Ճապոնիայում նախարարի ռոբոտ–կրկնօրինակն են ստեղծել․ ի՞նչ է կիբեռնետիկ ավատարը և ի՞նչ նպատակ ունի այն

17 նոյեմբերի, 2022  18:58

Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիաների գործակալությունը ստեղծել է երկրի վարչական և կառավարման բարեփոխումների նախարար Տարո Կանոյի ռոբոտային նմանակը, կամ, այսպես կոչված, կիբեռնետիկ ավատարը։

Ի՞նչ է կիբեռնետիկ ավատարը

Կիբեռնետիկ ավատարը հասկացություն է, որը ներառում է ոչ միայն հեռավար կառավարվող ավատարներ, որոնք իրենց գործողությունների համար կիրառում են ռոբոտներ և 3D պատկերներ, այլ նաև տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառմամբ մարդկանց ֆիզիկական և ճանաչողական կարողությունների ավելացում:

Կիբեռնետիկ ավատարը նպատակ ունի ազատ գործողությունների հնարավորություն ստեղծել 5.0 հասարակության կիբերֆիզիկական միջավայրում: Կիբեռնետիկ ավատարները կարող են ունենալ տարբեր գործառույթներ և ձևեր, որոնք նպատակ ունեն վերացնել մարմնի, ուղեղի, տարածության և ժամանակի բնական սահմանափակումները:

Ո՞րն է նպատակը

Ինչպես տեղեկացնում է EurekAlert կայքը, նորաստեղծ ավատարը ոչ թե պարզապես կոնկրետ մարդու ռոբոտային կրկնօրինակն է, այլ, ըստ էության, նրա լավագույն տարբերակը՝ թարմացված ֆիզիկական և մտավոր կարողություններով։ «Կլոնավորված» նախարարը հետազոտողներին կօգնի հասկանալ, թե ինչպես են մարդիկ ընկալում նման կրկօրինակները, և արդյոք վերջիններս կարող են իրապես փոխարինել մարդուն։

Նախարարը կարող է հեռակա կարգով կառավարել իր կրկնօրինակին։ Այսինքն՝ կիբեռնետիկ ավատարների կիրառումը մարդկանց թույլ կտա մասնակցել հասարակական գործունեության՝ առանց տվյալ վայրում ֆիզիկապես ներկա գտնվելու։

Գիտկանականները համոզված են, որ կիբեռնետիկ ավատարը կբարձրացնի բիզնես գործունեության արդյունավետությունը։ Դա էլ ավելի կբարձրանա, եթե մեկ մարդը կառավարի մեկից ավելի կիբեռնետիկ ավատարներ, որոնք տպավորություն կստեղծեն, որ տվյալ մարդը այնտեղ է, որտեղ պետք է լինի՝ թույլ տալով այս կամ այն աշխատանքն իրականացնել հեռակա կարգով։

Հնարավոր խնդիրներ

Սակայն այստեղ առաջանում են հարցեր, որոնք, ըստ ճապոնացի գիտնականների լուծման կարիք կունենան։ Բանն այն է, որ մարդուն շատ նման կիբեռնետիկ ավատարը կարող է նույնացվել տվյալ անհատի հետ, նույնիսկ երբ այն ղեկավարվում է այլ անձի կամ արհեստական բանականության կողմից:

Ստացվում է, որ սոցիալական գործունեության շրջանակում կիբեռնետիկ ավատարների կիրառման համար պետք է հաշվի առնել դրանց «ինքնության» հետ կապված խնդիրները, այսինքն՝ ընդունելի՞ է արդյոք, որ կիբեռնետիկ ավատարի գործողությունները կարող են ընկալվել որպես տվյալ մարդու արարքներ:

Թեստավորման փուլ

Ճապոնացի նախարարի կիբեռնետիկ ավատարը դեռ պետք է թեստավորում անցնի մինչև տարեվերջ: Թեստի շրջանակում ավատարը հանդիպումներ է ունենալու մարդկանց հետ, ելույթներ է ունենալու, իսկ գիտնականները փորձելու են պարզել, թե արդյոք մարդիկ ավատարին նույն կերպ են ընկալում, ինչպես նախարարին։

Թեստի շրջանակում նաև հարցումներ կանցկացվեն այն մասին, թե արդյոք մարդկանց համար ընդունելի է կիբեռնետիկ ավատարի գործողությունները նախարարի գործողությունների հետ նույնացնելը։ Սա, ըստ գիտնականների, կօգնի որոշել կիբեռնետիկ ավատարների նոր հասարակության համար սոցիալական նորմերը։

Նախագիծն իրականացվում է Moonshot հետազոտությունների և զարգացման ծրագրի շրջանակում, որի նպատակն է մինչև 2050 թ․ ունենալ հասարակություն, որում մարդիկ կարող են ազատվել մարմնի, ուղեղի, տարածության և ժամանակի սահմանափակումներից իրենց գործունեության ընթացքում:


 
 
 
 
  • Արխիվ