WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու

19 ապրիլի, 2024  10:20

Meta ընկերությունն սկսել է փորձարկել WhatsApp մեսենջերում արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող պատկերների գեներացման գործառույթը, որը դեռ հասանելի է միայն ԱՄՆ օգտատերերին։

Նոր գործառույթն աշխատում է իրական ժամանակում. երբ օգտատերն սկսում է նկար գեներացնելու հարցման մեջ մանրամասներ ավելացնել, նա անմիջապես տեսնում է, թե ինչպես է պատկերը փոխվում նշված մանրամասներին համապատասխան։

Meta-ի ներկայացրած օրինակում օգտատերը գրում է հարցում. «Պատկերացրու ֆուտբոլային խաղ Մարսի վրա» (Imagine a soccer game on mars): Գրված յուրաքանչյուր բառի հետ ԱԲ-ն նոր մանրամասներ է ավելացնում ստեղծված պատկերին․ սկզբում ցույց է տալիս սովորական ֆուտբոլիստների սովորական դաշտում, այնուհետև փոխում է լանդշաֆտը, որն արդեն հիշեցնում է Մարսը։

via GIPHY

WhatsApp-ի ԱԲ պատկերների գեներատորի բետա տարբերակին հասանելիություն ունեցող օգտատերերը կարող են իրենք էլ փորձել նոր հնարավորությունը։ Հարցումը պետք է կատարվի անգլերենով և պետք է սկսվի «Imagine» բառով։

Meta-ն նաև հայտարարել է, որ իր Llama 3 լեզվական մոդելը, որի վրա կառուցված է ԱԲ գեներատորը, ի վիճակի է արտադրել «ավելի հստակ, ավելի որակյալ» պատկերներ և ավելի լավ մատուցել տեքստը: Օգտատերերը կարող են նաև այս ԱԲ-ի միջոցով լուսանկարները վերածել անիմացիայի․ ԱԲ-ն ստատիկ պատկերից կարող է ստեղծել GIF պատկեր, որոնք օգտատերերը կարող են ուղարկել իրենց ընկերներին։

WhatsApp-ի բջջային հավելվածից բացի, ԱԲ-ով իրական ժամանակում պատկերների գեներացման գործառույթը հասանելի է դարձել նաև հավելվածի վեբ տարբերակի օգտատերերին, սակայն կրկին դեռ միայն ԱՄՆ-ից։


 
 
 
 
  • Արխիվ