ChatGPT-ն՝ մարդանման ռոբոտում․ OpenAI-ի և Figure-ի ռոբոտը կարող է լիարժեք շփվել մարդկանց հետ

14 մարտի, 2024  12:06

Ամերիկյան Figure ստարտափը OpenAI ընկերության հետ միասին ստեղծել է Figure 01 ռոբոտը, որը կարող է իրական ժամանակում խոսել մարդու հետ և կատարել նրա հրամանները։

Ընկերությունների հրապարակած տեսանյութն իսկապես տպավորիչ է։ Մարդու հարցին ի պատասխան՝ ռոբոտը հստակ և ճշգրիտ նկարագրում է այն, ինչ տեսնում է իր դիմացի սեղանի վրա, և միևնույն ժամանակ նկարագրում է զրուցակցին և նույնիսկ նրա կեցվածքը։ Իսկ երբ մարդը խնդրում է իրեն ուտելի ինչ-որ բան տալ, ռոբոտը նրան է տալիս սեղանին դրված խնձորը, որից հետո մարդը աղբ է թափում սեղանին ռոբոտի դիմաց և խնդրում հեռացնել այն՝ միաժամանակ բացատրելով, թե ինչու ռոբոտն իրեն տվեց խնձորը։ Եվ ռոբոտը լավ է կատարում ինչպես այս, այնպես էլ հաջորդ առաջադրանքը։

Գործարար Բրեթ Էդքոքի հիմնադրած Figure ստարտափը գրավել է ռոբոտաշինության և արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների շուկայի խոշոր խաղացողների ուշադրությունը, այդ թվում՝ Boston Dynamics, Tesla Google DeepMind, Archer Aviation և այլ ընկերությունների։ Ստարտափի նպատակն է «ստեղծել աշխարհում առաջին կոմերցիոն տեսակետից հասանելի ընդհանուր նշանակության մարդանման ռոբոտը», և նրանք շատ վստահ քայլերով գնում են դեպի այդ նպատակը։

Անցյալ տարվա հոկտեմբերին Figure 01-ը ցույց է տվել իր կարողությունները՝ կատարելով բազային ինքնավար առաջադրանքներ, և մինչև տարեվերջ ռոբոտն սկսեց սովորել տարբեր առաջադրանքներ կատարել: Արդեն 2024-ի հունվարին Figure-ը ստորագրեց առաջին առևտրային պայմանագիրը Figure 01-ը BMW-ի՝ Հյուսիսային Կարոլինայում գտնվող ավտոմոբիլային գործարանում կիրառելու համար: Մեկ ամիս անց ստարտափը ցուցադրեց մի տեսագրություն, որտեղ պատկերված է Figure 01-ը, որն աշխատում է պահեստում:

Կարճ ժամանակ անց ստարտափը հայտարարեց ռոբոտի երկրորդ սերնդի մշակման և OpenAI-ի հետ համագործակցության մասին «մարդանման ռոբոտների համար արհեստական ​​բանականության նոր սերնդի մոդելներ մշակելու համար»: Նրանց համագործակցության առաջին արդյունքներին կարելի է ծանոթանալ այսօր։ Էդքոքը պնդում է, որ ցուցադրության ժամանակ ռոբոտը հեռավար չի կառավարվել, իսկ տեսանյութը ցուցադրվել է իրական ռեժիմի արագությամբ։

Այն, որ արհեստական բանականությունը կարող է ազատ խոսել մարդկանց հետ, այլևս զարմանալի չէ: Արդեն կարելի է շփվել նույն ChatGPT չատբոտի հետ ձայնային հրամանների միջոցով: Բայց ինչպե՞ս է նոր ռոբոտը հասկանում, թե ինչ է տեսնում իր շուրջը:

Էդքոքն X-ի (նախկին Twitter) իր էջում գրել է, որ Figure 01-ում ներկառուցված տեսախցիկները ծառայում են որպես աչքեր և տվյալներ են փոխանցում արհեստական բանականությամբ գործող տեսողական-լեզվական մեծ մոդելին, որը վերապատրաստվել է OpenAI-ի կողմից: Նրա խոսքով՝ OpenAI ալգորիթմները պատասխանատու են նաև ռոբոտի՝ մարդկային խոսքը հասկանալու ունակության համար, և Figure նեյրոցանցը ստացված տեղեկության հոսքը փոխակերպում է «ռոբոտի արագ, ցածր մակարդակի և ճարպիկ գործողությունների»:


 
 
 
 
  • Արխիվ