Alphabet-ն իր պատմության մեջ առաջին անգամ շահաբաժին կվճարի

26 ապրիլի, 2024  15:16

Google-ի մայր ընկերություն Alphabet-ն իր պատմության ընթացքում առաջին անգամ շահաբաժին կվճարի իր բաժնետերերին՝ մեկ բաժնետոմսի համար 0,20 դոլարի չափով։ Այս մասին հայտնի է դարձել ընկերության եռամսյակային հաշվետու համաժողովի ժամանակ։ Ընկերությունը հայտնել է, որ պատրաստվում է 70 միլիարդ դոլար ծախսել բաժնետոմսերը հետ գնելու համար: Այս լուրի ֆոնին բաժնետոմսերի գինն աճել է 11,4%-ով։

Այս տարվա մարտի վերջի դրությամբ Google-ի մայր կորպորացիան ունեցել է բարձր իրացվելիության 108 միլիարդ դոլարի ազատ ֆինանսական միջոցներ, և 70 միլիարդ դոլարի բաժնետոմսերի հետգնումը չպետք է էապես ազդի ինտերնետ հսկայի ֆինանսական վիճակի վրա:

Բաժնետոմսերի հետգնման մասին ընկերությունը հայտարարել էր անցած տարի և նախատեսված է միայն շահաբաժինների վճարում, որոնք կստանան հունիսի 10-ի դրությամբ Google-ի բաժնետոմսեր ունեցող բոլոր անձինք։ Օրինակ՝ Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը կստանա 146 միլիոն դոլարի շահաբաժին, իսկ նրա գործընկեր Լարի Փեյջը՝ 78 միլիոն դոլար:

Կորոնավիրուսին հաջորդած շրջանում ներդրողները ողջունել էին տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների որոշումը՝ նվազեցնելու իրենց աշխատուժը, որը շուկայի շատ մասնակիցների դեպքում ավելին էր, քան անհրաժեշտ էր: Ներդրողների համայնքն այժմ նույնպես ողջունում է բաժնետոմսերի հետգնումն ու շահաբաժինների վճարումը։ Փետրվարին Meta Platforms ընկերությունը ևս հայտարարել էր իր պատմության մեջ առաջին շահաբաժինները վճարելու մասին, որի բաժնետոմսերն այդ լուրի ֆոնին թանկացել էին ավելի քան 14%-ով։

Այդուհանդերձ, դեռ կան շատ ընկերություններ, որոնք ավելի պահպանողական քաղաքականություն են վարում ներդրողներին միջոցները վերադարձնելու հարցում։ Օրինակ՝ առցանց մանրածախ առևտրի հսկա Amazon-ը բաժնետոմսերի հետգնման ժամանակ յուրաքանչյուր անգամ ծախսել է ոչ ավելի, քան 10 միլիարդ դոլար, իսկ շահաբաժին առհասարակ երբեք չի վճարել։


 
 
 
 
  • Արխիվ