Meta-ն կրճատել է նաև աջակցության ծառայության աշխատողներին․ ի՞նչ խնդիրներ են ունենում Facebook-ի և Instagram-ի օգտատերերը

7 ապրիլի, 2023  10:34

Meta-ն չորս ամսում կրճատում է արդեն մոտ 21,000 աշխատատեղ, ինչն արդեն սկսել է ազդել ընկերության աշխատանքի վրա. աշխատանքից ազատվածների թվում են եղել նաև հաճախորդների սպասարկման մասնագետներ, ինչի հետևանքով Facebook-ում և Instagram-ում համայնքներն ու օգտատերերը մնացել են առանց համապատասխան աջակցության և սկսել են ավելի հաճախ առնչվել մի ամբողջ շարք խնդիրների։

Կատյա Կառլովան, որը Instagram-ի 250,000 բաժանորդ ունեցող հանրահայտ օգտահաշվի սեփականատերն է, CNBC-ին տված հարցազրույցում դժգոհել է, որ աճել է խաբեբաների թիվը, որոնք գողանում են իր լուսանկարները, ստեղծում կեղծ օգտահաշիվներ և փորձում են գումար վաստակել՝ օգտագործելով իր անունը: Նա փորձել է կապ հաստատել սոցցանցի աջակցության հետ, սակայն բոլոր դիմումները, ըստ նրա, արդյունք չեն տվել։

Խնդիրները լուծվել են միայն այն բանից հետո, երբ նա Meta-ում գտել է համապատասխան մարդկանց, ընդորում՝ իր անձնական կապերի շնորհիվ։

Հոդվածի մյուս հերոսուհին՝ Մելինդա Ռինկերը, Meta հանրության սերտիֆիկացված մենեջեր է, որը վերահսկում է Facebook-ում վարդագույնի սիրահարների խումբը, որը նա ստեղծել է դեռ 2012 թ․։ Ներկայումս խումբն ունի մոտ 420,000 հետևորդ, որոնք այստեղ պարբերաբար հրապարակումներ են անում, տեղադրում վարդագույն ծաղիկների, մազերի, հեռախոսների լուսանկարներ և այլն:

Այս տարվա փետրվարին պլատֆորմում ցուցանիշներին հետևելու համար օգտագործվող համակարգը սկսել է ցույց տալ օգտատերերի զրոյական ակտիվություն այս խմբում, թեև իրականում խմբում ակտիվությունը շարունակվում էր նախկինի պես։

Մոդերատորը փորձել է կապվել աջակցության ծառայության հետ, սակայն նրա բողոքն անտեսվել է: Նա նախկինում ուղղակի մուտք ուներ Groups Support ծառայությանը, որը Facebook-ի տեխնիկական աջակցության թիմն է, բայց այն լուծարվել է այս տարվա հունվարին:

Ինչպես առաջին դեպքում, խնդիրը լուծվել է Meta-ում կապեր ունեցող ընկերների հետ միջամտությունից հետո միայն։

Insider-ը զրուցել է Meta-ի հաճախորդների սպասարկման ներկայացուցիչներից մեկի հետ. կինը, ում անունը գաղտնի է պահվել, աշխատում է Պորտուգալիայում, նվազագույն աշխատավարձից մի փոքր ավելի է ստանում, թեև պարբերաբար հայհոյանքներ ու սպառնալիքներ է ստանում զայրացած հաճախորդներից։

«Ես տեսնում եմ, որ շատերը [Meta-ի օգտատերեր և հաճախորդներ] ասում են. «Ինչո՞ւ Facebook-ը մեզ չի օգնում»: Եթե ​​կարողանայինք, կօգնեինք։ Facebook-ը մեզ բառացիորեն չի տալիս գործիքները, բայց փոխարենը թույլ է տալիս մեզ վրա վերցնել մեղքը»,- ասել է նա:

Քանի որ ընկերությունը կենտրոնացած է մետավերսի վրա, ասել է նա, որ «նրանց առաջնահերթությունները կարծես այլ տեղ են»:

Հիշեցնենք, որ Meta-ն վերջերս ամեն կերպ փորձում է համոզել մարդկանց, որ Facebook-ն ամենևին էլ չի «մեռնում» և որ այս հարթակն ունի օրական 2 միլիարդ ակտիվ օգտատեր։ Այնուամենայնիվ, ճշմարտությունն այն է, որ այս օգտատերերից շատերը գլխի չեն ընկնում, որ Instagram-ում հրապարակում անելով նույն բանը հրապարակում են նաև Facebook-ում, քանի որ չեն նկատել, որ Instagram-ում գրանցվելիս տվել են իրենց համաձայնությունը, որպեսզի իրենց գրառումները հրապարակվեն նաև Facebook-ում:

Եթե ​​ընկերությունը չլուծի աջակցության հետ կապված խնդիրները, ապա առաջիկա ամիսներին Facebook-ի ակտիվ օգտատերերի թիվը, հավանաբար, ավելի կնվազի:

Հիշեցնենք նաև, որ Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունում կրճատումներն իրականացվում են «Արդյունավետության տարվա» շրջանակում, որի ընթացքում Meta-ն կնվազեցնի ծախսերը 2022 թ. չորրորդ եռամսյակի «հիասթափեցնող» արդյունքներից հետո։ Insider-ն իր հերթին հիշեցնում է, որ Meta-ի Reality Lab ստորաբաժանումը, որը մշակում է մետավերսը, անցյալ տարի 13,7 միլիարդ դոլարի կորուստ է ունեցել։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ