Neuralink-ի չիպը խնդիր ունի․ ընկերությունը տեղյակ է եղել դրա մասին մարդու գլխուղեղում այն տեղադրելուց առաջ

16 մայիսի, 2024  13:12

Գործարար Իլոն Մասկի Neuralink ընկերությունը հայտնել է, որ մարդու գլխուղեղում տեղադրված իր նեյրոիմպլանտի փորձարկման ժամանակ սարքի լարերը տեղաշարժվել են իրենց սկզբնական դիրքից։ Միաժամանակ, ինչպես նշում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ընկերությունն իմացել է այս խնդրի մասին, քանի որ դա ի հայտ էր եկել նաև կենդանիների վրա փորձարկումների ժամանակ։

Neuralink-ը փորձարկում է նեյրոիմպլանտ, որը կաթված ունեցած բուժառուներին հնարավորություն կտա համակարգիչը կառավարել մտքի ուժով: 2024-ի հունվարին նեյրոիմպլանտն առաջին անգամ տեղադրվել է մարդու գլխուղեղում։ Փորձարկմանը մասնակցած առաջին մարդը Նոլանդ Արբոն է, որը 2016-ին կաթված է ունեցել։ Անցյալ շաբաթ պարզվեց, որ իմպլանտի լարերի մի մասը դուրս է եկել բուժառուի գլխուղեղից, արդյունքում մնացել են ավելի քիչ լարեր գլխուղեղից ստացվող ազդանշանները կարդալու համար:

Neuralink-ը չի հաղորդել Արբոյի համար էլեկտրոդների տեղաշարժման բացասական ազդեցության մասին, ինչպես նաև չի նշել, թե 64 էլեկտրոդներից քանիսն են տեղաշարժվել: Ընկերությունը միայն նշել է, որ կարողացել է վերականգնել նեյրոիմպլանտի ազդանշանները կարդալու կարողությունը՝ փոփոխելով դրա ալգորիթմը և նեյրոիմպլանտը դարձնելով այն ավելի զգայուն:

Ինչպես նշում է Reuters-ը, Neuralink-ն իմացել է խնդրի մասին մարդկանց վրա փորձարկումների մեկնարկից շատ առաջ։ Կենդանիների վրա փորձարկումները, որոնք ընկերությունն անցկացրել է անցյալ տարի, նախքան ԱՄՆ կարգավորիչների կողմից չիպը մարդկանց վրա փորձարկելու հաստատումն ստանալը, ցույց են տվել, որ նեյրոիմպլանտի լարերը կարող են տեղաշարժվել։ Այնուամենայնիվ, Neuralink-ը համարել է, որ դա մեծ վտանգ չի ներկայացնում և չի փոխել նեյրոիմպլանտի կառուցվածքը։

Reuters-ի զրուցակիցները նշել են, որ եթե Neuralink-ը շարունակի թեստավորումը՝ առանց սարքի դիզայնը փոխելու, խնդիրը կարող է նորից ի հայտ գալ և շատ ավելի էական դառնալ, եթե ավելի շատ լարեր տեղաշարժվեն և հնարավոր չլինի բարձրացնել իմպլանտի զգայունությունը։

Սարքի վերանախագծումն իր ռիսկերն ունի: Մասնավորապես, լարերի ամրացումը կարող է վնասել ուղեղի հյուսվածքը, եթե դրանք նորից տեղաշարժվեն կամ եթե ընկերությունը ստիպված լինի հեռացնել սարքը: Neuralink-ի նպատակն է ապահովել, որ էլեկտրոդները հեշտությամբ հեռացվեն, ինչը թույլ կտա իմպլանտը թարմացնել տեխնոլոգիայի բարելավմանը զուգահեռ։

Ի դեպ, ըստ Reuters-ի աղբյուրներից մեկի՝ խնդրի մասին տեղյակ է եղել նաև ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA), քանի որ Neuralink-ը կարգավորող մարմիններին տրամադրել է կենդանիների վրա փորձարկումների բոլոր արդյունքները։ Գործակալությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը՝ միայն նշելով, որ FDA-ը կվերահսկի Neuralink-ի ուսումնասիրություններին մասնակցողների անվտանգությունը։ 


 
 
 
 
  • Արխիվ