք տրամադրելու մեջ, որոշ դեպքերում՝ հազարավոր դոլարների կաշառքի դիմաց: Այս մասին The Wall Street Journal-ը տեղեկացել է իրավիճակին ծանոթ աղբյուրներից և իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից:

Պարբերականի տվյալներով՝ աշխատանքից ազատված բոլոր աշխատակիցներն օգտագործել են «Facebook Online Operations» կոչվող ներքին գործիքը, որն իրենք իրար մեջ անվանում են «Oops»: Այս գործիքը հնարավորություն է տալիս վերականգնել մուտքը այն օգտահաշվիներին, որոնց տերերը մոռացել են իրենց լոգիններն ու գաղտնաբառերը, ինչպես նաև այն օգտահաշիվներին, որոնք հարձակման են ենթարկվել և այժմ հասանելի չեն տվյալ օգտատերերին։

Կորպորացիայում գործում է խիստ կանոնակարգ, որը սահմանափակում է այն մարդկանց թիվը, որոնք կարող են ստանալ «Oops» օգնություն. դրանք Meta-ի աշխատակիցների ընտանիքի անդամներ են, մտերիմ ընկերները, ընկերության բիզնես գործընկերները և հասարակական գործիչները: Սակայն նրանցից յուրաքանչյուրն այս գործիքից օգտվելու համար պետք է ամեն անգամ լրացնի համապատասխան ձևաթուղթը։

Վերջերս պարզվել է, որ «Oops» հարցումների թիվը զգալիորեն աճել է՝ 2017-ի 28,270-ից 2020-ին հասել է մինչև 50,270-ի: Այս փաստն էլ հենց գրավել է ղեկավարության ուշադրությունը, ինչից հետո սկսվել է հետաքննություն, որի արդյունքում նաև պարզվել է, որ ընկերության որոշ նախկին աշխատակիցներ և կապալառուներ շարունակել են մուտք գործել «Oops» նույնիսկ Meta-ից հեռանալուց հետո։

Այս սկանդալի պատճառով աշխատանքից ազատված աշխատակիցներից մեկը Ռեվա Մանդելովիցն է, որն աշխատել է որպես անվտանգության ապահովման կապալառու։ Փետրվարին նա հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ նրան մեղադրել են հազարավոր դոլարների բիթքոյն ստանալու դիմաց մի քանի օգտահաշվիներ չարագործներին փոխանցելու մեջ: WSJ-ի լրագրողներին հաջողվել է զրուցել նրա հետ, սակայն նա բոլոր մեղադրանքները կեղծ է անվանել։ Նրա խոսքով, ինքը ընկերությանը խնդրել է վերականգնել 20 օգտահաշիվ, որոնք, իր մտերիմներն են։ Սակայն անհայտ չարագործը նրան ստիպել է ավելի շատ օգտահաշիվների հարցով դիմել ընկերությանը։

Meta-ում խնդիրներ կային նաև նախքան այս սկանդալը. Ֆինանսական լուրջ խնդիրների ֆոնին Meta Platforms-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը որոշել է աշխատանքից ազատել 11,000 մարդու՝ կորպորացիայի աշխատակիցների մոտ 13%-ին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ սա կորպորացիայի պատմության մեջ ամենամեծ կրճատումն է։

Horizon Worlds-ը, որն ընկերության առաջատար նախագիծն է մետավերսի ստեղծման շրջանակում, չի արդարացնում մշակողների ակնկալիքները և դրանում ներդրված գումարները: Լրատվամիջոցների տվյալներով՝ 2019-ից ի վեր 36 միլիարդ դոլար է արդեն ներդրվել մետավերսի հետ կապված հետազոտություններում և մշակումներում: Անցյալ տարվա սկզբից 15 միլիարդ դոլար ներդրվել է Reality Labs-ում: Այնուամենայնիվ, այսօր մետավերսը դատարկ է, քանի որ ամսական կտրվածքով Horizon Worlds-ի ակտիվ օգտատերերի թիվը չի հասնում 200,000-ը. մետավերսի աշխարհների միայն 9 %-ն է օրական առնվազն 50 մարդ այցելում:

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ