Ցուկերբերգի մետավերսը չի արդարացնում սպասելիքները. ինչո՞ւ է Horizon Worlds-ը անհետաքրքիր օգտատերերի համար

18 հոկտեմբերի, 2022  11:40

Անցյալ տարի Մարկ Ցուկերբերգն իր ընկերությունը վերանվանեց Meta Platforms-ի, քանի որ համոզված էր, որ տեխնոլոգիայի ապագան մետավերսն է: Այնուամենայնիվ, Horizon Worlds-ը՝ ընկերության առաջատար նախագիծը, կարծես թե չի արդարացնում մշակողների սպասելիքները. այն առանձնապես հետաքրքիր չէ օգտատերերին, նույնիսկ ընկերության աշխատակիցները գրեթե չեն այցելում Horizon Worlds:

Horizon Worlds-ը վիրտուալ աշխարհների հավաքածու է, որտեղ օգտատերերը, ավելի ճիշտ՝ նրանց ավատարները, կարող են խաղալ, զրուցել, ստեղծագործել և գնումներ կատարել: Տեսականորեն դա բավականին հետաքրքիր է հնչում: Բայց գործնականում նախագիծը այնքան էլ գրավիչ չի ստացվել. սկզբում Meta-ն նախատեսում էր մինչև 2022 թ․ վերջը ձեռք բերել 500,000 ակտիվ օգտատեր, սակայն հետագայում ստիպված եղան նշաձողն իջեցնել մինչև 280,000:

Այնուամենայնիվ, նույնիսկ այդքան օգտատեր նախագծից դեռ չի օգտվում։ Wall Street Journal-ի տվյալներով՝ այսօր Horizon Worlds-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը չի հասնում 200 000 մարդու, թեև այս տարվա փետրվարին Meta-ն հայտնել էր 300 000 օգտատեր ունենալու մասին։

Ներքին վիճակագրության համաձայն՝ մետավերսում գտնվող աշխարհների միայն 9%-ի դեպքում է, որ օրական առնվազն 50 մարդ է այցելում: Իսկ մնացած աշխարհների մեծ մասը ստեղծվելուց ի վեր դատարկ է: Ավելին, Horizon Worlds-ի օգտատերերի մեծ մասը լքում է հավելվածը օգտագործման առաջին ամսից հետո:

Ի՞նչն այն չէ Horizon Worlds-ի հետ

Horizon Worlds-ում մոնետիզացիա դեռ չկա, և դա հիասթափեցրել է շատ օգտատերերի: Սոցիալական ցանցերի այլ հարթակներում բլոգերները կարող են գումար վաստակել, օրինակ՝ գովազդելով տարբեր բրենդներ, սակայն նոր նախագծում նման հնարավորություն չկա։

Որոշ աշխարհների մշակողները կարող են որոշակի վճարումներ ստանալ Meta-ից, բայց, իհարկե, դա դեռ հեռու է մոնետիզացիայի ցանկալի մակարդակից։ Ընկերության փաստաթղթերի տվյալների համաձայն՝ Horizon-ի աշխարհներից ամենաշահութաբերը, ընդհանուր առմամբ, մոտ 10,000 ԱՄՆ դոլար է կարողացել ստանալ «միջաշխարհային վճարումների» տեսքով։

Շատ օգտատերեր համարում են, որ նախագծի մեծ թերություն է նաև այն, որ քիչ են հետաքրքիր աշխարհները, ինչպես նաև զրուցակիցները, որոնց հետ կարելի է շփվել։

Շատերը դժգոհում են նաև ավատարների արտաքին տեսքից և հատկապես ոտքերի բացակայությունից (թեև այս խնդիրը, կարծես թե, խոստացել էին լուծել)։

Մեկ այլ խնդիր է այն, որ Horizon Worlds-ի օգտատերերը պետք է ունենան VR ակնոցներ, ինչպիսին Meta Quest-ն է: Նախ, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ դրանք: Երկրորդ՝ թվում է, որ օգտատերերն էլ առանձնապես հետաքրքրված չեն այս սարքերով, քանի որ դրանց նկատմամբ պահանջարկը նույնպես նվազում է, և գնորդների ավելի քան 50%-ը վեց ամիս հետո դադարում է օգտագործել դրանք։

Արդյո՞ք Horizon Worlds-ն ունի ապագա

Meta-ն մետավերսը դիտարկում է որպես բազմամյա, մասշտաբային նախագիծ, որը կշարունակի զարգանալ և կատարելագործվել (անցյալ ամիս ընկերությունը դադարեցրեց նոր ֆունկցիաների գործարկումը, մինչև բարելավվեն գոյություն ունեցողները): Համենայն դեպս, ընկերությունն ինքը շարունակում է հավատալ, որ ապագան պատկանում է մետավերսին:

Այնուամենայնիվ, մինչ այժմ ամեն ինչ ցույց է տալիս, որ Horizon Worlds-ի աշխարհներն իրենց ներկայիս տեսքով հետաքրքիր չեն օգտատերերին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ