Պատմական թռիչք․ հայ աշակերտների նախագծած սարքն ուղարկվել է տիեզերք

18 նոյեմբերի, 2022  13:48

Հնդկաստանից Skyroot Aerospace կազմակերպության ենթածրային հրթիռով այսօր բաց տիեզերք է ուղարկվել հայկական «Այբ» դպրոցի աշակերտների նախագծած սարքը՝ (payload)։

«Այբ»-ի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի աշակերտների նախագծած 197 գրամանոց սարքը տեղադրվել է ենթաուղեծրային հրթիռում և բաց թողնվել տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն՝ հատել է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։

Սարքը տիեզերքում մնալու է 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ է հավաքելու հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։

Վերջին երկու չափումները կատարող տվիչները նախատեսվել և առաջարկվել են AYAS (Armenian Youth Aerospace Society) թիմի կողմից և ավելացվել են այդ թիմի հետ համագործակցության արդյունքում։ Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին ետ է ընկնելու։

Սարքը ինժեներական ակումբի 2021-2022 ուսումնական տարվա նախագծի արդյունքն է։ «Այբ» դպրոցի Ad Astra թիմի անդամներն են այժմ շրջանավարտներ Անդրե Վարդանյանը, Էլինա Մելքոնյանը, Հայկ Փիլիպոսյանը և 12-րդ դասարանցի Դավիթ Վանյանը, մենթորներն են ինժեներական ակումբի ղեկավարներ Վազգեն Գաբրիելյանը և «Այբ»-ի շրջանավարտ  Ռուբեն Քերոբյանը։

Ad Astra Team.jpg (131 KB)

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի Ad Astra թիմը դարձել էր 2022 թ. Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթի հաղթող։ «Այբ»-ի աշակերտների նախագծած սարքը տիեզերք է ուղարկվել որպես մրցույթի հաղթող։

Նախագծային ուսումնառությունը «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի առարկայացանկի տարբերակիչներից է, որը «Այբ» դպրոցում 2015 թ. ներդրված նորարարական կրթական մոդել է՝ հիմնված «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն կառուցում է ուսումնառությունը նախագծերի շուրջ: Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են համայնքային իրական խնդիրների լուծմանը։

Payload.jpg (96 KB)

 

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ